Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը հիասթափված է Իրանի կողմից միջուկային խնդրի լուծման առաջարկը մերժելու կապակցությամբ


ԱՄՆ-ի նախագահ Զորջ Բուշն իր հիասթափությունն է արտահայտել առ այն, որ Իրանը մերժել է երկրի միջուկային ծրագիրը կասեցնելու նպատակով առաջարկվող միջազգային խթանիչների փաթեթը:

Շաբաթ օրը Փարիզում Նիկոլա Սարկոզիի հետ ունեցած բանակցություններից հետո նախագահ Բուշը նշել է, որ Իրանի ժողովուրդը պետք է հասկանա, որ երկրի իշխանությունները ցանկանում են էլ ավելին մեկուսացնել նրանց: Նախագահ Սարկոզին իր հերթին նշել է, որ Իրանի ժողովուրդ արժանի է ավելին, քան այն փակուղին, որ իշխանություններն են փորձում ստեղծել:

Նախագահ Բուշը նաև կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կասեցնել համագործակցությունը Իրանի հետ, ինչպես նաև ապաստան չտրամադրել ահաբեկիչներին: Բացի այն, նա իր աջակցությունն է արտահայտել պաղեստինական պետություն ստեղծելու գաղափարի շուրջ և հորդորել է Սիրիայի ղեկավարին սատարել այդ գործընթացին:

Երկու նախագահները նաև տեղեկացրել են, որ քննարկել են համաշխարհային տնտեսությանը և կլիմայական փոփոխություններին առնչվող խնդիրներ, ինչպես նաև զարգացումները Դարֆուրում:

Ուրբաթ օրը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության առջև իր ելույթում նախագահ Բուշը կոչ է արել եվրոպական ղեկավարներին առավել սերտորեն համագործակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` Աֆղանստանն ահաբեկիչներից զերծ պահելու նպատակով:

Նախագահ Բուշն իր այցն անվանում է իր հրաժեշտի շրջագայությունը Եվրոպայում: Ուրբաթ օրը նա Ֆրանսիա է ժամանել Իտալիայից և պատրաստվում է մեկնել Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա մինչև ԱՄՆ վերադառնալը: Այս շաբաթ առավել վաղ նախագահը նաև այցելել է Գերմանիա, ինչպես նաև մասնակցել է Սլովենիայում կայացած ամենամյա ԱՄՆ-Եվրոպական Միություն գագաթաժողովին:

XS
SM
MD
LG