Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի թափուր տեղի թեկնածու է փնտրում


ԱՄՆ-ի Գերագույն դատարանի ինը հոգանոց կազմը շուտով փոփոխության կենթարկվի: Հունիս ամսին դատավոր Դեյվիդ Սաութերի թոշակի անցնելուց հետո նախագահ Օբաման նոր անդամ պետք է նշանակի:

"Իմ կարծիքով` արդար որոշումներ կայացնելու համար կարևորագույն գործոն է մարդկանց հույսերն ու խնդիրները խորությամբ ընկալելու ընդունակությունը”, նշել է նախագահը:

Նախագահ Օբամայի օգնականները մանրամասն ուսումնասիրում են հնարավոր թեկնածուների անցյալը: Որոշ վերլուծաբանների կարծիքով` նա կին դատավոր կընտրի: Առաջին կին դատավոր Սենդրա Դեյ Օքոնորի 2006թ. թոշակի անցնելուց հետո Ռութ Գինսբերգը Գերագույն դատարանի միակ կին դատավորն է:
Չնայած Սպիտակ տունը չի հրապարակել հնարավոր թեկնածուների ցուցակը, շատերը համոզված են, որ առաջնային թեկնածուների շարքում են մեծ իրավաբանական փորձ ունեցող կանայք, այդ թվում` փաստաբաններ, դատավորներ, իրավագետ դասախոսներ:

Հաշվի առնելով իսպանական ծագում ունեցող բնակչության արագ աճը ԱՄՆ-ում` շատերը կարծում են, որ դատավորի թեկնածուն կլինի իսպանական ծագում ունեցող անձ:

Իսպանական ծագում ունեցող իրավաբանների ազգային միության նախագահ Ռամոնա Ռոմերոն ասում է, որ, ըստ կանխատեսումների, 2050թ. ԱՄՆ-ի բնակչության 30 տոկոսը կլինեն իսպանական ծագում ունեցող անձինք, այդ իսկ պատճառով երկրի Գերագույն դատարանում ընդունվող որոշումները պետք է արտացոլեն այդ իրականությունը:

Նախագահի ընտրությունը պետք է հաստատվի ԱՄՆ-ի Սենատի կողմից: Պահպանողականները, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկեն այն թեկնածուներին, ովքեր ԱՄՆ-ի սահմանադրությունը ազատ են մեկնաբանում` հեռանալով 18-րդ դարի ձևակերպումներից:

Հանձնաժողով հանուն արդարության պահպանողական խմբի գործադիր տնօրեն Քըրթ Լեվին ասում է. "Մենք ընտրում ենք օրենսդիրներին, նախագահին, նահանգապետներին և պետծառայողներին: Դատավորները պետք է մեկնաբանեն վերոնշյալ մարմինների ընդունած օրենքները և չփորձեն նոր քաղաքականություն սահմանել”:

Բարաք Օբամայի նախագահության օրոք Գերագույն դատարանը կարող է քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսին են` վարչական որոշումները, հղիության արհեստական ընդհատումը, համասեռային ամուսնությունները և ներգաղթային բարեխումներին ուղղված միջոցառումները:

XS
SM
MD
LG