Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, որ զինադադարի պայմանագրի համաձայն Ռուսաստանը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Վրաստանից


ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ասել է, որ ռուսական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն Վրաստանից` Ֆրանսիայի կողմից միջնորդավորված զինադադարի պայմանագրի պայմանների համաձայն: Ռայսը Վրաստանի նախագահի հետ հանդիպել է ուրբաթ օրը Թբիլիսիում: Նա վերահաստատել է, որ ԱՄՆ-ը սատարում է Վրաստանի երիտասարդ ժողովրդավարությանը, և Ռուսաստանին հորդորել է հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Ռուսական զորամիավորների դուրսբերման որևէ նշան չի արձանագրվել նույնիսկ միջազգային այն կոչերի խստացումից հետո, որ վերջ դրվի Ռուսաստանի կողմից գրավմանը:

Ուրբաթ օրը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հաստատել է, որ Վրաստանի նախագահը ստորագրել է զինադադարի պայմանագիրը: Միևնույն ժամանակ նա մեղադրել է Ռուսաստանի կառավարությանը իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: "Ռուսաստանի հարձակումը Վրաստանի վրա հղի էր լուրջ հետևանքներով, և այն լուրջ հետևանքներ կունենա Ռուսաստանի` իր հարևանների և ընդհանուր առմամբ աշխարհի հետ հարաբերությունների վրա: Սակայն մեր ամենաառաջնային խնդիրն է Ռուսաստանի զինված ուժերի անհապաղ և կանոնակարգված դուրսբերումը և դրանց վերադարձը Ռուսաստան":

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ համաձայնություն է տվել զինադադարի պայմանագրին` այն միջնորդող Ֆրանսիայի կողմից պարզաբանումներ ստանալուց հետո: Նախագահ Սաահակաշվիլին պնդել է, որ պայմանագիրը պարզապես ժամանակավոր լուծում է: "Ես պետք է նշեմ, որ սա զինադադարի պայմանագիր է, այլ ոչ` վերջնական հաշտություն: Ներկայում մենք գտնվում են ռուսական ներխուժման և ռուսական գրավման ներքո":

Նախագահ Սաակաշվիլին այս մասին արտահայտվել էր ընդամենը մի քանի ժամ նախքան ԱՄՆ-ի նախագահ Բուշը Սպիտակ տան առջև ելույթ ունենալիս Ռուսաստանին կմեղադրեր Վրաստանի դեմ "չարագործելու" մեջ: "Վերջին օրերի իր գործողություններով Ռուսաստանն իրեն վարկաբեկել է և վնաս է հասցրել ազատ աշխարհի պետությունների հետ իր հարաբերություններին: Չարագործումը և ահաբեկումը 21-րդ դարում արտաքին քաղաքականություն վարելու ընդունելի միջոցներ չեն," ասել է Ջորջ Բուշը:

Զինադադարի պայմանագրի համաձայն` Վրաստանն ու Ռուսաստանը պետք է վերադառնան նախքան հակամարտության բռնկումը զբաղեցրած դիրքերին:

ԱՄՆ-ը կոչ է արել, որպեսզի զինադադարի իրականացմանը հետևեն միջազգային դիտորդները: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ դեմ չէ այդ գաղափարին` միևնույն ժամանակ ավելացնելով, որ Վրաստանից անջատված` չճանաչված Աբխազիայի և Օսիայի բնակչությունը երբեք չի ընդունի Վրաստանի մաս դառնալու տարբերակը: "Խնդրի հիմքում օսերն ու աբխազներն են, քանի որ նրանք բացի ռուսներից որևէ այլ քաղաղապահ ուժի չեն վստանում," ասել է նա:

Նախագահ Սաակաշվիլին մեղադրել է Ռուսաստանին թերևս ամիսներ առաջ ռազմական այս ներխուժումը պլանավորելու մեջ և ասել է, որ իր երկիրը երբեք չի ընկճվի: "Մենք երբեք չենք հանձնվի, երբեք չենք հրաժարվի մեր ազատությունից և անկախությունից: Մենք երբեք չենք հանձնի մեր տարածքի և ոչ մի կտոր, և Վրաստանի բոլոր մասերը, բոլոր էթնիկ խմբերը և բոլոր համայնքներն ազատություն կվայելեն":

Ռազմական գործողությունները բռնկվել էին անցյալ ուրբաթ օրը, երբ ռուսական զորքերը դուրս են մղել Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողական տարածքի հսկողությունը ստանձնելու փորձ կատարած վրացական զորքերին:

XS
SM
MD
LG