Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հանրապետական կոնգրեսականներին հորդորել է կողմ քվեարկել տնտեսության խթանման ծրագրին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը մի շարք հանդիպումներ է ունեցել հանրապետական կոնգրեսականների հետ` փորձելու նրանց համոզել կողմ քվեարկել իր ներկայացրած տնտեսության խթանման ծրագրին: Սակայն Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջնորդ Ջոն Բոհներն հայտարարել է, որ բազմաթիվ հանրապետականներ դեմ կքվեարկեն ներկայացված օրինագծին, եթե այն համապատասխան փոփոխությունների չենթարկվի:

Նախագահ Օբաման կոչ է արել կոնգրեսական հանրապետականներին մի կողմ դնել քաղաքական հակասությունները և քվեարկել 825 միլիարդ դոլար արժողությամբ տնտեսության խթանման փաթեթի օգտին:

"Ամերիկացիները կոնկրետ գործողություններ են ակնկալում: Նրանք ցանկանում են, որ նոր աշխատատեղեր ստեղծվեն, որ այնպիսի ներդրումներ կատարվեն, որոնք ի վերջո կհանգեցնեն ԱՄՆ-ի էներգետիկ անկախությանը, որ առողջապահական համակարգն արդյունավետ լինի, որ կրթական համակարգը գործի, որ ենթակառուցվածքները վերականգնվեն, և որ այդ ամենն արվի խելացի կերպով”, ասել է նա:

Տնտեսության խթանման ծրագիրը քննարկելու նպատակով` նախագահ Օբաման հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ:

Փաթեթը նախատեսում է միջին եկամուտ ունեցող ամերիկացիների և փոքր բիզնեսի հարկերի կրճատումների արդյունքում ստացվելիք մոտ 250 միլիարդ դոլար, ինչպես նաև 550 միլիարդ դոլարին համարժեք հատկացումներ ենթակառուցվածքների վերականգման և այլ ծրագրերի համար:

Նախագահ Օբաման նաև նշել է, որ ծրագիրը կնպաստի երեքից չորս միլիոն աշխատատեղերի ստեղծմանը կամ պահպանմանը:

Հանրապետականներն իրենց անհամաձայնությունն են արտահայտել այս ծրագրի շուրջ: Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջնորդ Ջոն Բոհների կարծիքով, փաթեթը չափազանց մեծ ծախսեր է նախատեսում կառավորության կողմից, մինչդեռ անհրաժեշտ է ավելացնել հարկային կրճատումները: Նա, այնուամենայնիվ, նախագահի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: "Ակնհայտ է, որ խթանման փաթեթի շուրջ որոշակի տարաձայնություններ կան, սակայն երկուսս էլ համամիտ ենք, որ այնպիսի ծրագիր է անհրաժեշտ, որն իրականում կգործի”, նշել է Ջոն Բոհները:

Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնելն ասել է, որ հանրապետական սենատորները նախագահի հետ շատ անկեղծ քննարկում են ունեցել: "Մի քանի հանրապետական սենատորներ որոշ հարցեր են ուղղել տնտեսության ներկա իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել են իրենց տեսակետները: Կարծում եմ` բոլորը գոհ էին անկեղծության մթնոլորտից”, ասել է պարոն ՄըքՔոնելը:

Մինչ այս շաբաթ Ներկայացուցիչների պալատում և Սենատում կսկսվեն տնտեսության խթանման փաթեթի շուրջ քննարկումները, ԱՄՆ-ի տնտեսության վիճակը շարունակում է վատթարանալ: Հունվար ամսին ԱՄՆ-ում սպառողների վստահության աննախադեպ ցածր մակարդակ է գրանցվել, իսկ երկուշաբթի օրը մի քանի խոշոր կորպորացիաներ հայտարարել են հազարավոր նոր կրճատումների մասին:

XS
SM
MD
LG