Մատչելի հղումներ

Նոր պատվաստամիջոցը կարող է պաշտպանել բոլոր տեսակի գրիպերից, այդ թվում և` թռչնագրիպից


ԱՄՆ-ի գիտնականներն ասում են, որ հայտնաբերել են այնպիսի հակամարմիններ, որոնք թույլ կտան մշակել գրիպի և թռչնագրիպի դեմ նոր դեղամիջոցներ: Նոր պատվաստամիջոցն ի վերջո թույլ կտա ցմահ իմունետ ձեռք բերել գրիպի բոլոր տեսակների դեմ:

Տարվա այս ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրիպը լայն տարածում է գտնում: Հետևաբար առողջապահության բնագավառի պաշտոնյաներն ամերիկացիներին կրկին կոչ են անում ստանալ գրիպի դեմ տարեկան պատվաստումը:

Աշխարհում գրիպի համաճարակները ցիկլային զարգացում են ապրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` յուրաքանչյուր տարի երեքից հինգ միլիոն մարդ վարակվում է գրիպով, ընդ որում տարեկան երկու հարյուրից հինգ հարյուր մարդ մահանում է գրիպի վարակից: Հաճախ առավել խոցելի են մանուկներն ու ամենատարեց մարդիկ:

Ամեն տարի գիտնականներն արտադրում են այնպիսի պատվաստամիջոց, որն ուղղված է այդ պահի դրությամբ շրջանառող վիրուսի տեսակի ոչնչացմանը:

Սակայն, ի հեճուկս գիտական ամենաճշգրիտ հաշվարկների, գրիպի որոշ հարուցիչներ, մուտացիայի ենթարկվելով, նորից տարածվում են:Բոստոնի Դեյնա Ֆարբեր Քաղցկեղի ինստիտուտի և Քալիֆորնիայի Բըրնհեմ ինստիտուտի գիտնականների խումբը հայտնաբերել է մարդու արյունից անջատված այնպիսի հակամարմիններ, որոնք, նրանց խոսքերով, կոչնչացնեն վիրուսի վերարտադրվելու ունակությունը:

Հետազոտությունը գլխավորում է Դեյնա Ֆարբեր ինստիտուտի գիտաշխատող դոկտոր Ուեյն Մարասկոն: Նրա խոսքերով` սա հետազոտության առաջին քայլն է, որը հնարավորություն կտա հայտնաբերված հակամարմիններից ստանալ այնպիսի դեղամիջոցներ, որոնք կօգտագործվեն մարդկանց մոտ գրիպի դեմ պայքարելու և այն բուժելու համար:

Ուեյն Մարասկոն նշել է, որ նախքան մարդկանց շրջանում կլինիկական փորձարկումներ սկսելն անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, ինչի համար առնվազն երեք տարի կարող է պահանջվել:

XS
SM
MD
LG