Մատչելի հղումներ

Առողջապահական ծախսերի կրճատման նորարական մոտեցում ամերիկյան ձեռնարկություններում


ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է առողջապահական բարեփոխումներ անցկացնել և ընդլայնել առողջապահական ապահովագրության շրջանակը: Ապահովագրական ծախսերի հնարավոր աճն անհանգստացրել է մասնավոր ընկերությունների ղեկավարներին: Մինչդեռ ԱՄՆ-ում շարունակում է աճել գիրությամբ և շաքարախտով տառապող մարդկանց թիվը:

Ամերիկացիներին քաջ հայտնի է Սեյֆուեյ պարենային խանութը, որի գլխավոր տնօրեն Սթիվ Բըրդը նոր մոտեցում է նախաձեռնել աշխատողների առողջապահական ծախսերը կրճատելու համար: Նա կարծում է, որ ծախսերի 70 տոկոսը կենսակերպից է բխում, և, որպես լուծում, առողջ ապրելակերպ է խթանում. ընկերության գլխավոր մասնաճյուղում մարզադահլիճ կա, իսկ ճաշարանում առողջ սննունդ է մատուցվում:

Սեյֆուեյի ղեկավար անձնակազմը և արհմիության անդամ չհանդիսացող աշխատողներն ավելի քիչ են վճարում իրենց ապահովագրության համար, եթե արյան ճնշման, քաշի և խոլեստերինի պարբերաբար ստուգումներ են անցնում: Նույնը վերաբերում է չծխողներին:

Սթիվ Բըրդի խոսքերով` Սեյֆուեյ ընկերությունը որդեգրել է ավտոմեքենաների ապահովագրության համակարգում կիրառվող բիզնես մոդելը: Ինչը նշանակում է, որ անցյալնում խնդիրներ չունեցած վարորդներն ավելի քիչ են վճարում ապահովագրության համար:

Բըրդն ասում է, որ այս մոտեցումն աշխատողներին թույլ է տալիս կենսակերպի ընտրություն կատարել` նշելով, որ աշխատողները պետք է կրեն իրենց կատարած ընտրության հետևանքները”:

Այս ծրագրին անդամագրվել են Սեֆուեյի քսանհինգ հազար աշխատողներ: Նրանցից Էրիկ Ուարդն ասում է, որ երբեմն հատուկ միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի մարդիկ սկսեն մտածել իրենց կենսակերպը փոխելու շուրջ:

Շատերն իրոք փոխել են իրենց կենսակերպը: Ջո Չիթին առողջ սնվելու և մարզվելու արդյունքում 18 կգ քաշ է կորցրել:

Բըրդն ասում է, որ չորս տարի առաջ այս ծրագրի մեկնարկից հետո ընկերության առողջապահական ծախսերը չեն փոփոխվել, մինչդեռ այլ ընկերություններում դրանք 40 տոկոսով աճել են:

“Գաղտնիք չկա. պետք է այնպես վարվես, որ աշխատողները փոխեն իրենց կենսակերպը, և կկարողանաս հոգալ նույնիսկ չապահովագրված աշխատողների բոլոր առողջապահական ծախսերը”, նշել է Բըրդը:

Ինչ խոսք, սա կարող է դառնալ առողջապահական համակարգի լուծումներից մեկը մի երկրում, որտեղ 47 միլիոն մարդ զուրկ է առողջապահական ապահովագրությունից:

XS
SM
MD
LG