Մատչելի հղումներ

Ֆիլադելֆիայի կանխարգելման ծրագիրը` ազգային մոդել


Երկու տարի առաջ սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով շատ ամերիկացիներ, չկարողանալով վճարել գրավադրված տան դիմաց, կորցրեցին այն: Արդյունքում քաղաքների շատ թաղամասերում ավելացան լքված տները: Սակայն Ֆիլադելֆիայում շահագրգիռ կողմերը միասնաբար փորձեցին լուծում տալ այդ խնդրին:

Քաղաքային դատարանում շատ են գրավադրված գույքը պահպանելու գործերը: Դրանցից է Ջորջ Գորդընի գործը, ով տունը կորցնելու վտանգի առջև է:

"Երբ տան համար վարկ էի վեցրնում, աշխատանք ունեի: Իմ խնդիրները սկսվեցին, երբ կորցրեցի աշխատանքս",-պատմում է նա:

Երկու տարի առաջ, երբ Ֆիլադելֆիայում նմանատիպ դեպքերն ավելացան, պաշտոնյաները, վարկային կազմակերպությունների իրավաբանները և տան սեփականատերերը համատեղ ջանքերով փորձեցին լուծում գտնել:

Բանակցությունների արդյունքում ստեղծվեց Ֆիլադելֆիայի գրավադրված գույքի կորուստը կանխարգելելու ծրագիրը: Կանխարգելման ծրագրի շրջանակում սեփականատերը փոխառությունը վերաձևակերպելու նպատակով իրավունք ունի հանդիպել վարկատուին:

Երբ սեփականատերը տան կորստի վերաբերյալ ծանուցում էր ստանում, համայնքային աշխատողները տեղեկացնում էին նրան իրավունքների մասին:

Ջորջ Գորդընն այժմ աշխատանք ունի և իրավաբանի հետ հանդիպման արդյունքում հուսով է վերաձևակերպել իր վարկն այնպես, որ ամսական վճարը լինի իր եկամտի 31 տոկոսի սահմաններում:

Ըստ վարկատուին ներկայացնող փաստաբան Քրիսթոֆըր Դինարդոյի` հաշվի առնելով, թե որքան շատ են նման դեպքերը բանկերում, վարկի վերաձևակերպումը շահավետ է բոլոր կողմերի համար:

"Եթե կարողանանք համաձայնության գալ փոխառուի հետ այնպես, որ նա չկորցնի տունը, իսկ իմ հաճախորդը ստանա հասանելիք վճարները, ապա դա ձեռնտու է բոլորին",-բացատրում է վարկատուին ներկայացնող փաստաբանը:

Փաստաբանի ծառայության, գույքի գնահատման և ուշացրած վճարների համար վճարում է սեփականատերը: Այս ամբողջ վճարները կամ դրանց մի մասը կարող է կրճատվել բանակցությունների ընթացքում: Սեփականատերերին ներկայացնում են կամավոր փաստաբանները:

Ըստ Ֆիլադելֆիայի պաշտոնյաների տվյալների` կանխարգելման ծրագրի շնորհիվ ավելի քան 1900 սեփականատեր կարողացել է խուսափել տունը կորցնելուց, և գրեթե 3600-ին էլ դեռ գործընթացի մեջ է:

XS
SM
MD
LG