Մատչելի հղումներ

Բարաք Օբաման ամփոփեց իր այցելությունը արտասահմանյան երկրներ


Բարաք Օբաման` նախագահի դեմոկրատական կուսակցության ենթադրյալ թեկնածուն, շաբաթ օրը բրիտանական պաշտոնյաների հետ Լոնդոնում կայացած հանդիպումով ամփոփեց իր օտարերկրյա շրջագայությունը, որի ընթացքում նա այցելեց Աֆղանստան, Իրաք, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի այլ երկրներ:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը նրա վերջին կանգառն էր, որտեղ Բարաք Օբաման վարչապետ Գորդոն Բրաունի հետ երկժամյա հանդիպում է ունեցել, որից հետո մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ “հիանալի զրույց” է ունեցել: “Վարչապետը, ինչպես և ես, կարևորում է այն հանգամանքը, թե ինչպես ամրապնդել տրանսատլանտյան հարաբերությունները և լուծումներ գտնել այնպիսի խնդիրների, որոնք որևէ երկիր առանձին չի կարող լուծել: Դրանք են կլիմայական փոփոխությունները, միջազգային ահաբեկչության խնդիրը, ֆինանսական շուկաներին առնչվող որոշ խնդիրներ,” ասել է նա:

Բարաք Օբաման նաև իր երախտապարտությունն է հայտնել Մեծ Բրիտանիային Աֆղանստանի հարցում ցուցաբերած աջակցության համար: “Ես գիտեմ, որ բրիտանական զորքը մեծ գին է վճարել Իրաքի և Աֆղանսանի պատերազմների համար, և կարծում եմ, որ ամերիկյան ժողովուրդը մեծապես երախտապարտ է,” ասել է Օբաման:

Աֆղանստան, Իրաք, Հորդանան, Իսրայել, Պաղեստինական տարածքներ, Գերմանիա, Ֆրանսիա այցելություններից հետո Լոնդոն այցելությունը բավականաչափ զուսպ էր`մասնավորապես Բերլինի այցի համեմատությամբ, որտեղ նա ելույթ էր ունեցել շուրջ

200,000 համակիրների առջև: “Աշխարհի քաղաքացիներ, տեսեք թե որտեղ է այժմ Բերլինը. քաղաք, որտեղ պատը քանդվեց, որտեղ մի ամբողջ աշխարհամաս համախմբվեց և ապացույց ծառայեց առ այն, որ միացյալ աշխարհի համար որևէ անհաղթահարելի մարտահրավեր չի կարող լինել,” ասել է նախագահի` դեմոկրատական կուսակցության թեկնածուն:

Օբամայի շրջագայության ընթացքում ընդուլության բարձր մակարդակը շատ վերլուծաբաններ քննադատել են, քանի որ թեկնածուն արժանացել է նախագահական այցելություններին վայել ողջույնի: Հինգշաբթի օրը Բերլինում ունեցած ելույթին ներկա հոծ բազմությունից հետո տարածվեցին Փարիզում Օբամայի և Նիկոլա Սարկոզիի համատեղ լուսանկարները, ինչը սովորաբար հատուկ է պետության ղեկավարների այցելություններին:

Վերլուծաբանների կարծիքով Լոնդոնի այցի զսպվածությունը պայմանավորված էր Մեծ Բրիտանիայի կառավարության` ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուների միջև նախընտրություն չցուցաբերելու ցանկությամբ:

Լոնդոնում Օբամային հարց են ուղղել, թե արդյոք օտարերկրյա շրջագայությունը քաղաքական առումով բացասաբար չի անդրադառնա նրա վարկանիշի վրա ԱՄՆ-ի ներսում, որտեղ մարդիկ առավել մտահոգված են ներպետական խնդիրներով: Նա պատասխանել է, որ զարմանալի չի լինի, եթե նրա վարկանիշը փոքր-ինչ նվազած լինի երկրից իր բացակայության ընթացքում: Սակայն, նա հավելել է, որ շրջագայությունն ամեն դեպքում կարևոր էր:

“Ես վստահ եմ, որ հայրենիքում մեզ մտահոգող խնդիրներից շատերը հնարավոր չէ արդյունավետորեն լուծել առանց արտասահմանյան հզոր գործընկերների: Եվ միայն Իրաքի և Աֆղանստանի խնդիրները լուծելուց հետո հնարավոր կլինի անվտանգություն ապահովել, ինչը սակայն մեծ ռեսուրսներ կպահանջի,” ասել է Օբաման:

Իր վերջին այցի ընթացքում Օբաման նաև անհատական հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյըրի և ընդդիմադիր Պահպանողական կուսակցության ղեկավար Դեյվիթ Քեմերոնի հետ:

XS
SM
MD
LG