Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման ողջունել է տնտեսության խթանման փաթեթի ընդունումը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է Կոնգրեսի կողմից տենտեսության վերականգնման ծրագրի հաստատումը` ասելով, որ դա “շոշափելի առաջընթաց” է ԱՄՆ-ի բնակչությանն աջակցելու գործում:

Իր շաբաթական ելույթում նախագահն ասել է, որ օրենսդրության ընդունումը “խոշոր ձեռքբերում է տնտեսության վերականգնման ճանապարհին”: Նա խորին շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի անդամներին հանուն ընդհանուր նպատակի միասնաբար այս օրինագիծն իրականություն դարձնելու համար:

Ուրբաթ երեկոյան ԱՄՆ-ի Սենատը, հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին, 60 կողմ և 38 դեմ ձայներով հաստատեց տնտեսության վերականգնման 787 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթը: Դա մեծ հաղթանակ էր նախագահ Բարաք Օբամայի համար: Սակայն, հատկանշական է, որ հանրապետականների ճնշող մեծամասնությունը դեմ է քվեարկել ծրագրին:

Նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ էր արել ծրագիրը հաստատել մինչև փետրվարի 16-ը, այն է` պետականորեն նշվող Նախագահի օրը: Օրենսդիրներն այդպես էլ վարվեցին:

Շուրջ 1,000 էջից բաղկացած այս փաստաթուղթը նախատեսում է ծախսումներ և հարկային կրճատումներ, որոնք ուղղված են աշխատատեղեր ստեղծելուն և տնտեսական աճ ապահովելուն: Փաթեթի այս տարբերակը Ներկայացուցիչների պալատում և Սենատում հաստատված օրինագծերի շրջանակում փոխզիջումների արդյունքն է:

Նախագահ Օբաման նշել է, որ օրինագիծը, որը հաջորդ շաբաթ իր կողմից ստորագրվելուց հետո օրենքի ուժ կստանա, կօգնի գալիք երկու տարիների ընթացքում պահպանել կամ ստեղծել առավել քան 3.5 միլիոն աշխատատեղեր, զարկ կտա ձեռնարկությունների և անհատների գնողունակությանը, ինչպես նաև կայուն տնտեսական աճի և հրաստության նոր հիմք կստեղծի:

Նախագահը հստակեցրել է, որ փաթեթի գործադրումը կիրականանա “աննախադեպ հաշվետվողականության, պատասխանատվության և թափանցիկության” պայմաններում: Նա հայտարարել է, որ այս նպատակով ստեղծված նոր վեբ կայքը (www.recovery.gov) յուրաքանչյուր անձի թույլ կտա հետևել փաթեթի գործադրման ընթացքին և հանդես գալ մեկնաբանություններով և հարցերով:

XS
SM
MD
LG