Իրանի միջուկային ծրագիրը խստացող ճնշումների առարկա է դարձել: Արևմուտքը նոր առաջարկներ է ներկայացրել Իրանին` ուրանի հարստացման ծրագիրը կասեցնելու պահանջով: Միևնույն ժամանակ, Եվրոպական Միությունը տնտեսական նոր պատժամիջոցներ է սահմանել:
Բուշի վարչակարգը շարունակում է պնդել, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը հնարավոր է դիվանագիտական ճանապարհով լուծել: Սակայն ռազմական գործողությունների սպառնալիքը` թեև ոչ բացահայտորեն արտահայտված, երբեմն առավել ակնհայտ է դառնում, քան դիվանագիտական ջանքերը: Իրանի վրա հարձակման վերաբերյալ քննարկումները, որոնք հաճախ են ի հայտ եկել վերջին ամիսների ընթացքում, կրկին ջրի երես են դուրս եկել:
Վերջին շրջանում Իսրայելի օդուժի կողմից իրականացվող ռազմական նախավարժանքների վերաբերյալ գաղտնի մանրամասներ են տրամադրվել ամերիկյան և բրիտանական թերթերին, որտեղ ինքնությունը թաքցնող ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներից մեջբերումներ էին արված առ այն, որ ռազմավարժությունները կարծես Իրանի միջուկային հաստատությունների վրա օդային հարձակումների գլխավոր փորձն են եղել:
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Իսրայելի ռազմական նախավարժանքները նպատակ էին հետապնդում ճնշում գործադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հանդեպ` Իրանի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու առումով:
Կոնգրեսի հետազոտությունների անկուսակցական ծառայության Իրանի գծով վերլուծաբան Քեն Կաթսմանն ասել է, որ Իսրայելը հետզհետե առավել անհամբերություն է ցուցաբերում Իրանի միջուկային խնդրի լուծման ձախողման կապակցությամբ: “Այժմ, ակնհայտ է, որ օրեցօր Իսրայելն առավել լուրջ է տրամադրվում, ինչը պետք է հաշվի առնել: Կարծում եմ, որ Իսրայելը փորձում է հասկացնել, որ քայլեր պետք է ձեռնարկվեն, այլապես Իսրայելը շատ շուտով համապատասխան քայլեր կձեռնարկի:”
Ռազմական վերլուծաբաններն ասում են, որ Իսրայելը չի կարող հարձակվել Իրանի վրա առանց ամերիկյան համագործակցության: Նախկինում ԱՄՆ-ի արտգործնախարարության Մոտ Արևելքի և Հարավային Ասիայի գծով պատասխանատու Ուեյն Ուայթը մատնանշել է, որ Իրանը Իսրայելի ռմբարկուների հասանելիության շրջանակից դուրս է, եթե վերջիններս վառելիքով վերալիցքավորվելու հնարավորություն չունենան: “Այդ հեռավորության վրա իսրայելցիները լուրջ խնդիր ունեն: Նրանց հարվածների փաթեթը սահմանափակ է: Նրանք կարող են միջուկային ենթակառույցների որոշ առանցքային կետեր ռմբակոծեն, սակայն ոչ այն աստիճանի, որպեսզի դրանք ամբողջովին շարքից դուրս գան:”
“Սթրեթֆոր” մասնավոր վերլուծաբանական ընկերության մի հետազոտության համաձայն` վառելիքով վերալիցքավորումն ամենայն հավանականությամբ պետք է տեղի ունենա Իրաքի օդային տարածքում, որը դեռևս ԱՄՆ-ի հսկողության տակ է: Դա, ըստ հետազոտության, նշանակում է, որ ԱՄՆ-ը մեղսակից կլինի, եթե նույնիսկ պաշտոնական վարկածի համաձայն դա Իսրայելի միակողմանի հարձակում լինի:
Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Իրանի վրա հարձակումը միջուկային կառույցների վրա միանգամյա ռմբակոծությամբ հնարավոր չի իրականացնել, ինչպես Իսրայելը գործել է 1981թ. Իրաքում և բոլորովին վերջերս Սիրիայում:
Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտը բոլորովին վերջերս “Վերջին միջոցը” անվանմամբ մի աշխատություն է հրատարակել: Դա առաջին աշխատությունն է, որտեղ ամերիկյան խոշոր ոչ կառավարական կազմակերպությունը հանրորեն քննարկել է Իրանի դեմ կանխիչ ռազմական գործողությունների ռազմավարությունը և հետևանքները:
Աշխատության ներկայացման առթիվ կազմակերպված քննարկումների ժամանակ համահեղինակ Մայքլ Այսենստադը շեշտել է, որ նրանք կողմնակից չեն Իրանի դեմ կանխիչ ռազմական գործողությունների, սակայն եթե նման զարգացումներ լինեն, հավանական է` որ բավականին երկար տևեն: “Կանխիչ գործողությունները բազմաթիվ խնդիրներ և անորոշություններ կառաջացնեն: Եվ եթե մտադրություն կա էական վնասներ հասցնել Իրանի ծրագրին, ապա հավանաբար ժամանակ առ ժամանակ բազմաթիվ գրոհների կարիք կլինի, քանի որ ծրագրի ենթակառուցվածքների տարբեր մասեր տարբեր ժամանակացույցերով են գործում: Նաև մեծ հավանականություն կա, որ նրանք կփորձեն վերակառուցման աշխատանքներ տանել: Այդ իսկ պատճառով նորանոր գրոհների կարիք կլինի` գործողությունների հաջողությունը երաշխավորելու նպատակով:”
Ուեյն Ուայթը, ով այժմ Միջին Արևելքի ինստիտուտի աշխատակից է, ասում է, որ հնարավոր չի լինի առաջին իսկ գրոհով վնաս հասցնել միջուկային կառույցներին: Իսկ Մայքլ Այսենստադը գտնում է, որ օդային գրոհի հաջողությունը չի կարելի գնահատել պարզապես հասցրած ֆիզիկական վնասների հիման վրա: “Քաղաքականության հաջողության չափանիշը իրականում այն հանգամանքը կլինի` արդյոք Իրանը որոշում կկայացնի վերակառուցել և վերսկսել ծրագիրը, թե ոչ: Դա է ամենաէական մտահոգությունը:”
Ուեյն Ուայթն ասում է, որ նման արդյունք երաշխավորված չէ, և որ հարձակումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ և ամրապնդել Իրանի` միջուկային զենքի մշակելու պատրաստակամությունը: “Իրանցիները կարող են բազմաթիվ սարքավորումներ, փորձագիտական գիտելիքներ և ծրագեր թաքցնեն` հարձակման ենթարկվելու դեպքում միջուկային զենք մշակելու պլանները իրականացնելու նպատակով:”
Վերլուծաբանները հավելում են, որ Իրանը կարող է հակադարձ բազմաթիվ քայլեր ձեռնարկի, այդ թվում` ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացիական թիրախների վրա ահաբեկչական գործողություններ իրականացնելը, ինչպես նաև Իրաքում ԱՄՆ-ի զորքերի վրա հարձակումները: