Չորեքշաբթի օրը լրացավ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման 100-րդ օրը, որը նա անցկացրեց` իր որդեգրած քաղաքականությունը խթանելով և ծավալվող առողջապահական ճգնաժամի պայմաններում համապատասխան լուծումներ փնտրելով:
Իր պաշտոնավարման հարյուրերորդ օրը նախագահը հանդես եկավ հանրության առջև և մամլո ասուլիս տվեց:
Երկու դեքպում էլ նա անդրադարձավ իր երիտասարդ վարչակազմի ձեռքբերումներին: Միսուրի նահանգում կազմակերպված համայնքային հանդիպմանը նա ասաց, որ Ամերիկայի վերափոխման գործընթացն արդեն մեկնարկել է:
"Ինձ գոհացնում է մեր արձանագրած առաջընթացը, սակայն ես բավարարված չեմ: Ապագան ինձ վստահություն է ներշնչում, սակայն ներկան ինձ չի բավարարում”, ասաց նախագահը:
Պաշտոնավարման երկրորդ հարյուրօրյակը չսկսած` նախագահ Օբաման կանգնեց նոր մարտահրավերի առջև, այն է` առաջին համազգային առողջապահական արտակարգ իրավիճակն իր նախագահության ընթացքում:
"Մենք շարունակում ենք հսկել ԱՄՆ-ի ողջ տարածքում H1N1 գրիպի վարակի ի հայտ եկող դեպքերը”, մամլո ասուլիսի ժամանակ նշեց նախագահը:
Բարաք Օբաման հստակեցրեց, որ Մեքսիկայի հետ սահմանի փակում չի նախատեսվում: Նա նշեց, որ գրիպի նոր շտամը մտահոգիչ է, բայց խուճապի պետք չէ մատնվել:
Ի տարբերություն նրա նախորդ երկու գլխավոր մամլո ասուլիսներին` այս ասուլիսի ժամանակ որևէ մեկ առանցքային խնդիր չառանձնացավ:
Նախագահ Օբամային տրվող հարցերը բազմաբնույթ էին, այդ թվում արծարծվեցին ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության իրավիճակին և ահաբեկչության կասկածով կալանավորված անձանց հարցաքննման ժամանակ դաժան միջոցների կիրառումը թույլատրող Բուշի վարչակազմի թողարկած փաստաթղթերի հրապարակման մասին որոշմանն անչվող հարցեր:
"Մենք կարող էինք այդ տեղեկություններն այլ ձևերով ստանալ` ընտրելով միջոցներ, որոնք համահունչ են մեր արժեքներին և մեր էությանը”, նշեց նա:
Նախագահ Օբաման նաև անդրադարձավ Պակիստանում տիրող իրավիճակին` մասնավորապես վստահեցնելով, որ, չնայած դեռևս չամրապնդված կառավարությանը, Պակիստանի միջուկային կարողություններն անվտանգ կլինեն, քանի որ նրա կարծիքով Պակիստանի բանակը գիտակցում է այդ զենքերի սխալ ձեռքեր ընկելու վտանգավոր հետևանքները:
Հարցերից մեկը թերևս նախագահին ստիպեց մտորել, այն է` պաշտոնավարման առաջին ամիսների ընթացքում ամենից շատ ի՞նչն է զարմացրել նախագահին:
"Նախագահները սովորաբար երկուսից երեք հիմնախնդիրներ են ունենում: Մեր դեպքում դրանք յոթ կամ ութն են”, նշեց նախագահը և մանրամասնեց, որ ամենամեծ դժվարությունն այդ խնդիրների կառավարման հետ մեկտեղ անցյալ տարվա նոյեմբերին ամերիկացիներին խոստացած փոփոխությունները կյանքի կոչելն է: