Մատչելի հղումներ

Իր պաշտոնավարման առաջին օրը նախագահ Օբաման զբաղվել է ոչ միայն քաղաքական հարցերով, այլև` այցելել է եկեղեցի


Իր պաշտոնավարման առաջին օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ոչ միայն զբաղվել է քաղաքական հարցերով և հանդիպել ռազմական և տնտեսական հարցերով իր խորհրդականների հետ, այլ նաև այցելել է Վաշինգտոնի Ազգային մայր տաճարը, որը կոնկրետ որևէ դավանանքի չի հարում:

Նախքան պետական կարևորության հարցերին անդրադառնալը Բարաք Օբաման նախագահի պաշտոնում իր առաջին օրն սկսել է հոգևոր առաջնորդություն ստանալով:

Նրա առաջին հանրային միջոցառումը Վաշինգտոնի Ազգային մայր տաճար այցելությունն էր, որտեղ միաբանության աղոթքը վարող քահանա Էնդի Սթեյնլին ասել է. "Գթա և գթասրտություն պարգևիր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային և իշխանություններին”:

Եկեղեցական այս արարողությունը, որին մասնակցել են քրիստոնյա, հրեա, մահմեդական և հինդու հոգևորականներ, ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Ուոշինգթոնի ներմուծած ավանդույթն է:

Արարողությունից անմիջապես հետո սկսվել է նախագահի աշխատանքային օրը: Փոխնախագահ Ջո Բայդընը երդվեցրել է Սպիտակ տան ավագ աշխատակիցներին: Այնուհետև նրանց ներկայությամբ նախագահ Օբաման պաշտոնապես հաստատել է էթիկայի նոր խստապահանջ կանոններ, երաշխավորել է կառավարության առավել թափանցիկություն և հանձն է առել չբարձրացնել իր ավագ օգնականների աշխատավարձը:

"Հնարավորինս հստակ կերպով ուզում եմ ասել, որ թափանցիկությունը և օրենքի գերակայությունն այս նախագահության գրավականներն են լինելու”, նշել է նախագահ Օբաման:

Այնուհետև նախագահ Օբաման իր տնտեսական հարցերով խմբի հետ համատեղ քննարկել է ԱՄՆ-ի վատթարացող տնտեսությանը վերաբերող հարցեր: Մինչդեռ ռազմական հարցերով խորհրդականների հետ առանձին հանդիպումներում նա անդրադարձել է Իրաքի և Աֆղանստանի խնդիրներին: Նախագահը հայտարարել է, որ իր ռազմական խորհրդականներին հանձնարարել է Իրաքից ԱՄՆ-ի ռազմական զինամիավորների դուրսբերման ծրագիր մշակել:

Նախագահ Օբամայի օրակարգում է եղել նաև Մերձավոր Արևելքի հակամարտությունը: Նրա օգնականների տրամադրած տվյալների համաձայն` Մերձավոր Արևելքի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում նախագահը հանձն է առել ջանքեր գործադրել` ամրապնդելու Գազայի հատվածում Իսրայելի և Համաս մահմեդական ռազմատենչ խմբավորման միջև զինադադարը, ինչպես նաև ընդհանուր առմամբ ձգտել արաբ-իսրայելյան խաղաղության հաստատմանը:

XS
SM
MD
LG