Փորձագետների կարծիքով` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հաջողվել է իր պաշտոնավարման առաջին հարյուր օրերի ընթացքում բարելավել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ընդհանուր պատկերը, սակայն զգալի ձեռքբերումները դեռևս առջևում են:
Արտաքին քաղաքականության բնագավառում Բարաք Օբամայի ամենահանդուգն քայլը թերևս իր նախկին հակառակորդին` Հիլարի Քլինթընին, պետքարտուղարի պաշտոնում նշանակելն էր` ի հեճուկս քարոզարշավի ընթացքում վերջինիս հնչեցրած գնահատականներին:
"Ամերիկյան ժողովուրդն ստիպված չի լինի մտորել, թե արդյոք ես տիրապետում եմ խնդիրներին կամ արդյոք ինձ արտաքին քաղաքականության վերաբերյալ ձեռնարկ անհրաժեշտ կլինի ճգնաժամային իրավիճակներում կողմնորոշվելու համար", 2008թ. փետրվարին ասել է Հիլարի Քլինթընը:
Սակայն երբ Բարաք Օբամայի` նախագահի պաշտոնում առաջադրումը հաստատվեց, երկու թեկնածուները մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, միասնաբար նախընտրական միջոցառում անցկացրեցին Յունիթի քաղաքում, որի անվանումն անգլերեն նշանակում է "միասնություն":
"Ուզում եմ Ձեզ հավաստիացնեմ, որ նա հիասքանչ քաղաքական գործիչ է", 2008թ. հունիսի 27-ին ասաց Բարաք Օբաման:
Իսկ Հիլարի Քլինթընն իր կողմից հավաստիացրեց, որ ոչ մի կասկած չունի Բարաք Օբամայի առաջնորդելու կարողության առնչությամբ: "Որովհետև ես գիտեմ, որ նա լինելու է այնպիսի գլխավոր հրամանատար, ով երբեք չի տարակուսի անհրաժեշտության դեպքում ուժ գործադրել, բայց միևնույն ժամանակ հնարավոր բոլոր դեպքերում առաջնահերթ կերպքով կփորձի դիվանագիտական լուծումներ գտնել", ասաց նա:
Սենատն առանց որևէ բարդության հաստատեց Հիլարի Քլինթընի թեկնածությունն այն բանից հետո, երբ նա սենատորներին հավաստիացրեց, որ Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունն առավել հանդուրժողական է լինելու:
"Մենք պետք է կիրառենք այսպես կոչված "խելացի ուժ", այն է` մեր հայեցողության տակ գտնվող` դիվանագիտական, տնտեսական, քաղաքական, ռազմական ,իրավական և մշակութային լծակների ամբողջությունը", 2009թ. հունվարին նշեց նա:
Ի տարբերություն Բուշի վարչակազմին` Բարաք Օբաման հատուկ դեսպաններ նշանակեց համընդհանուր մտահոգության վայրերում. Աֆղանստանում և Պակիստանում` նախկինում Բալկանյան երկրներում բանակցային գործընթացի պատասխանատու Ռիչարդ Հոլբրուքին և արաբ-իսրայելյան հակամարտության բնագավառում` նախկինում սենատոր Ջորջ Միթչելին:
"Ես չեմ թերագնահատում այս առաջադրանքի բարդությունը: Մերձավոր Արևելքում իրավիճակը չափազանց փխրուն է, խրթին և վտանգավոր", խոստովանել է Ջորջ Միթչելը:
Հյուսիսային Կորեայի հարցերով պատասխանատու է նշանակվել վետերան դիվանագետ Սթիվեն Բոսվորթը: Նա ողջույնի արժանացավ Սեուլում, սակայն մուտքի իրավունք Պխենյանից չստացավ:
Շաբաթներ անց Հյուսիսային Կորեան մարտահրավեր նետեց միջազգային հանրությանը` փորձարկելով երկար շառավիղ ունեցող հրթիռ և հրաժարվելով միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից:
Իրանի և Կուբայի հետ երկխոսության առաջարկի առնչությամբ նախագահ Օբաման արժանացավ հանրապետականների քննադատությանը և Վենեսուեալայի նախագահ Հուգո Չավեսի բարեկամական ձեռքսեղմմանը:
Հանրապետական Քոնի Մեքը Ներկայացուցիչների պալատում իր ելույթում նշեց, որ նման մոտեցումը չի փոխի ոչ Կուբան, ոչ էլ` պարոն Չավեսին: "Երբ Իրանը Վենեսուեալային օգտագործում է որպես մուտք դեպի մեր երկրամաս, մենք կարող ենք կրկին հայտնվել Կուբայի հրթիռային ճգնաժամի նման իրավիճակում", ասել է նա:
Սակայն Ջոն Հոփքինս համալսարանից Դենիել Հեմիլթընը բարձր է գնահատում նախագահ Օբամայի` որպես վստահելի համաշխարհային գործընկեր ԱՄՆ-ի դերը վերականգնելուն ուղղված ջանքերը:
"Պետությունը, որը ձեռք է մեկնում հակառակորդներին նույնիսկ տարաձայնությունների դեպքում, ի վիճակի է առնվազն քննարկել այդ տարաձայնությունները: Վերջին հարյուր օրերի ընթացքում ԱՄՆ-ի այսպիսի տպավորություն է ստեղծել", ասում է նա:
Վերլուծաբանները նաև ողջունել են նախագահի` Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը:
Բրուքինգս հաստատությունից Մայքլ Օհենլընն ասում է, որ դեռևս չափազանց վաղ է դատելու, թե արդյոք այս նոր մոտեցումը դիվանագիտական օգուտներ կբերի. "Չեմ կարող միանշանակ ասել, որ սա հիանալի և անխափան սկիզբ է: Ես կուզենայի որևէ խնդրի փաստացի լուծում տեսնել նախքան գովասանքի խոսքեր ասելը":
Դենիել Հեմլիթընն ասում է, որ նա նույնպես չի ցանկանում վաղ գնահատական տալ նախագահ Օբամային: Նա ասում է, որ առավել ճիշտ կլինի գնահատականներ տալ պաշտոնավարման առաջին մեկուկես տարվա լրանալուց հետո: