Մատչելի հղումներ

Պետքարտուղար Ռայսը հորդորել է Պակիստանին համագործակցել Հնդկաստանի հետ Մումբայիի ահաբեկչական հարձակումների հարցում


Անցյալ շաբաթ Մումբայիում տեղի ունեցած մահացու ահաբեկչական հարձակումների արդյունքում Պակիստանի և Հնդկաստանի միջև աճող լարվածությունը մեղմելու նպատակով տարածաշրջան ժամանած ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ասել է, որ Պակիստանը “հատուկ պատասխանատվություն” է կրում հարձակումների հետաքննությանն աջակցելու հարցում:

Կոնդոլիզա Ռայսի Դելի կատարած այցին զուգահեռ` Իսլամաբադում ցուցարարներն իրենց վրդովմունքն էին արտահայտում հակաամերիկյան և հակահնդկական վանկարկումներով: Մամլո ասուլիսի ժամանակ պետքարտուղարն իր ցավակցանքի խոսքն է հղել Հնդկաստանի ժողովրդին և ասել է, որ Պակիստանի ժողովուրդը հատուկ պատասխանատվություն է կրում Մումբայիի հարձակումների հետաքննությանն աջակցելու հարցում. "Պակիստանը պետք է վճռականություն ցուցաբերի և լիովին ու թափանցիկ կերպով համագործակցի: Այդ մասին ասվել է և կասվի Պակիստանին, սակայն հիմա է այն ժամանակը, երբ այս ահաբեկչությունից տուժած ազգերի միջև համագործակցությունն անհրաժեշտ է և պարտադիր”:

Կոնդոլիզա Ռայսը Դելի էր ժամանել չորեքշաբթի օրը` ի ցույց Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաքում 60 ժամ տևած և 170-ից ավելի կյանք խլած ահաբեկչական գործողությունների արդյունքում տարածաշրջանում առաջ եկած լարվածությունը մեղմելու ԱՄՆ-ի ջանքերին:

Հնդկաստանը տեղեկացնում է, որ կենդանի մնացած միակ ահաբեկչի հարցաքննությունից բխում է, որ ներգրավված է եղել Պակիստանում հիմնված Լաշքար-ի-Թայբա խումբը Քաշմիրից: Պաշտոնական Դելին Պակիստանից պահանջել է Հնդկաստանին հանձնել խմբի առաջնորդին և 19 անդամների, մինչդեռ Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին Սի-Էն-Էն հեռուստաընկերությանը հայտնել է, որ Պակիստանը չի հանձնի այդ մարդկանց Հնդկաստանին, այլ նրանց կփորձի դատել երկրի սահմաններում:

Պակիստանը հանձն է առել համագործակցել հետաքննության հարցում, սակայն հերքում է այն մեղադրանքները, որ երկրի հետախուզական մարմինները ներգրավված են եղել հարձակումների իրականացման գործում:

Պակիստանը պնդում է, որ Քաշմիրի զինված խմբերը ազատամարտիկներ են` միևնույն ժամանակ երկրի արևմտյան մասում` Աֆղանստանի հետ սահմանին, գործող զինված խմբերին որակելով որպես ահաբեկիչներ:

Վաշինգտոն Փոստ օրաթերթից Հարավային Ասիայի փորձագետ Փեմ Քոնսթեյբլի կարծիքով Պակիստանը պետք է դադարեցնի նման տարբերակումը:

Հնդկաստանը պնդում է, որ Լաշքար խումբը կապեր ունի Պակիստանի ռազմական հետախուզական գործակալության հետ, սակայն ԱՄՆ-ից սենատոր Ջեք Ռիդն կարծիքով, Պակիստանը փորձում է հստակեցնել, որ կապ չունի այդ խմբերի հետ: "Կարծում եմ` Պակիստանում քաղաքական մթնոլորտն այժմ այլ է: Նրանք գիտակցում են, որ այդ խբմերը հենց իրենց կարող են վնաս հասցնել և որ չեն կարող պարզապես թողնել, որ դրանք ազատ գործեն Հնդկասնատի կամ Աֆղանստանի դեմ”, ասել է սենատոր Ռիդը:

Ամերիկացի այլ օրենսդիրներ կարծում են, որ Պակիստանը պետք է համագործակցի Հնդկաստանի հետ Քաշմիրի զինված խմբերի դեմ պայքարում, քանի որ Պակիստանի և Աֆղանստանի միջև հակասության հանգուցալուծման մեջ ի վերջո Հնդկաստանը պետք է ներգրավվի: Հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարն ասում է, որ Պակիստանը պետք է գիտակցի դա:

Երկու սենատորներն էլ միանգամայն համամիտ են նորընտիր նախագահ Օբամայի առաջարկին` բարձրաստիճան դիվանագիտական առաքելություն ուղարկել Հնդկաստան և Պակիստան երկու կողմերի միջև Քաշմիրի հակամարտությունում հանգուցալուծում գնտելու նպատակով:

XS
SM
MD
LG