Մեկ հետկարը գերազանցող հողակտորի վրա Քրեգ Սենովիչ 1300-ից ավելին խնձորի ծառ ունի տնկած: Դրանք մոտ 3-մետրանոց գաճաճային ծառեր են: Նրա խոսքերով` այդպես հնարավոր է ավելի շատ ծառ տնկել և փոքր հողատարածքից ավելի շատ բերք ստանալ:
Այդ հողամասում մասնագիտությամբ ինժեներ Սենովիչը ոռոգման, եղանակի կանխատեսման և սենսորային համակարգեր է տեղադրել, որոնք կցված են իր համակարգչին և ծառերի կենսունակության համար կարևոր տվյալներ են տալիս: Սենովիչն այգեգործությունը` բոլոր իր կրկնվող և ժամանակատար խնդիրներով, համատեղում է առօրյա աշխատանքի հետ:
“Լավ կլիներ որևէ մեքենայացված համակարգ լիներ խոտը հնձելու համար: Ժամեր եմ ծախսում, որ այստեղ հասնեմ` խոտը հնձելու”, ասում է նա:
Այդ նկատառումով էլ Սենովիչը մեծ պատրաստակամությամբ համագործակցում է Քարնեգի Մելոն համալսարանի գիտնականների հետ, ովքեր ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության ֆինանսավորմամբ կիրառական ռոբոտիկայի փորձարկումներ են անում կենցաղում:
Ծրագրի ղեկավար Սանջիվ Սինքխի կարծիքով` խոտ հնձելը դժվար առաջադրանք չէ: “Մենք կարող ենք շարժվող կցորդ ամրացնել այս մեքենային, որը շարժվելիս խոտը կհնձի”, ասում է նա:
Այդ էլեկտրոնային մեքենան ինքնուրույն է շարժվում` ղեկավարվելով առաջնամասում տեղադրված, վայրկյանում 13000 չափագրում անող լազերային սարքերի տվյալներով:
Ստացված տվյալների հիման վրա` համակարգող սարքը թելադրում է ուղղությունն ու արագությունը: Որոշ ժամանակ անց այս սարքերը տեղեկություններ կհաղորդեն նաև բերքի վիճակի, ջրի կամ պարարտանյութի անհրաժեշտության մասին:
Սանջիվ Սինքխ մանրամասնում է, որ եթե ոռոգման հետ կապված խնդիրներ ծագեն, միջատների գրոհ լինի կամ ծառերն ախտահարվեն որևէ վարակով, ֆերմերը, ուսումնասիրելով տվյալների քարտեզը, կհասկանա, որ խնդիր է առաջ եկել, որը պետք է լուծել:
ԱՄՆ-ի գյուղնախարարության ֆինանսավորած մեկ այլ ծրագրի շրջանակներում` Ֆլորիդայի նարնջի այգիներից մեկում փորձարկվում է առանց վարորդի տրակտորների մի ցանց, որոնց գործողությունները համակարգչի միջոցով մարդ է ղեկավարում:
Քարնեգի Մելոն համալսարանից գիտնական Քրիս Դիմայի խոսքերով` տրակտորներն ամբողջովին ինքնավար են, և մարդու միջամտության կարիք առաջանում է, միայն եթե խնդիր է ծագում:
Նրա կարծիքով` նպատակը ոչ թե միանգամայն ինքնավար համակարգ ստեղծելն է, այլ` մատչելի գնով տեխնոլոգիաների ինտեգրումը ֆերմերի առօրյայում: “Հաջողության դեպքում` մեծ աշխատանք պետք է տարվի այս համակարգի արժեքը նվազեցնելու և այն կենսունակ դարձնելու, ինչպես նաև` որպես ապրանք խթանելու ուղղությամբ”, ասում է նա:
Մինչդեռ Քրեգ Սենովիչն իր հողամասում հետևում է, թե ինչպես է մեքենան ինքն իրեն շարժվում ծառերի շարքերով, և հույս է հայտնում, որ փորձարկումները ֆերմերներին տեխնոլոգիապես հագեցած և գումար տնտեսող լուծումներ կառաջարկեն: