Մատչելի հղումներ

Օբաման Հայիթիի աջակցության հարցում ներգրավել է Բուշին և Քլինթընին


Հայիթիի երկրաշարժից տուժածներին աջակցելու նախագահ Բարաք Օբամայի ջանքերին են միացել նախկին նախագահներ Բիլ Քլինթընը և Ջորջ Բուշը: Նախկին երկու նախագահները Սպիտակ տուն են վերադարձել` քննարկելու իրենց և ամերիկյան ժողովրդի կողմից աջակցության ուղիները:

Նախագահ Օբաման հայտարարել է, որ նախկին նախագահներն անմիջապես արձագանքել են իր խնդրանքին` համակարգելու Հայիթին վերականգնելու և վերակառուցելու ամերիկյան ժողովրդի ջանքերը:

"Աղետին արձագանքելը համատեղ ջանքեր է պահանջում, և նախագահներ Բուշը և Քլինթընը կնպաստեն ամերիկյան ժողովրդի մասնակցությանը Հայիթիին աջակցելու հարցում: Արհավիրքի այդ տեսարաններ հիշեցում են ոչ միայն մեր ընդհանուր մարդկայնության, այլև մեր ընդհանուր պատասխանատվության մասին",-ասաց նախագահ Օբաման:

Նախագահն ասաց, որ հանրապետական և դեմոկրատ նախկին նախագահների միավորումն աներկբա վկայությունն է այն մասին, որ ամերիկյան ժողովուրդը միավորված է Հայիթիին օգնելու հարցում:

"Երբ պարզ դարձավ ավերվածության մասշտաբները, ես խոսեցի նախկին նախագահներից յուրաքանչյուրի հետ, և նրանք երկուսն էլ պարզ հարց տվեցին` ինչով կարող եմ օգտակար լինել: Առաջիկայում նրանք այդ հարցը կտան ամենքին` ինչ նրանք կարող են անել",-ասաց նախագահ Օբաման:

Նախկին նախագահ Բուշն ասել է, որ առավել նախընտրելի է դրամական աջակցությունը: Նախկին երկու նախագահները հիմնադրել են Քլինթըն-Բուշ Հայիթի հիմնադրամը, որը հանգանակություններ է ընդունում նաև էլեկտրոնային փոխանցումների միջոցով: Նախագահ Բուշը խոստացել է, որ նախագահ Քլինթընի հետ կվերահսկեն դրամի խելամիտ օգտագործումը:

Նախկին նախագահ Քլինթընն ասել է, որ խնդիրը շատ անձնական է իր համար: Նա Հայիթիում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակն է: 1994թ. նրա նախագահության ժամանակ ԱՄՆ զորքերը նրա հրամանով վերականգնեցին ժողովրդավարական եղանակով ընտրված նախագահ Ժան Բերտրան Արիսթայդին, որն իրշխանությունը կորցրել էր զինված հեղաշրջման արդյունքում:

Պետքարտուղար Հիլարի Քլինթընը, ժամանելով Հայիթիի մայրաքաղաք Փորտ-օ-Փրինս, հանդիպել է Հաիթիի նախագահ Ռենե Փրեվալին և առաջարկել կառավարության աջակցությունը Հայիթիի ժողովրդին:

"Ինչպես ասաց նախագահ Օբաման, մենք այստեղ ենք այսօր, վաղը և առաջիկայում",-ասել է նա:

XS
SM
MD
LG