Մատչելի հղումներ

Վերջին 14 տարիներից 12-ի ընթացքում Կոնգրեսում մեծամասնություն կազմած և վերջին ութ տարիների ընթացքում նախագահությունն ստանձնած հանրապետականները հարմարվում են ընդդիմության դերի հետ


Նորընտիր նախագահ Բարաք Օբամայի հունվարի 20-ի պաշտոնամուտից հետո Դեմոկրատական կուսակցությունը կստանձնի ինչպես երկրի նախագահությունը, այնպես էլ Սենատի և Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը: Իսկ Հանրապետական կուսակցությունը պետք է հարմարվի հավատարիմ ընդդիմության նոր դերի հետ` հավասարակշռություն գտնելով կառավարությանը աջակցելու և վարչակազմի քաղաքականությանը ընդդիմանալու հարցում:

Սենատոր Բարաք Օբամայի նախագահ Օբամա դառնալուն պես Դեմոկրատական կուսակցությունը կստանձնի ինչպես նախագահության, այնպես էլ Կոնգրեսի ղեկը: Հանրապետականներին կտրվի փոքրամասնության կուսակցության կարգավիճակ: Սակայն այս պարտությունն ինչ-որ տեղ թեթևացում է, քանի որ կուսակցությունն այլևս ներկայացված չի լինի ժողովրդայնություն չվայելող նախագահի կողմից և պատասխանատու չի լինի անցանկալի պատերազմի ու տնտեսական ճգնաժամի համար: Սակայն, եթե կուսակցությունը ցանկանում է վերականգնել իշխանությունը, քաղաքական վերլուծաբան Ջոն Ֆորթիեյի կարծիքով, հանրապետականները պետք է նախ սկսեն նորընտիր նախագահին սատարելուց. "Հաշվի առնելով Բարաք Օբամայի մեծ հաղթանակը` ակնհայտ է, որ նրա վարչակարգն սկզբնական շրջանում լավ կընդունվի ամերիկյան ժողովրդի կողմից: Կարևոր է, որ հանրապետականները որպես խոչընդոտ չընկալվեն այդ ընթացքում”:

Մինչդեռ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեից Ալեքս Քոնանթն ասում է, որ կուսակցությունը պատրաստվում է դրական դեր խաղալ կառավարությունում. "Մենք հավատարիմ, բայց միևնույն ժամանակ, հուսով եմ, կառուցողական ընդդիմության դեր ենք ստանձնելու: Մենք լավ գաղափարներ ունենք` ինչ ուղի պետք է պետությունը բռնի”:

Քոնանթն ասում է, որ արտաքին քաղաքականության հարցում խիստ տարաձայնություններ այժմ չկան: Նորընտիր նախագահը դա հաստատել է` վերանշանակելով ներկայիս պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին: Բուշի վարչակարգն արդեն համաձայնություն է ձեռք բերել Իրաքից զորքի դուրսբերման ժամանակացույցի շուրջ: Մումբայիի և Պակիստանի վերջին ահաբեկչությունները, ինչպես նաև Թալիբանի ակտիվացումն ամրապնդել են Բարաք Օբամայի տեսակետն առ այն, որ ԱՄՆ-ի զինված ուժերի ուշադրությունը պետք է սևեռվի այդ տարածաշրջանի վրա:

Այդուհանդերձ, Քոնանը կարծում է, որ երկու կուսակցությունների միջև հավանաբար տարաձայնություններ կլինեն տնտեսական հարցերի շուրջ` հաշվի առնելով հանրապետականների առավել պահպանողական դիրքորոշումը. "Նախագահ Օբաման խոսել է կառավարության ծախսերի և հարկերի բարձրացման մասին: Մենք իհարկե դեմ կլինենք հարկերի բարձրացման ցանկացած ծրագրի: Եվ մենք ցանկանում ենք սահմանափակել պետության ծախսերը: Մեր կարծիքով, բյուջեի ճեղքվածքն արդեն իսկ հսկայական է: Կարծում ենք, ահա այս խնդրի շուրջ է, որ երկու կուսակցությունները մեծ տարաձայնություն են ունենալու”:

Սակայն Նյուզվիք ամսագրի թղթակից Ռիչարդ Վուլֆի կարծիքով, տնտեսական ճգնաժամի արդյունքում շատ հանրապետականներ ստիպված են հրաժարվել իրենց սկզբունքներից. "Սովորական պայմաններում հանրապետականները դեմ կլինեին պետական աջակցության ցանկացած ծրագրի, քանի որ դրանք շուկայական հարաբերություններում միջամտություն են ենթադրում: Չնայած, որ դրանց արյդունավետությունը մինշանակ չէ, ոչ մեկ չի ուզում պատասխանատվություն կրել Ամերիկյան ավտոարդյունաբերության հիմնովին փլուզման համար”:

Հանրապետականների երկարաժամկետ դիրքորոշման առումով, Ջոն Ֆորթիեյի կարծիքով, կուսակցությունը պետք է անդրադառնա ներքին տարաձայնություններին, ինչպես օրինակ` իմիգրացիան և միասեռական ամուսնությունը: Ի դեմս Լուիզիանայի Կոնգրեսում վերջերս ընտրված վիետնամացի էմիգրանտ Անհ Ջոզեֆ Կաոյի և նույն նահանգի նահանգապետ Բոբի Ջինդալի` հանրապետականները պայծառ օրինակներ կունենան անդրադառնալու Ամերիկայի ընդլայնվող բազմազանությանը:

Նորընտիր նախագահի պաշտոնամուտին պատրաստվելու հետ մեկտեղ հանրապետականներն ադրեն մտածում են հաջորդ ընտրությունների շուրջ:

XS
SM
MD
LG