Մատչելի հղումներ

Բարաք Օբամայի հաղթանակը ԱՄՆ-ի պատմական ընտրություններում


Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ է ընտրվել Բարաք Օբաման: Իլինոյս նահանգի Դեմոկրատական կուսակցության սենատորն իր պաշտոնավարությունը կսկսի 2009թ. հունվարի 20-ին:

Չիկագո նահանգի Գրենթ այգում հարյուր հազարավոր աջակիցներ էին հավաքվել` կիսելու իրենց ուրախությունը և նշելու նորընտիր նախագահի հաղթանակը:

Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում Հանրապետական կուսակցության թեկնածու սենատոր Ջոն Մքքեյնն ընդունել է իր պարտությունը` տեղեկացնելով իր աջակիցներին, որ եկել է իրենց երկար ճանապարհի ավարտը: “Ամերիկացիներն այսօր իրենց հստակ խոսքն են ասել: Քիչ առաջ պատիվ եմ ունեցել զանգահարելու սենատոր Բարաք Օբամային և նրան շնորհավորել եմ մեր երկուսի կողմից շատ սիրված երկրի հաջորդ նախագահը դառնալու կապակցությամբ”, ասել է Ջոն Մքքեյնը:

Կարճ ժամանակ անց Չիկագոյում սենատոր Օբաման իր կնոջ և երկու երեխաների ուղեկցությամբ բեմ է բարձրացել և հանդես է եկել իր հաղթանակը նշող ելույթով, որը հեռարձակվել է ամբողջ աշխարհով մեկ: “Մենք երկար ճանապարհ ենք անցել, սակայն այսօր` այս ընտրություններում և այս որոշիչ պահին, մեր գործողությունների շնորհիվ մենք փոփոխություն բերեցինք Ամերիկայում”, ասել է նա:

Այս ընտրությունը պատմական նշանակություն ունի: Հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելով` Բարաք Օբաման կդառնա առաջին սևամորթ նախագահը ԱՄՆ-ի 232 տարվա պատմության մեջ: Այս ընտրությունով վերջ է դրվում Հանրապետական կուսակցության շուրջ ութ տարի շարունակվող իշխանությանը Սպիտակ տանը”:

Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Բարաք Օբաման մեծ առավելությամբ հաղթել է նահանգներին հասանելիք ընտրական ձայները: Հաղթելու համար անհրաժեշտ է 270 ընտրական ձայն: Սենատոր Մքքեյնը քիչ թվով ձայներ է ստացել, իսկ սենատոր Օբաման հաղթել է Օհայոյում և Փենսիլվանիայում` նահանգներ, որոնք շատերի կարծիքով միանգամայն անհրաժեշտ էին Մքքեյնի հաղթանակի համար:

Չիկագոյում ունեցած իր ելույթում Բարաք Օբաման անդրադարձել է պետության առջև ծառացած խնդիրներին: Այդ թվում նա նշել է Իրաքի և Աֆղանստանի պատերազմները, վերջին հարյուրամյակի ընթացքում ամենածանր ֆինանսական ճգնաժամը և երկիր մոլորակին սպառնացող էկոլոգիական խնդիրները: “Անհրաժեշտ է էներգիայի նոր աղբյուրներ փնտրել, նոր աշխատատեղեր ստեղծել, նոր դպրոցներ կառուցել, դիմակայել սպառնալիքներին և վերականգնել դաշնակիցների հետ հարաբերությունները: Մեզ երկար և խրթին ճանապարհ է սպասվում: Այս նպատակներին հնարավոր է մեկ տարում մեկ պաշտոնավարման ժամկետում չհասնենք: Բայց այսօր քան երբևէ ես համոզված են, որ այդ նպատակներին մենք կհասնենք”, նշել է նա:

Սենատոր Օբաման միասնականության կոչ է արել երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար, մինչդեռ սենատոր Մքքեյնը հանձն է առալ իր աջակցությունը ցուցաբերել անկախ այն տարաձայնություններից, որոնք ի հայտ են եկել քարոզարշավի ընթացքում:

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում մեծ բազմություններ են հավաքվել տոնելու սենատոր Օբամայի հաղթանակը: Ականատեսները վկայում են, որ ամենուրեք կարելի է տեսնել ուրախության արցունքներ և ժպիտներ: Ընդհանուր առմամբ շատ տոնական մթնոլորտ է տիրում:

Դեմոկրատական կուսակցությունը նաև մեծ հաղթանակ է արձանագրել Կոնգրեսի ընտրություններում: Երեքշաբթի օրվա ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուները հաղթանակներ են տարել Ներկայացուցիչների պալատում և Սենատում: 1995թ. ի վեր առաջին անգամ է, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կգերակշռեն միաժամանակ Սպիտակն տանը, Սենատում և Ներկայացուցիչների պալատում:

XS
SM
MD
LG