1995թ. պարուսույց Ռոբին Անթինը հիմնեց Փուսիքեթ Դոլզ համույթը: 2003թ. խումբն իր ելույթների ժամանակ սկսեց նաև երգեր ներկայացնել: Երկու տարի անց նրանք բաց թողեցին իրենց առաջին ձայնասկավառակը: Նրանց ալբոմն առաջադրվեց Գրեմի մրցանակի և հինգերորդ տեղը զբաղեցրեց Բիլբորդ ամսագրի ցուցակներում: 2008թ. սեպտեմբերին խումբը բաց թողեց երկրորդ` “Տիկնիկների գերիշխանությունը” անվանումը կրող սկավառակը: Այժմ խումբը անընդհատ շրջագայությունների մեջ է գտնվում:
Այս տարի Փուսիքեթ Դոլզում աննախադեպ երևույթ տեղի ունեցավ: Խմբի անդամներից մեկի` Նիքոուլի հիվանդության պատճառով նրանք ստիպված էին հրաժարվել Նյու Յորքում կայանալի համերգից: “Չափազանց ցավոտ էր և տխուր, երբ գիտակցեցի, որ խոցելի եմ և գերբնական կարողություններ չունեմ…մինչ այդ ես դա չէի գիտակցում”, ասում է Նիքոուլը:
Փուսիքեթ Դոլզ համույթի յուրահատկությունը պայմանավորված է երգի և պարի հաջող համադրությամբ:
Նիքոուլի խոսքերով. “Դա է մեր յուրահատկությունը: Կարծում եմ` դա նրանից է, որ մենք ոչ միայն երգող համույթ ենք, այլև` խումբ, որը միաժամանակ մասնագիտանում է երգի և պարի մեջ և ես կոչ եմ անում բոլորին փորձել դա. պարզապես քայլել և երգել` երգել պարելու ժամանակ”:
Իրենց վերջին երաժշտական տեսահոլովակում Փուսիքեթ Դոլզ խբմի անդամներն իրենց շարժումները համադրել էին օսկարակիր “Միլիոնատերը ետնախորշերից” ֆիլմի երգի իրենց տարբերակի հետ:
“Մենք այն Ավստրիայում ենք նկարահանել: Դա մեր եվրոպական շրջագայության ժամանակ էր, երբ մի օր հանգիստ ունեինք, իսկ դրսում մինուս տասնյոթ աստիճան էր…ձնաբուք էր դրսում: Եվ դա կարծես “Միլիոնատերը ետնախորշերից” ֆիլմի վերջին հատվածի շարունակությունը լինի, երբ նրանք պարում են կայարանում: Հետո անմիջապես սկսվում է երգի մեր տարբերակը”, պատմում է Նիքոուլը:
Նա ժխտել է այն ասեկոսեները, որ լքելու է խումբը այս տարվա վերջին` իր անհատական սկավառակը թողարկելուց հետո:
“ ‘Նրա անունն է Նիքոուլ’ սկավառակն ինքս էլ չգիտեմ` երբ կթողարկվի: Չեմ ուզում կոնկրետ ամսաթիվ ասել: Երաժշտության մեջ ես միշտ կատարելության եմ ձգտում: Գուցե սկավառկս այս տարի թողարկվի: Ես չեմ ուզում կոնկրետ ժամկետ նշել, բայց հավատում եմ, որ թողարկման ժամանակը մեծ նշանակություն ունի: Ամեն օր չէ, որ անհատական սկավառակ ես թողարկում”, պարզաբանել է նա:
Իսկ այժմ Փուսիքեթ Դոլզ համույթը շարունակում է շրջագայությունը Եվրոպայի և Ասիայի երկրներով: