Խորացող համաշխարհային ճգնաժամի արդյունքում աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող երկրի գործարանների արտադրանքը զգալի նվազել է` արձանագրելով վերջին երեսուն տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշը:
Առաջարկի կառավարման հաստատության /Institute for Supply Management/ ուրբաթ օրը հրապարակած զեկույցի համաձայն` Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտադրանքի ծավալը հասել է 1980թ. ցուցանիշներին, մինչդեռ գները 1949թ. հետո ամենացածր մակարդակին են հասել:
Վերջերս հրապարակված մի շարք զեկույցների համաձայն` արտադրանքի և գների նվազեցման միտումներ նկատվում են նաև Չինաստանի և Հնդկաստանի նման զարգացող տնտեսություններում:
Գնումների պատասխանատուների ցուցանիշի համաձայն` Չինաստանը, որտեղ արտադրության ծավալները վերջին հինգ ամիսների ընթացքում շարունակաբար նվազում են, “տեխնիկական ճգնաժամի” շեմին է գտնվում:
Ասիայի երրորդ ամենախոշոր տնտեսությունն ունեցող Հնդկաստանի գործարաններից շատերն ստիպված են աշխատողներին հարկադիր պարապուրդի ուղարկել: Տնտեսությունը խթանելու նպատակով` ուրբաթ օրը Հնդկաստանի կենտրոնական բանկը նվազեցրել է փոխառությունների տոկոսադրույքները:
Արտադրանքի ծավալների անկում է արձանագրվել նաև Եվրոպայում: Վերջին տվյալների համաձայն` եվրո արտարժույթն օգտագործող երկրներում գրանցվել են վերջին տասնամյակի կտրվածքով ամենացածր ցուցանիշները:
Մինչդեռ նավթի գինը շարունակում է բարձրանալ` ուրբաթ օրվա կեսին Նյու Յորքի բորսայում հասնելով 46 դոլարի մեկ բարելի դիմաց:
Որոշ տնտեսագետների կարծիքով, վերջին զարգացումների արդյունքում, հնարավոր է, էլ ավելի իջեցվեն փոխառությունների տոկոսադրույքները Եվրոպայում, որտեղ տարածաշրջանային տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող պետություններում` Գերմանիայում և Ֆրանսիայում, արտադրության մակարդակի կտրուկ անկում է արձանագրվել:Համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում մեծ կորուստներ կրած Բելառուսի տնտեսությունն առավել մրցունակ դարձնելու նպատակով`երկրի ղեկավարությունը թույլ է տվել, որպեսզի բելառուսական ռուբլու արժեքն իջեցվի 20 տոկոսով: Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամը Բելառուսին կտրամադրի մոտ 2.5 միլիարդ դոլարին համարժեք փոխառություն:
Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկան նույնպես մեծ կորուստներ է կրում: 2008թ. ընթացքում տների արժեքի ամենաարագ անկումն է արձանագրվել վերջին քսանհինգ տարվա կտրվածքով:
Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ իր կառավարությունը գործում է արտակարգ դրության պայմաններում: Մինչդեռ Սինգապուրի տնտեսությունը, կանխատեսումների համաձայն, կարող է շուրջ երկու տոկոսով կրճատվել:
Պաշտոնավարությունն ավարտող ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Փոուլսոնը Ֆայնենշըլ Թայմս օրաթերթին ուրբաթ օրը տված հարցազրույցում հայտնել է, որ ներկայիս ֆինանսական ճգնաժամի սկզբնապատճառը համաշխարհային տնտեսական անհավասարակշռությունը և զարգացող շուկաների ազդեցությունը հավուր պատշաճի չգնահատելու բացթողումն է: