Մատչելի հղումներ

Իր առաջին պաշտոնական ելույթում արտաքին քաղաքականությանը անդրադառնալով` նախագահ Բարաք Օբաման վերահաստատեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է առաջնորդի դեր ստանձնել


Նախագահական պաշտոնամուտը սովորաբար տոնակատարությունների ժամանակահատված է: Սակայն տարիների ընթացքում ամենահիշարժան պաշտոնամուտի ելույթներով հանդես են եկել այն նախագահները, ովքեր այս պաշտոնն ստանձնել են ճգնաժամային իրավիճակներում: Իր ելույթով նախագահ Բարաք Օբաման դարձավ ամերիկյան դիվանագիտության նոր ձայնը` համակված վճռականությամբ և ԱՄՆ-ի առաջնորդությունը վերականգնելու հանձնառությամբ:

Նախագահ Օբամայի անցած ճանապարհն աննախադեպ է ԱՄՆ-ի նախագահության պատմության մեջ: Մանուկ հասակում նա չորս տարի ապրել է Ինդոնեզիայում: Նրա հայրը Քենիայից է:

Իր առաջին պաշտոնական ելույթը պարոն Օբաման ուղղեց ոչ միայն հավաքված բազմությանը, այլ նաև` ամբողջ աշխարհին: Նա ասաց, որ բոլորին է փոփոխություններ սպասվում:

"Խոսքս ուղղելով այս արարողությունը դիտող բոլոր մյուս ազգերին և կառավարություններին ամենամեծ մայրաքաղաքներից մինչև փոքր գյուղեր, որոնցից մեկում հայրս է ծնվել, իմացեք, որ Ամերիկան խաղաղության և արժանապատվության ձգտող յուրաքանչյուր ազգի և յուրաքանչյուր մարդու, կնոջ և երեխայի բարեկամն է, և որ մենք նորից պատրաստ են առաջնորդի դեր ստանձնել”, ասել է նա:

Նախագահ Բուշի ներկայությամբ նախագահ Օբաման նշեց, որ ԱՄՆ-ը օրինակ կծառայի և չի դավաճանի իր սկզբունքներին հանուն անվտանգության: Փոխադարձ հարգանքի ակնկալիքով` նա իր խոսքն ուղղեց նաև մահմեդական աշխարհին: Բացի այդ, պարոն Օբաման նշեց, որ ԱՄՆ-ը կսկսի զորքերի դուրսբերումը Իրաքից և խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր կձեռնարկի Աֆղանստանում:

Նա իր խրատն է ուղղել նաև իրենց ազգերին ճնշող բռնապետերին` ասելով հետևյալը. "Նրանց, ովքեր իշխանությունից կառչած են կոռուպցիայի, խաբեության և այլախոհներին լռեցնելու միջոցով, ցանկանում եմ ասել, որ իմացեք, որ պատմության սխալ էջ եք բացել, սակայն մենք պատրաստ ենք Ձեզ ձեռք մեկնել, եթե Դուք առաջինը թուլացնեք Ձեր բռունցքները”:

Նախագահ Օբաման խստաշունչ խոսքեր է ուղղել նաև նրանց, ովքեր ահաբեկչություն են փորձում սերմանել: "Մենք Ձեզ հավատացնում ենք, որ այժմ մեր ոգին առավել քան աննկուն է, և Դուք չեք կարող մեզ պարտության մատնել”, ասել է նա:

Մինչդեռ զարգացող պետություններին դիմելով` նա ԱՄՆ-ի աջակցության խոստում է տվել. "Աղքատ պետությունների բնակչությանը խոսքս ուղղելով` ցանկանում եմ ասել, որ մենք հանձն ենք առնում Ձեզ հետ միասին Ձեր ագարակները պտղաբեր դարձնել, մաքուր ջուր ապահովել, սովալլուկ անձանց սնունդ ապահովել և գաղափարային ծարավը հագեցնել”:

Ըստ նախնական տվյալների` չորեքշաբթի նախատեսված է նախագահ Օբամայի հանդիպումը պետանվտանգության պաշտոնյաների հետ` քննարկելու Իրաքից ռազմական զինամիավորների աստիճանաբար դուրսբերմանը և Աֆղանստանում ԱՄՆ-ի զինուժը կրկնապատկելու ծրագրին վերաբերող հարցեր:

XS
SM
MD
LG