Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման խաղաղության հասնելու համար գործընկերներ է փնտրում մահմեդական աշխարհում


<!-- IMAGE -->

Կահիրեի համալսարանում իր պատմական ուղերձի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշել է, որ Ամերիկան և մահմեդականությունը “իրարամերժ չեն և չպետք է մրցեն”:

“Կան բազմաթիվ ընդհանուր եզրեր և սկզբունքները, այդ թվում` արդարության և առաջընթացի, հանդուրժողականության և բոլոր մարդկանց արժանապատվության սկզբունքները”, ասել է նախագահը:

Բարաք Օբաման ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի մահմեդականների միջև հարաբերությունների վերաձևավորման կոչ է արել: “Տարբերությունների շուրջ մեր հարաբերությունները ձևավորելով` մենք կհզորացնենք նրանց, ովքեր ոչ թե խաղաղություն, այլ ատելություն են սերմանում, ովքեր խթանում են հակամարտությունները, այլ ոչ` համագործակցությունը, ինչը արդարության և ծաղկունքի հիմք կարող է դառնալ:”, մասնավորապես ասել է նա:

Նախագահ Օբաման ընդգծել է, որ բաժանարար գծեր առաջացնող լարվածության աղբյուրները պետք է անկեղծորեն ուսումնասիրվեն, և որ բոլոր կողմերը պետք է “հետևողականորեն ջանքեր գործադրեն միմյանց լսելու, միմյանցից սովորելու…և ընդհանուր հիմքեր գտնելու համար”:

Մասնավորապես նա առանձնացրել է լարվածության մի քանի աղբյուրներ, այդ թվում` բռնի ծայրահեղականությունը, իսրայելցիների, պաղեստինցիների և արաբների միջև ստեղծված իրավիճակը, պետությունների իրավունքներն ու պարտավորությունները միջուկային զենքերի առնչությամբ, ինչպես նաև կառավարությունների պարտավորությունը հաշվետու լինել իրենց ժողովուրդներին: Նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ի աջակցությանը մարդու իրավունքների, կրոնական ազատությունների, կանանց իրավունքների երաշխավորման և համաշխարհային տնտեսական հնարավորությունների և զարգացման ասպարեզներում:

Նախագահը նշել է, որ այդ խնդիրների համար դյուրին լուծումներ չկան, “սակայն մենք պատասխանատվություն ենք կրում մեր ջանքերը համադրելու` ի դեմս և հանուն այն աշխարհի, որին ձգտում ենք. աշխարհ, որտեղ ծայրահեղականությունը մարդկանց որևէ սպառնալիք չի ներկայացնում, և ամերիկացի զինվորները կարող են տուն վերադառնալ, աշխարհ, որտեղ իսրայելցիներն ու պաղեստինցիներն անվտանգ ապրում են իրենց համապատասխան առանձին պետություններում, և որտեղ միջուկային էներգիան օգտագործվում է բացառապաս խաղաղ նպատակներով, աշխարհ, որտեղ կառավարությունները ծառայում են քաղաքացիներին, և Աստծո բոլոր զավակների իրավունքները պաշտպանված են: Այս բոլորը փոխշահավետ նկրտումներ են: Մենք այդպիսի աշխարհ ենք ձգտում ստեղծել, սակայն միայն միասին մենք կկարողանանք հաջողության հասնել”:

“Այս ամենն անհրաժեշտ է անել համագործակցության միջոցով,” ասել է նախագահ Օբաման` հավելելով, որ ամերիկացիները պատրաստ են համագործակցելու մահմեդական աշխարհը ներկայացնող քաղաքացիների, կառավարությունների, համայնքային կազմակերպությունների, կրոնական առաջնորդների և ձեռներցենրի հետ` մարդկան կենսակերպի բարելավմանը նպաստելու նպատակով:

XS
SM
MD
LG