Մատչելի հղումներ

Պակիստանցիները սգում են Բենազիր Բհուտոյի մահվան տարելիցին


Շաբաթ օրը հարյուր հազարավոր պակիստանցիներ հավաքվել էին Բենազիր Բհուտոյի շիրմի մոտ` հարգելու նախկին վարչապետի հիշատակը: Նրա սպանության առաջին տարելիցի կապակցությամբ Պակիստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել, որպեսզի 160 միլիոն բնակչություն ունեցող այս երկրի քաղաքացիները կարողանան հարգանքի տուրք մատուցել պատմության մեջ մահմեդական պետություն ղեկավարած առաջին կնոջ հիշատակին:

Անցյալ տարի` դեկտեմբերի 27-ին Իսլամաբադի մերձակայքում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի մի միջոցառումից հետո, հեռվից արձակված գնդակների զոհ դարձավ Պակիստանի խարիզմատիկ առաջնորդ և երկու անգամ վարչապետի պաշտոնն ստանձնած Բենազիր Բհուտոն: Սպանության մեջ կառավարությունը մեղադրում է ՊակիստանումգործողԹալիբանի առաջնորդ Բայթուլա Մեհսուդին, սակայն վերջինը պատասխանատվություն չի ստանձնել: Դեպքից մոտ երկու ամիս առաջ աքսորից հայրենիք վերադարձած 54-ամյա Բհուտոն պայքարում էր իշխանության վերադառնալու համար:

Սպանությունից հետո միջուկային զենք ունեցող աշխարհի մահմեդական միակ պետությունում քաոս սկսվեց, որը, վերածվելով քաղաքական ճգնաժամի, տևեց ընդհուպ մինչև սեպտեմբեր ամիսը, երբ Բհուտոյի ամուսինը` Ասիֆ Ալի Զարդարին, ստանձնեց նախագահի պաշտոնը:

Այս ամիս Միավորված ազգերի կազմակերպությունը Բհուտոյին շնորհեց Մարդու իրավունքների հետմահու մրցանակ, որը պատիվ ունեցավ ընդունելու նրա որդին` Բիլավալը: "Պակիստանում ժողովրդավարությունը կարևոր է ոչ միայն պակիստանցիների, այլև` ամբողջ աշխարհի համար: Իմ շատ սիրված կրոնի չարաշահման և արմատական մեկնաբանման այս դարում մենք պետք է հիշենք, որ ժողովրդավարական պետություններն ահաբեկիչներին չեն աջակցում, պաշտպանում կամ ապաստան տալիս”, նշել է Բիլավար Բհուտոն:

Բենազիր Բհուտոն հանձն էր առել Պակիստանի տարածքից Աֆղանստանի և Հնդկաստանի վրա ահաբեկչական գործողություններ իրականացնող տարրերինոչնչացնելուև առավել չափավոր և ժամանակակից պետություն հիմնելու առաքելություն ստանձնել:

Սակայն վերջին տասներկու ամիսների ընթացքում Պակիստանի վիճակը վատթարացել է. խաղաղ բնակչության շրջանում 50-ից ավելին ահաբեկչական հարձակումների զոհեր, տնտեսական խիստ ծանր վիճակ կառավարության համար, սննդամթերքի գների աճ և էլեկտրականության հովհարային անջատումներ:

Հերիթիջ հիմնադրամից Հարավային Ասիայի գծով փորձագետ Լիսա Քըրթիսի կարծիքով, Բենազիր Բհուտոյի հիշատակը հարգելու ամենալավ ձևը նրա երազանքներն ի կատար ածելն է. "Կարծում եմ` Պակիստանը պետք է ինքնուրույն գա այն եզրահանգմանը, որ ուզում է բռնել հարուստ, կայուն և առաջադեմ պետություն դառնալու ուղին: Ահա այդ ամենի համար էր պայքարում Բենազիր Բհուտոն”:

Վաշինգտոնի Բրուքինգզ հաստատությունից փորձագետ Սթիվեն Քոուհենն ասում է, որ Բուտոյի ամուսինը` նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, փորձում է իրագործել կնոջ սկսած քաղաքականությունը. այն է` երկրի ներսում կայունության, տնտեսական աճի, Հնդկաստանի հետ բարենպաստ հարաբերությունների և ԱՄՆ-ի հետ սերտ, բայց ոչ ենթակայության հարաբերությունների հաստատում:

Իսկ Իսլամաբադի Քայիդ-է-Ազամ համալսարանից պակիստանցի վերլուծաբան Ռիֆաթ Հուսեյնն ասում է, որ մարդիկ կարծես չեն ընդունում նախագահ Զարդարիի կառավարման մոտեցումը, որը, նրա կարծիքով, լի է ինքնակալական տարրերով և զուրկ`հեռահար մտածելակերպից:

Վաշինգտոնի Միդիսթ հաստատությունից Մարվին Ուայնբաումը կիսում է այդ կարծիքը` նշելով, որ Բհուտոն առավել հեռահար մտածելակերպ ուներ և, եթե կենդանի լիներ, շատ ավելի լավ առաջնորդ կլիներ պետության համար: Ըստ նրա` "Պակիստանը պետական առաջնորդի մեծ կարիք ունի: Երկրի համար այժմ անհրաժեշտ է ոչ միայն կոալիցիաներ կազմող, այլև` Պակիստանի ներկայի և ապագայի համար ներշնչանք ապահովող առաջնորդ”:

Փորձագետ Հայդեր Մուլիքն իր հերթին նշել է, որ Բհուտոն առավել վճռական կլիներ Պակիստանում ահաբեկչությունը` հատկապես Հնդկաստանի դեմ գործող ահաբեկիչներին, վերացնելու հարցում. "Նրա քաղաքական դիրքորոշումը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ այս և այլ հարցերի շուրջ նա շատ ավելի խիստ դիրքորոշում կունենար, քան` նախագահ Ասիֆ Ալի Զարդարին”: Մուլիքն ասում է, որ Բհուտոյի սպանությունից հետո Պակիստանում աճել է սպանությունների թիվը, և որ նույնիսկ նրա սպանության բացահայտման ուղղությամբ առանձնապես առաջընթաց չի արձանագրվել` չնայած այն հանգամանքին, որ նրա ամուսինն է իշխանության ղեկին:

Բհուտոյի մահվան տարեդարձի կապակցությամբ Միջազգային համաներում իրավապաշտպան կազմակերպությունը նախագահ Զարդարիին կոչ է արել Բհուտոյի սպանության թափանցիկ և անկախ հետաքննություն իրականացնել:

XS
SM
MD
LG