Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման միասնականության կոչ է անում 20 ամենազարգացած պետություններին


20 ամենազարգացած պետությունների գագաթաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման միասնականության կոչ է արել մասնակից պետություններին: Նրա մյուս նպատակը Ռուսաստանի հետ զինամթերքի վերաբերյալ նոր պայմանագրի կնքումն էր:

Նախագահի օրակարգը խիստ ծանրաբեռնված էր: Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդըն Բրաունի հետ համատեղ մամլո ասուլիսից և մասնակից պետությունների ղեկավարների հետ հանդիպումներից մինչև
Մեծ Բրիտանիայի Թագուհու մոտ ընդունելություն նախագահ Օբաման գտնվում էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում:

Աշխարհի 20 ամենազարգացած պետությունների ղեկավարների չորեքշաբթի երեկոյան պաշտոնապես մեկնարկած հանդիպման հիմնական խնդիրը համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր:

Համաշխարհային տնտեսության խթանման և ֆինանսական համակարգի վերահսկման շուրջ հակասությունների արդյունքում որոշակի լարվածություն կար նախքան գագաթաժողովի մեկնարկը:

Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Բրաունը մեծ եռանդով անդրադարձավ համագործակցության հնարավորություններին: "Առաջին անգամ է, որ տնտեսական ճգնաժամին լուծումներ գտնելու համար ամբողջ աշխարհն է միավորվել: Երկրորդ աշխարհամարտից ի վեր որևէ ճգնաժամ չի արժանացել այս մակարդակի միջազգային համագործակցության”, մամլո ասուլիսին հայտարարել է վարչապետ Բրաունը:

Իսկ նախագահ Օբաման համոզմունք է հայտնել, որ սա համախոհների հանդիպում է. "Ես միանգամայն վստահ եմ, որ այս հանդիպումը կարտացոլի մեր բոլորի համոզմունքը, որ այս խնդիրները լուծելու համար համատեղ ջանքեր են անհրաժեշտ”:

Միասին գործելու կարևորությանը նա նաև անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ արծարծված ռազմավարական խնդիրների լուծման հարցում:

Նրանք հայտարարել են մեծ շառավղով միջուկային զենքերի կրճատման խնդրի շուրջ բանակցությունների նոր փուլի մեկնարկի մասին: "Կարծում եմ, որ այսօր շատ կառուցողական երկխոսություն սկսվեց, ինչը մեզ թույլ կտա աշխատել փոխադարձ հետաքրքրության այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են` միջուկային զենքերի կրճատումը և միջուկային զենքերի տարածման դեմ պայքարի պայմանագրերի ամրապնդումը”, ասել է նախագահ Օբաման:

Նա նաև հայտարարել է, որ հուլիսին կմեկնի Ռուսաստան: Այնուհետև, մի քանի ժամ անց Չինաստանի նախագահ Հու Ջինտաոյի հետ հանդիպման ընթացքում նախագահ Օբաման նաև ընդունել է Չինաստան այցելելու հրավերը:

Չորեքշաբթի օրը նրա անհատական հանդիպումները և նրա մասնակցությամբ պաշտոնական միջոցառումները հետևում էին մեկը մյուսին` կարծես մասամբ կամ նույնիսկ ամբողջովին շեղելով ուշադրությունը գագաթաժողովի դեմ ուղղված բողոքի ակցիաներից, որոնք որոշ դեպքերում զուգորդվում էին բռնություններով:

Լոնդոնի ֆինանսական կենտրոնում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասնակիցներն ապրիլմեկյան իրադարձություններն անվանեցին “ֆինանսապես խաբվածների օր”:

XS
SM
MD
LG