Մատչելի հղումներ

Օդային զբոսայգի Նյու Յորքում


Նյու Յորքում կրկին գործարկվել է հին երկաթուղին: Այն այլևս կենդանիներ չի տեղափոխում, այլ հաճույք է պատճառում հազարավոր մարդկանց: Երկաթուղին նաև նպաստում է Նյու Յորքի որոշ թաղամասերի տնտեսական զարգացմանը:

Վերանորոգված օդային ճանապարհը Հայ Լայն է կոչվում: Անցյալում այն գործել է որպես անասունների և մթերքների տեղափոխման երկաթգիծ, որի վերջին անգամ 1980թ. սառեցված հնդկահավ է տեղափոխել Մանհեթըն:

Խիտ բնակեցված Նյու Յորքում Հայ Լայնը դարձել է բացօթյա հանգստավայր, որը ձգվում է քաղաքի այն թաղամասերի երկայնքով, որոնք հայտնի էին իրենց սպանդանոցներով:

Այն դուր է գալիս և՛ Նյու Յորքի բնակիչներին և՛ զբոսաշրջիկներին:

Կարծես, մեկ օրվա ընթացում Հայ Լայնն երբեմնի անդեմ թաղամասն ամբողջովին փոխել է: Այն կարծես մի կղզի լինի բետոտե ծովում: Շուրջ բոլորը ծածկված է 100-ից ավելի բույսերի տեսակներով, որոնք համալրում են տեղանքի բնապատկերը:

Ամենուր կառուցապատման աշխատանքներ են տարվում: Բազմահարկ շենքեր, ռեստորաններ և նույնիսկ թանգարան է կառուցվում Հայ Լայնի երկայնքով: Սակայն, ոմանց դա փոքր-ինչ անհանգստացնում է:

“Իհարկե, Հայ Լայնը հարգանքի տուրք է քաղաքի արդյունաբերական անցյալին, սակայն այս շքեղությունը նաև ճնշում է գործադրում տեղի աշխատավորների վրա, ովքեր դեռևս փորձում են իրենց տեղը գտնել”, ասում է նյույորքաբնակ Յոնի Մոչը:

Հայ Լայնի առաջին հատվածի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսին` 15 տարի շարունակվող պլանավորումից և քաղաքական պայքարից հետո:

Ժապավեն կտրելու արարողությանը ներկա էին Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և բարերարներ` դիզայներ Դիան վոն Ֆուրստենբուրգն ամուսնու հետ և խոշոր ձեռնարկատեր Բերի Դիլերը:

Հայ Լայնի առաջին երկու հատվածների վերանորոգման համար 152 միլիոն դոլար է պահանջվել, որից քառասունչորսը հավաքվել է մարդկանց հանգանակությունների միջոցով: Շատերի կարծիքով` դա արժանի ներդրում է եղել:

XS
SM
MD
LG