Մատչելի հղումներ

Նախագահ Օբամայի լայնածավալ և նպատակասլաց օրակարգը


Նախագահների գործունեության առաջընթացն ու արդյունավետությունը սովորաբար գնահատում են պաշտոնավարության առաջին 100 օրերի լրանալուց հետ: Նախագահ Բարաք Օբաման անցել է այդ ուղու կեսից ավելին:

Ի սկզբանե Բարաք Օբաման նկրտումներով լի նախագահություն էր խոսք տվել: "Այսօր մենք կանգնած ենք առարկայական մարտահրավերների առջև: Դրանք շատ են և չափազանց լուրջ: Սակայն, իմացիր, Ամերիկա՛, մենք դրանք կհաղթահարենք”, նախագահն ասել է իր պաշտոնամուտի ելույթում:

Պաշտոնամուտից հետո նախագահ Օբաման առաջնահերթություն տվեց ԱՄՆ-ի թույլ տնտեսությանն ուղղված միջոցառումներին: Առ այժմ նրա ամենամեծ ձեռքբերումը տնտեսության խթանմանն ուղղված ծրագրի ընդունումն է:

Նախագահների գործունեությունն ուսումնասիրող Ջերեմի Մեյըրի խոսքերով. "Չանդրադառնալով ծրագրի բովանդակությանը` միայն դրա ընդունման փաստը կարելի է որպես խոշոր քաղաքական ձեռքբերում համարել: Որոշ նախագահներ նման մասշտաբի ձեռքբերում չեն ունենում նույնիսկ պաշտոնավարման չորս տարիների ընթացքում":

Սակայն հանրապետականները մեծամասամբ դեմ էին այդ ծրագրին` պատճառաբանելով դրա բարձր արժեքը:

Մամլո ասուլիսների ժամանակ և Կոնգրեսում հաճախ բարձրացվում է այն հարցը, թե ինչպես է նախագահը պատրաստվում միաժամանակ լուծել այնպիսի բարդագույն խնդիրներ, ինչպիսիք են առողջապահության, կրթության և էներգետիկայի բնագավառներում բարեփոխումները:

"Նախագահները լուծելու բազմաթիվ խնդիրներ ունեն, սակայն ոչ ոք չի ասում, որ ամենախելացի մոտեցումը դրանք բոլորը միաժամանակ լուծելու փորձն է”, ասել է սենատոր Լամար Ալեքսանդրը:

Սակայն նախագահը համաձայն չէ այդ տեսակետին: "Գիտեմ, որ ոմանք կարծում են, որ պետք է հերթով լուծենք մեր առջև ծառացած խնդիրները: Սակայն այժմ մեզ չենք կարող թույլ տալ ընտրություն կատարել տնտեսությունը ներկայում խթանելու և ընդհանուր առամամբ այն վերակառուցելու մեջ”, ասել է նա:

1930-ականներին Ֆրանկլին Ռուզվելտի նախագահությունից սկսած նախագահների գործունեությունը գնահատվում է պաշտոնավարման առաջին 100 օրերի ավարտին:

Ռուզվելտը պետության ղեկն ստանձնեց Մեծ անկման ամենաթեժ պահին և պաշտոնամուտից անմիջապես հետո սկսեց իրականացնել տնտեսության խթանմանն ուղղված մի շարք ծրագրեր: Նա ժամանակավորապես փակել տվեց բանկերը և մի շարք պետական ծրագրերի միջոցով աշխատատեղեր ստեղծեց:

"Դա մի անծայրածիր ծրագիր էր: Այլևս ոչ ոքի չի հաջողվել այդքան կարճ ժամանակահատվածում նման մեծ թվով մարդկանց համար այդքան նպաստավոր բան անել”, նշել է Ջերեմի Մեյըրը:

Որոշ փորձագետներ զուգահեռներ են անցկացնում նախագահ Օբամայի և նախագահ Ռուզվելտի միջև:

Ջորջթաուն համալսարանից Սթիվեն Ուեյնն ասում է, որ տնտեսության հարցում Բարաք Օբաման փորձում է գտնել լավատեսության և իրատեսության ոսկե միջինը: "Մի կողմից նա պետք է իրատես լինի. նա չի կարող ասել` եթե այս օրինագիծն անցնի, ապա հաջորդ ամիս ամեն ինչ լավ կլինի: Բայց մյուս կողմից, մարդկանց հույս է հարկավոր”, ասել է նա:

Ավանդաբար, փորձագետները մեծամասամբ կարևորում են առաջին 100 օրը, քանի որ հաճախ այդ ժամանակահատվածում արդեն պարզ է դառնում, թե ինչպես է նախագահը հարաբերվում ժողովրդի հետ:

"Նախագահները հատկապես ճգնաժամային իրավիճակներում շատ կարճ ժամանակ ունեն, քանի որ շուտով առկա խնդիրները կարող են վերագրվել իրենց իսկ սխալներին: Ըստ հարցախույզների` նախագահ Օբամային դեռևս չեն մեղադրում ճգնաժամի համար”, նշել է Ջերեմի Մեյըրը:

Չնայած նախագահի ուշադրության կենտրոնում հիմնականում տնտեսությունն է, նա նաև մեծ քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքականության բնագավառում:

Նախագահը կոնկրետ օր է սահմանել Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման համար: Նա նաև հանձն է առել 17 հազար լրացուցիչ զորք ուղարկել Աֆղանստան: Բացի այդ, նա հանձն է առել փակել Կուբայում Գուանտանամոյի կալանավայրը:

Հարցախույզների համաձայն` հանրությունը բարձր է գնահատում անձամբ նախագահին, սակայն վերջին շաբաթների ընթացքում որոշակիորեն անկում է ապրել հանրային աջակցությունը նրա քաղաքականության որոշ կետերի նկատմամբ:

XS
SM
MD
LG