Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հրապարակել է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման պլանը


Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը գալիք 18 ամիսների ընթացքում Իրաքից դուրս կբերի ամերիկյան ռազմական զորքերի մեծ մասը: Մինչդեռ զորամիավորների մոտ մեկ երրորդը Իրաքում կմնան մինչև 2011թ.` անվտանգություն ապահովելու և վերապատրաստական աշխատանքներ տանելու նպատակով:

Իրաքի պատերազմի մեկնարկից մոտ վեց տարի անց նախագահ Օբաման պատերազմն ավարտելու կոնկրետ օր է սահմանել: “Հնարավորինս պարզ կերպով ասում եմ, որ 2010թ. օգոստոսի 31-ի դրությամբ մեր ռազմական առաքելությունն Իրաքում ավարտված կլինի”, նշել է նա:

Այս մասին նախագահը հայտարարել է ուրբաթ օրը Հյուսիսային Կարոլինա նահանգի Քեմփ Լեժոն ռազմական բազայում, որտեղից հազարավոր զինվորներ են ուղարկվել Իրաք, և շատերը դեռևս կուղարկվեն Աֆղանստան:

Զորամիավորների դուրսբերման տասնութամսյա ժամանակացույցն ավելի երկար է, քան նախընտրական արշավի ընթացքում խոստացած տասնվեցամսյա ժամանակացույցը: Այնուամենայնիվ, այս մոտեցումն արագացնում է պատերազմի ավարտը:

Իրաքից զորքերի դուրսբերման ժամանակցույցը որոշվել է`Պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսի և այլ ռազմական ավագ պաշտոնյաների խորհուրդը հաշվի առնելով:

Նախագահ Օբաման նախատեսել է ԱՄՆ-ի 142,000 զորամիավորների մոտ երկու երրորդի դուրսբերումը, մինչդեռ զորքի մեկ երրորդը կման Իրաքում` Իրաքի անվտանգության ուժերին վարժեցնելու, քաղաքացիներին պաշտպանելու և ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով: “Ռազմական գնդերի դուրսբերումից հետո մեր ռազմական առաքելությունը կփոխարինվի երկրի անվտանգության բեռն ամբողջովին ստանձնած Իրաքի կառավարությանը և անվտանգության ուժերին աջակցելու առաքելության”, նշել է նախագահը:

Նախագահ Օբաման նաև նշել է, որ իր նոր ռազմավարությունը նախատեսում է ԱՄՆ-ի համագործակցությունը Մերձավոր Արևելքի բոլոր պետությունների` այդ թվում նաև Իրանի և Սիրիայի հետ: “Յուրաքանչյուր պետություն և խմբավորում, անկախ ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերություններից, պետք է իմանան, որ Իրաքի պատերազմի ավարտը նոր որակ կհաղորդի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առաջնորդությանը և ներգրավվածությանը”, ասել է նախագահը:

Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Մքքեյնը, ով նախընտրական արշավի ընթացքում խիստ քննադատության էր ենթարկում Բարաք Օբամայի` Իրաքից զորքերի դուրսբերման ծրագիրը, այժմ լավատեսորեն է տրամադրված և կարծում է, որ այն կարող է հաջողությամբ պսակվել:

XS
SM
MD
LG