Գազայում Իսրայելի և Համասի միջև զինադադար հաստատվելուց կարճ ժամանակ անց նախագահ Բարաք Օբամայի հրահանգով տարածաշրջան ժամանեց Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը` նոր ընթացք հաղորդելու տասնամյակներ ձգվող պաղեստինաիսրայելական հակամարտության հանգուցալուծման գործընթացին: Նոր վարչակազմը կողմնակից է, այսպես կոչված, Երկրորդ պետության ձևավորման մոտեցմանը, ըստ որի Իսրայելը և պաղեստինական պետությունը պետք է խաղաղ համատեղ գոյատևեն:
Իսրայելի և Համասի միջև զինադադարի հաստատումից անմիջապես հետո նախագահ Օբաման հանձն է առել Մերձավոր Արևելքում խաղաղություն խթանել ` պաշտպանելով Հորդանանի Արևմտյան ափում և Գազայի հատվածում պաղեստինական պետության ձևավորման մոտեցումը:
"Հարատև խաղաղության համար երկարաժամկետ զինադադարը բավարար չէ: Այդ իսկ պատճառով հանձն եմ առնում խթանել խախաղության և անվտանգության պայմաններում երկու պետությունների կողք կողքի գոյատևման տարբերակը”, նշել է նախագահ Օբաման:
Արաբական երկրների և Իսրայելի ղեկավարների հետ բանակցությունների նպատակով` նախագահը տարածաշրջան է ուղարկել իր հատուկ ներկայացուցչին` երբեմնի սենատոր Ջորջ Միթչելին: Վերջինս Երուսաղեմում հայտարարել է, որ հաշտության կնքումը դժվար կլինի:
"Գազայում և Իսրայելի հարավում տեղի ունեցած ողբերգական դեպքերը մեկ անգամ ևս ցույց տվեցին, թե որքան լուրջ և դժվարին են մարտահրավերները և խաղաղության խոչընդոտները”, մասնավորապես ասել է նա:
Խաղաղության ամենալուրջ խոչընդոտներից են Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի հրեական բնակավայրերը, որտեղ ապրում են շուրջ 200 հազար վերաբնակներ: Երկրորդ պետության ձևավորման պարագայում նրանք ստիպված կլինեն տեղափոխվել Իսրայելի հիմնական տարածք:
Սակայն Իսրայելի կողմից վերաբնակների տեղափոխման նախկին փորձերն ավարտվել են Իսրայելի զինուժի և վերաբնակների միջև բռնություններով, քանի որ վերջիններս չեն ցանկանում լքել իրենց բնակավայրերը:
Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է շուրջ 60 հազար վերաբնակների տեղափոխել Արևմտյան ափից:
Սակայն փետրվարին կայանալիք ընտրությունների արդյունքում Իսրայելի վարչապետ կարող է դառնալ Լիկուդ կուսակցության ղեկավար Բենյամին Նաթանյահուն: Նա ասել է, որ Արևմտյան ափի վերաբնակներին չի պատրաստվում տեղափոխել: Բացի այդ, նոյեմբեր ամսին նա ակնարկել է, որ դեմ է երկրորդ պետության ձևավորման գաղափարին:
"Կարծում եմ` քաղաքական հաշտագրերով խաղաղության հաստատման բացառապես վերևից ներքև մոտեցման փոխարեն մենք պետք է քաղաքական գործընթացին հավելենք խաղաղության հաստատման ներքևից վերև մոտեցումը, այն է` մեր պաղեստինցի հարևանների կյանքն այնպես բարելավենք, որ նրանք իրենց լուման ներդնեն խաղաղության գործընթացում”, ասել է նա:
Վաշիգնտոնի Արաբ-ամերիկյան հաստատության նախագահ Ջեյմս Զոգբիի կարծիքով, խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի Արևմտյան ափի բնակավայրերի վերաբնակեցման և տարածքի շարունակական օկուպացիայի հարցերում նախագահ Օբաման խիստ դիրքորոշում ընդունի Իսրայելի հանդեպ:
"Իհարկե, իսրայելցիներն իրենց կամքով չեն տեղափոխվի, եթե նրանց չտեղափոխեն: Իսկ նրանց կտեղափոխեն միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ի նախագահը նման պահանջ ներկայացնի”, նշել է Ջեյմս Զոգբին:
Խնդիրներ կան նաև պաղեստինական կողմի հետ: Պաղեստինցիները բաժանված են. Արևմտյան ափում իշխում է չափավոր Ֆաթհը, իսկ Գազայում` Համաս ռազմական խմբավորումը, որը չի հրաժարվում բռնությունների կիրառումից: Իսրայելն ու ԱՄՆ-ը հրաժարվում են Համասի հետ բանակցելուց:
Բազմաթիվ իսրայելցիներ և պաղեստնիցիներ այժմ հարցականի տակ են դնում երկրորդ պետության ձևավորման գաղափարը:
Ալի Աբու Մինահը Չիկագոյում բնակվող պաղեստինցի գրող է: Նա այն տարբերակի կողմնակից է, որի համաձայն երկու ազգերը համատեղ կգոյատևեն մեկ պետության սահմաններում: "Երկրորդ պետության ձևավորման տարբերակը ոչ առարկայական է, ոչ` կայուն և ոչ էլ` արդարացի: Այդ պատճառով ենք բարձրացրել այս հարցը”, պատճառաբանել է նա:
Իսրայելը հրաժարվում է երկրորդ պետության ձևավորման տարբերակից, քանի որ հրեաները կարող են շուտով փոքրամասնություն դառնալ:
1970-ականներին նախագահ Քարտերի վարչակազմում աշխատած Ուիլիամ Քուանդը ներգրավված է եղել 1979 թ. իսրայելաեգիպտական խաղաղության պայմանագրին հանգեցրած բանակցային գործընթացում:
Նրա կարծիքով, երկրորդ պետության ձևոավորումը միակ տարբերակն է:“Կարծում եմ` մենք վերադարձել ենք երկրորդ պետության ձևավորման գաղափարին, քանի որ բանակցային սկզբունքով հանգուցալուծման լավ այլընտրանք չունենք”, նշել է նա:
Ջեյմս Զոգբին կարծիքով, արաբական պետությունները պետք է աջակցեն Գազայի հատվածի վերակառուցմանը ինչպես նաև պաղեստինական ազգի կազմավորմանը: Բացի այդ, նրանք պետք է խաղաղության խթաններ առաջարկեն Իսրայելին:
Ինչպես Միթչելն ինքն է հստակեցրել, խնդրի լուծումը հեշտ չի լինի, և առաջընթաց արձանագրելու համար երկար ժամանակ կպահանջվի: Ամեն դեպքում, ԱՄՆ-ի նոր վարչակազմը ներգրավվածություն է ցուցաբերում, ինչը բացակայում էր նախկին վարչակազմի օրոք: