Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախընտրական արշավում գերակշռում է բացասական ոգին


ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների օրվան` նոյեմբերի 4-ին, 50 օրից քիչ է մնացել, իսկ Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մքքեյնի և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի միջև մրցակցությունը շատ մեծ է, և նրանց աջակիցները թիվը գրեթե նույնն է:

Վերլուծաբանների կարծիքով, ընտրարշավի վերջին շաբաթները շատ լարված են լինելու` բազմաթիվ բացասական գովազդներով և միջկուսակցական հարձակումներով լի:

Բացասական գովազնդերի կարելի է ականատես լինել ամենուր` հեռուստատեսությամբ, ռադիոյով, ինտերնետով: Հաճախ գովազնդերի պատրաստման համար ընդամենը մի քանի ժամ է պահանջվում:

Մքքեյնի ընտրարշավի հեռարձակած գովազդներից մեկի թիրախը Բարաք Օբամայի հարկային ծրագիրն էր: Գովազդի տեքստը հետևյալն է. "Ծանր հարկեր: Ձեր ֆինանսների հետ կապված բարդ որոշումներ: Նա պատրաստ չէ ղեկավարելու: Ահա դա է իրական Օբաման":

Օբամայի ընտրարշավի պատասխան գովազդի թիրախն էր սենատոր Մքքեյնի կապերը լոբբիիստական ընկերությունների հետ: Գովազդի տեքստը հետևյալն է. "Լոբբիիստներն են թելադրում նրա ընտրարշավի ցածրաբարո բնույթը: Միլիարդավոր դոլարներ են տրամադրվում նավթարդյունաբերական և դեղագործական կազմակերպություններին հարկային արտոնությունների տեսքով, սակայն ձեր ընտանիքները դրանցից չեն օգտվում":

Սակայն հաշվի առնելով երկու կողմերի բացասական գովազդների տարափը` վերլուծաբանները չեն կարող գնահատել դրանց ազդեցությունը և նույնիսկ համոզված չեն, թե արդյոք մարդիկ ընդհանրապես ուշադրություն են դարձնում դրանց:

Հասարակական կարծիքի հարցումների մասնագետ Սելինդա Լեյքն իր վերջին հետազոտության հիման վրա տեղեկացրել է, որ ընտրությունների արդյունքների համար էական նշանակություն ունեցող նահանգներում երկու թեկնածուների աջակիցները թիվը շատ մեծ է: "Երկու թեկնածուների մասին կարծիքը բավականին դրական է: Լրատվամիջոցների լուսաբանման համաձայն` երկու թեկնածուների վերաբերյալ կարծիքը պետք է բացասական լիներ, սակայն դա այդպես չէ":

Երկու կողմներն էլ պնդում են, որ բացասական գովազդները ճշգրիտ չեն և ապակողմնորոշում են ընտրողներին: Միևնույն ժամանակ, վերլուծաբանները կարծում են, որ վերջին շաբաթներին ընտրարշավի բացասական տոնն էլ ավելի արտահայտված կլինի:

Հարցումների համաձայն` Օբաման շուրջ չորս ամիսառաջատարն էր ընտրարծավում: Սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում` Հանրապետական կուսակցության հանրագումարից ի վեր, Մքքեյնն է առաջատար տեղ զբաղեցնում որոշ հարցուխույզների արդյունքերի համաձայն:

Ալասկա նահանգի նահանգապետ Սարա Փեյլինին որպես փոխնախագահի թեկնածու առաջադրելով` Մքքեյնը նոր եռանդ է հաղորդել Հանրապետական կուսակցության սոցիալ-պահպանողականների շարքում: Այժմ Մքքեյն իրեն ներկայացնում է որպես Վաշինգտոնում բարեփոխումներ իրականացնող թեկնածուի: "Ես ցանկանում եմ զգուշացնել նրանց, որ նրանցից յուրաքանչյուրը զգոն լինի, քանի որ Վաշինգտոնում իրական փոփոխություններ են սպասվում: Մենք ամեն ինչ փոփոխելու ենք", ասել է սենատոր Մքքեյնը:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները բողոքում են, որ Օբամայի շուրջ բացասական գովազդը շեղում է ընտրազանգվածի ուշադրությունն ընտրարշավի ընթացքում արծարծվող լուրջ խնդիրներից և մասնավորապես տնտեսությանը վերաբերող խնդիրներից:

Նրանք հորդորում են Օբամային նմանատիպ ռազմավարություն որդեգրել և համարժեք պատասխաններ տալ Մքքեյնին` մտաբերելով այն բացասական գովազդները, որոնց շնորհիվ չորս տարի առաջ Հանրապետականներին հաջողվեց պարտության մատնել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոն Քերիին:

Կարծես, վերջին օրերին Օբաման սկսել է հետևել նրանց խորհրդին: "Բավական է: Ինձ չի հետաքրքրում` ինչ են նրանք ասում իմ մասին, ես այս երկիրը չափազանց շատ եմ սիրում, որպեսզի թույլ տամ, որ ևս մեկ ընտրություն նրանք հաղթեն ստերի միջոցով: Բավական է," ասել է Օբաման:

Քաղաքական վերլուծաբաններն ասում են, որ այս տարվա նախընտրական հեռուսավեճերը վճռական դեր կխաղան ընտրազանվածին կողմնորոշելու հարցում:

Նախագահիկ թեկնածուների միջև երեք հեռուստավեճ է նախատեսված, որոնցից առաջինը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին Միսիսիսպիի համալսարանում: Մեկ հեռուստավեճ է նախատեսված նաև փոխնախագահական թեկնածուներ Հանրապետական Սարա Փեյլինի և Դեմոկրատական սենատոր Ջո Բայդենի միջև:

XS
SM
MD
LG