Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը վստահեցրել է, որ, չնայած ներկա բարդություններին, ԱՄՆ-ի տնտեսությունը կվերականգնվի


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշել է, որ տնտեսական ճգնաժամի հետևանքով բազմաթիվ ամերիկացիներ կանգնել են մեծ բարդությունների առջև: Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ երկրի տնտեսությունը կվերականգնվի:

Ուրբաթ օրը նախագահ Օբաման անդրադարձել է տնտեսական ճգնաժամի արդյունքում ամերիկացիների առջև ծառացած խնդիրներին:

"Բազմաթիվ ընտանիքներ այժմ անհավատալի ցավ և դժվարություններ են ապրում: Հատկապես դժվար է նրանց համար, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կամ տունը”, ասել է նախագահը:

Բայց միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ իրավիճակը հուսադրող է: "Մենք կարող ենք ապաքինվել, եթե մեր ուշադրությունը բևեռենք մեր տնտեսության հիմնական ուժեղ կողմերին, այն է` մեր ակնառու ընկերությունները, աշխատուժը, մեր տնտեսության նորարարությունն ու ճկունությունը”, մասնավորապես նշել է նա:

Նախագահ Օբաման այս հայտարարությունն արել է իր տնտեսական խորհրդատուներից մեկի` Փոլ Վոլքերի հետ հանդիպումից հետո: Վոլքերի կարծիքով` ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի բուժումը “բարդագույն խնդիր” է:

"Ֆինանսական համակարգից բացի նաև մեծ տնտեսական խնդիրներ կան, որոնց լուծման համար առավել երկար ժամանակ կպահանջվի", նշել է նա:

Մինչդեռ նախագահ Օբամայի տնտեսական հարցերով ավագ խորհրդական, Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Լոուրենս Սամերսը նաև դրական զարգացումներ է մատնանշել:

"Իհարկե շատ վաղ է նախագահի ծրագրի ազդեցությունը լիարժեքորեն գնահատելու համար: Սակայն փոքր-ինչ խրախուսիչ է այն փաստը, որ ծրագրի ձևավորմանը զուգահեռ ԱՄՆ-ում, կարծես, սկսել է կայունանալ սպառողական ծախսերի մակարդակը, որը մինչ այդ անկում էր ապրում”, ասել է նա:

Սակայն նրա ելույթին զուգահեռ հրապարկվել է նոր զեկույց, որի համաձայն սպառողները հոռետեսորեն են տրամադրված տնտեսության հանդեպ:

Բացի այդ, զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ի առևտրի դեֆիցիտը վերջին վեց տարիների ընթացքում ամենացածր մակարդակի է հասել, քանի որ տնտեսական անկման արդյունքում նվազել է ներմուծվող ապրանքների պահանջարկը:

Մինդեռ, Նյու Յորքի արժեթղթերի բորսայում արդեն չորս օր շարունակ Դոու Ջոնսի ցուցանիշը վերելք է ապրում: Նոյեմբեր ամսից ի վեր սա արժեթղթերի շուկայի ամենաբարեհաջող շաբաթն է եղել:

XS
SM
MD
LG