Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում խրախուսվում են տան պայմաններում պատրաստված մաքրող նյութերը


Հետազոտությունները վկայում են, որ տան մաքրման համար նախատեսված նյութերը պարունակում են թունավոր քիմիական տարրեր, որոնք բացասաբար են ազդում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա: Բնապահպանական խմբերը հորդորում են, որպեսզի սպառողներն իրենք պատրաստեն մաքրող նյութեր, որոնք չեն վնասում շրջակա միջավայրը:

Կիրակի օրը Լորեն Ռաթների ընկերները հավաքվել են նրա Վաշինգտոնի տանը: Նրա սեղանին դրված են բնական բաղադրիչներ` տնտեսական օճառ, բնական գլիցերին, սննդի սոդա և թորած սպիտակ քացախ: Նրանք թորած սպիտակ քացախի և ջրի հավասար խառնուրդ են ստանում, որին ավելացնում են էսենցիայի և խտացված յուղի մի քանի կաթիլներ:

Մի քանի րոպե անց պատրաստ է մաքրման մի նյութ, որը կենցաղում շատ լայն կիրառում կարող է ունենալ:

Լորեն Ռաթներին այս նյութը հետաքրքրում է պնապահպանական տեսանկյունից:

“Ես ինտերնետով եմ իմացել մի կայքի մասին, որը բնապահպանության հարցերով մտահոգված կանանց տեղեկատվություն, բաղադրատոմսեր և հարցերի պատասխաններ է տրամադրում: Կայքն ուսումնասիրելուց հետո հասկացա, որ ինքս էլ կուզեմ նման բանով զբաղվել”, ասում է նա:

Բնապահպանական մտահոգությամբ մաքրման ցերեկույթների շարքը մեկ տարի առաջ մեկնարկել է “Հանուն երկրագնդի կանանց ձայն” խումբը: Խմբի տվյալներով` ԱՄՆ-ում շուրջ չորս հազար հինգ հարյուր մարդ մասնակցել է նման ցերեկույթների: 2007թ. այս խումբը թողարկեց “Կենցաղային վնասներ” զեկույցը:

“Զեկույցում անդրադարձել ենք հինգ տարբեր քիմիական նյութերի, որոնք առաջացնում են ասթմա, անպտղություն և ի ծնե արատներ: Դրանով կարծես սկիզբ դրվեց կենցաղից թունավոր նյութերի հեռացման մեր շարժմանը”, ասում է խմբի խորհրդի նախագահ Լիզա Ուոլը:

Մաքրող նյութերի պիտակների վրա հաճախ չի գրվում` ինչ բաղադրիչներ են ներառված:

“Երբ խանութ ես գնում և, սովորության համաձայն, ընտրում ես մաքրող նյութեր, որոնք միշտ էլ օգտագործել ես, չես կարող տեսնել, թե ինչ կա այդ նյութի մեջ: Հետևաբար, չես կարող որևէ կերպ գնահատել` արդյոք մտահոգվելու կարիք կա, թե` ոչ”, ասում է Լիզա Ուոլը:

Ներկա օրեսնդրությունը չի պարտադրում արտադրողներին ամբողջությամբ բացահայտել մաքրող նյութերի բաղադրությունը: Բնապահպանական խմբերը հորդորում են սպառողներին ճնշում գործադրել արտադրողների վրա և ստանալ այդ տեղեկությունները:

“Այնցյալ շաբաթվանից Սի-Ջեյ Ջոնսոն ընկերությունը սկսել է պիտակների վրա տպել նյութի բաղադրիչները, ինչը մեծ ձեռքբերում է մեզ համար”, ասում է Լիզա Ուոլը:

Ցերեկույթի մասնակիցներն իրենց իսկ պատրաստած նյութերը փորձելուց հետո խոստովանում են, որ այս դրանք նաև ավելի մատչելի են:

“Տանը պատրաստված նյութեր ստանալու համար մեկ դոլարից քիչ գումար է պետք, իսկ խանութից մաքրող նյութ գնելու համար առնվազն երեք դոլար կպահանջվի”, ասում է Լորեն Ռաթները:

Լորա Հոփմանին այս ցերեկույթը շատ է ոգեշնչել: “Այս հոյակապ միջավայրում և ընկերների հետ միասին լավ ժամանակ անցկացնելով տեսնում ես, թե որքան հեշտ կարելի է այսպիսի կարևոր նախաձեռնության սկիզբ դնել”, ասում է նա:

Մասնակիցները գոհունակություն են հայտնում, որ իրենց պատրաստած նյութերը վնասակար չեն իրենց առողջության և շրջակա միջավայրի համար:

XS
SM
MD
LG