Մատչելի հղումներ

Նորընտիր նախագահ Օբամայի պաշտոնամուտից հետո Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները կշարունակվեն


Հունվարի 20-ին իր պաշտոնավարումն սկսելուց հետո նորընտրի նախագահ Բարաք Օբաման ներքին և արտաքին քաղաքականության բնագավառում բազմաթիվ դժվարին որոշումներ պետք է կայացնի: Դրանց թվում է նաև Ռուսաստանի հանդեպ որդեգրվելիք քաղաքականությունը: Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանություն ապահովելու ԱՄՆ-ի ծրագրերը ռուս-ամերիկյան հարաբերություններում ամենախնդրահարույց հարցերից է:

Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, Վաշիգնտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները բարիդրացիական չեն: Որոշ փորձագետներ այդ հարաբերությունները որակում են նույնիսկ որեպս “անբավարար”, “լարված” և “շատ ցածր մակարդակի”:

Հարվարդի համալսարանից Մարշալ Գոլդմանի կարծիքով երկու կողմերն էլ մեղավոր են հարաբերությունների վատթարացման գործում. “Նախագահ Ջորջ Բուշի կառավարման ընթացքում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականության որոշ տարրեր Ռուսաստանն ընկալել է որպես միակողմանի քայլեր, որոնք ուղղված են համաշխարհային քաղաքական համակարգում Ռուսաստանի դիրքը խարխլելուն: Միևնույն ժամանակ Ռուսաստանի որոշ քայլեր և հատկապես Վրաստանի պատերազմը զայրացրել են ամերիկացիներին և ԱՄՆ-ի ղեկավարներին”:

Գոլդմանը նաև նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ նավթի գների աճի արդյունքում Ռուսաստանի տնտեսական կարգավիճակն սկսեց բարձր դիրք գրավել աշխարհում, Ռուսաստանն սսկեց ցանկանալ վերականգնել համաշխարհային գերտերության իր դիրքը. “Հետզհետե ապացուցելով, որ առավել որոշիչ տեղ կարող է զբաղեցնել համաշխարհային ասպարեզում` Ռուսաստանն անխուսափելիորեն “ներխուժեց” ԱՄՆ-ի տարածք, որը մինչ այդ ստանձնել էր միակ գերտերության դերը: Հենց այդ ժամանակ էլ սկսվեց երկու պետությունների հակասությունները: Եվ այժմ մենք գտնվում ենք այդ իրավիճակում”:

Փորձագետների կարծիքով, վերջին ժամանակահատվածում ռուս-ամերիկյան հարաբերությունների աննախադեպ լարում արձանագրվեց օգոստոս ամսին Վրաստանի և Ռուսաստանի միջև հնգօրյա պատերազմի ընթացքում և հետևանքով: ԱՄՆ-ը խիստ քննադատության արժանացրեց Ռուսաստանի մեծամասշտաբ ռազմական գործողությունները Վրաստանում` ի պատասխան վերջինիս փորձերին ինքնահռչակ Հարավային Օսիայի տարածքում հաստատել Թբիլիսի հսկողությունը: Արդյունքում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը պաշտոնական Մոսկվային զգուշացրեց, որ 21-րդ դարում սպառնալիքների և նսեմացման միջոցով արտաքին հարաբերություններ չեն վարում:

Մինչ ռուս-վրացական պատերազմը լուրջ վտանգ հանդիսացավ ռուս-ամերիկյան հարաբերությունների համար, փորձագետների կարծիքով երկու պետությունների միջև ամենախնդրահարույց հարցը նախագահ Բուշի վարչակարգի ծրագիրն է Արևելյան Երվոպայում` Լեհաստանում և Չեխիայում, հակահրթիռային պաշտպանություն հիմնել: ԱՄՆ-ը նման ծրագիրն արդարացնում է Իրանից եկող հնարավոր վտանգերից պաշտպանության տեսանկյունից` պնդելով, որ դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

Սակայն, ինչպես Քըլամբիա համալասարանից Ռոբերտ Լեգվոլդն է բացատրում, Ռուսաստանը մեծապես դեմ է հակահրթիռային պաշտպանության ծրագրի իրականացմանը, քանի որ չի հավատում, որ ծրագիրն ուղղված է Իրանից եկող հրթիռներից պաշպանությանը` միևնույն ժամանակ գիտակցելով, որ Լեհաստանում և Չեխիայում տեղադրվելիք սպառազինական սարքավորումներն այն ծավալի չեն, որ վտանգեն Ռուսաստանի միջուկային կարողությունները:

Ռուսաստանի համար այս խնդրի կարևորությունը ևս մեկ անգամ ընգծվեծ Բարաք Օբամայի նախագահ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ անց, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուս ազգին ուղղված իր տարեկան ելույթում սպառնաց կարճ շառավղով հրթիռներ տեղադրել Կալինինգրադում` ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Լեհաստանի և Լիտվայի միջև տեղակայված ռուսական հողում, եթե Օբամայի վարչակարգը իրականացնի հակահրթիռային պաշտպանության ծրագիրը:

Բազմաթիվ վերլուծաբանների` այդ թվում նաև Փրինսթոնի համալսարանից Ջեյսոն Լյալի կարծիքով, սա անմիջական մարտահրավեր էր նորընտիր նախագահին: “Հետաքրքիր զուգահեռներ կարելի է գտնել Խորհրդային ժամանակաշրջանի հետ: Այն ժամանակ առնվազն Խորհրդային Միության ղեկավարությունը կսպասեր նորընտիր նախագահի պաշտոնամուտին և մոտ վեց ամիս պաշտոնավարմանը մինչև մարտահրավեր նետելը: Սակայն այս անգամ նույնիսկ վեց ժամ չսպասեցին: Կարծում եմ` Մեդվեդևը փորձում է վերականգնել Ռուսաստանի առաջնային դերը համաշխարհային գործերում, քանի որ մտահոգություն կա, որ Ռուսաստանի դերը կարող է երկրորդական դառնալ: Շուրջ երկու տարի ձգվող նախընտրական արշավում Ռուսաստանին մեծ տեղ չի հատկացվել, քանի որ միջազգային քաղաքականության ասպարեզում ուշադրության կենտրոնում էին Իրաքը և Աֆղանստանը: Կարծում եմ` Մեդվեդևը ոչ թե ճգնաժամ էր փորձում ստեղծել, այլ պարզապես ազդանշան էր ուղարկում, որ Ռուսաստանը դեռևս հզոր է և պետք է նրան ուշադրություն դարձնել: Նա փորձում է Ռուսաստանը բարձրացնել ԱՄՆ-ի հետ նույն մակարդակի”, նշել է Ջեյսոն Լյալը:

Եվրոպական հարցերով փորձագետ Ուիլիամ Դրոզդիակի կարծիքով, դիվանագիտական տեսանկյունից նախագահ Մեդվեդևի նախազգուշացումը ժամանակավրեպ էր: “Օբամայի հանդեպ ճնշում գործադրելը Ռուսաստանի շահերից չի բխում, քանի որ անկախ կուսակցական պատկանելիությունից ցանկացած նախագահ, նման ագրեսիվ ազդանշաններ ստանալով, կփորձի ցույց տալ իր և իր երկրի հզորությունը և հետևաբար հակառակ ճնշում կգործադրի: Այսպիսով, եթե Մեդվեդևը առավել բարիդրացիական հարաբերություններ էր ակնկալում Վաշինգտոնից, դա այդպես չի լինի, քանի որ ոչ մի նախագահ` հատկապես պաշտոնավարման սկզբում, չի ցանկանա թույլ վարչակարգի ազդակներ ուղարկել”:

Նորընտիր նախագահ Օբաման չի արձագանքել նախագահ Մեդվեդևի հայտարարությանը: Նրա օգնականների խոսքերով, Բարաք Օբաման կողմ կլինի հակահրթիռային պաշտպանության ծրագրին, միայն եթե ապացույցներ լինեն, որ տեխնոլոգիապես դրանք իրենց արդարացնում են: Բարաք Օբամայի խորհրդականները նաև ասում են, որ նա ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ միջուկային զենքերի նվազեցման և ի վերջո միջուկային զենքերից զերծ աշխարհ ունենալու հարցերում:

Վաշինգտոնում վերջերս կայացած միջազգային տնտեսական գագաթաժողովի ժամանակ Դմիտրի Մեդվեդևը առավել խաղաղարար դիրքորոշում է ունեցել` հույս հայտնելով, որ Օբամայի ղեկավարության ընթացքում ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն:

XS
SM
MD
LG