Նյու Յորք քաղաքը տարածքի լուրջ խնդիրներ ունի, սակայն դրա բնակիչները հայտնի են իրենց նորամուծություններով: Մեծ Խնձորում վերջերս տարածում է գտել շենքերի տանիքում գյուղատնտեսությամբ զբաղվելը: Չնայած որ սա առավել բնապահպանական, քան ֆինանսական պատճառներ ունի, որոշ ընկերություններ հուսով են այն դարձնել եկամտաբեր բիզնես մոդել: Դա կարող է էժան այլընտրանք լինել խանութից գնված արտադրանքին, հատկապես` ցածր եկամուտ ունեցող թաղամասերում, որտեղ թարմ բանջարեղենը թանկ է և սակավ:
«Տանիքային գյուղատնտեսությունը» թույլ է տալիս Էմբըր Կուսմենկոյին և իր ընկրոջը` Լուիսին դրսևորել իրենց սերը Նյու Յորքի և գյուղատնտեսության նկատմամբ: Կայուն զարգացում հետապնդող այսփորձը վերածվեց տանիքային օազիսների` լոլիկի, վարունգի, ստեպղինի և այլ բույսերի աճեցմամբ:
Գրքեր կարդալով և խորհրդակցելով այգեգործների հետ`այս զույգը սովորեց հողը նախապատրաստել, բույսեր ցանել, օգտագործել անձրևաջուրը և քաղաքային ջերմությունը:
«Երբևէ ֆերմա ունենալու մասին երկար խոսելու փոխարեն մենք որոշեցինք հիմա սկսել աճեցնել և հմտանալ: Եթե սխալներ թույլ տանք, ապա մթերք կարող ենք գնել փողոցում առկա խանութներից»,- ասում է Լուիսը: «Երկրագնդում շատ մարդ կա. ամենքը չեն կարող 100 հեկտար հող ունենալ: Կարծում եմ` հնարավոր է քաղաքներում կայուն զարգացում եւ բուսականություն ապահովել, ինչպես նաև` աճեցնել սեփական բերքը»:
Հրաշալի օրինակ է Ռոբերտայի ռեստորանը: Իրենց ավտոկանգառը գեղեցկացնելու նպատակով նրանք գնել են գնացքի երկու վագոն և դրանց վերևում տարբեր բանջարեղեններ աճեցրել` ավտոկանգառը վերածելով այգու:
«Մենք ճաշացուցակում լրացումներ ենք կատարել: Մարդկանց դուր է գալիս, երբ ասում ենք, որ աղցանի բանջարեղենն աճեցվել է այն այգում»,- պատմում է այգու կառավարիչ Շանցը:
Ներկայումս Շանցի այգին ամբողջությամբ չի ապահովում ռեստորանի մթերքը, և նրանք ցանկանում են ձեռք բերել ավելի ընդարձակ տանիքային այգիներ:
Բրայթ Ֆարմ ընկերությունը տանիքային ֆերմաներ է առաջարկում դպրոցներին, շահույթ չհետապնդող կազմակերպություններին և կորպորացիաներին:
Ընկերության տնօրենի` Բենջըմին Լինսլիի խոսքերով` տանիքային ֆերմաները կարող են էժան մթերք տրամադրել: Ներկայումս շատ մրգեր և բանջարեղեն բերում են հեռավոր վայրերից:
«Տրանսպորտը խնդիր է: Դա խնդիր է շրջակա միջավայրի համար, ֆերմերի համար, նաև սպառողի համար, քանի որ հաճախ մթերքը սկսում է փչանալ ճանահարհին, և մինչև քաղաք կհասնի, այն արդեն հասցնում է փչանալ»:
Ընկերությունը քաղաքում տնօրինում է չորսից ավելի տանիքային ֆերմաներ, որոնք նախատեսում է շահագործել հաջորդ տարվա սկզբին: