«Պարոն խոսնակ, տիկին փոխխոսնակ, հարգարժան անդամներ, ինձ համար մեծ պատիվ է խոսել այս պալատում, և ես պատրաստակամ եմ վերականգնել մեր պետությունների միջև դաշինքը և մեր ժողովուրդների միջև բարեկամությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում սա իմ առաջին արտասահմանյան շրջագայությունն է: Ես մասնակցեցի Մեծ քսանյակի գագաթաժողովին Լոնդոնում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ստրասբուրգ և Քել քաղաքներում, ինչպես նաև Եվրոպական Միության գագաթաժողովին` Պրահայում: Որոշ մարդիկ ինձ հարցնում էին` արդյո՞ք կցանկանայի շարունակել իմ շրջագայությունը և այցելել Անկարա ու Ստամբուլ` ասելիքս հաղորդելու: Պատասխանս հստակ էր` էվեթ: Թուրքիան վճռական դեր խաղացող դաշնակից է: Թուրքիան Եվրոպայի կարևոր մաս է: Եվ Թուրքիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է միասին լինեն, համագործակցեն` մեր ժամանակների մարտահրավերները հաղթահարելու նպատակով:
Այժմ այս երկու ժովովրդավարական պետությունների առջև ծառացել են մի շարք աննախադեպ դժվարություններ` տնտեսական ճգնաժամը, որ սահմաններ չի ճանաչում, ծայրահեղականությունը, որը հանգեցնում է անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունների, էներգետիկ ռեսուրսների սղությունը և կլիմայի փոփոխությունները, աշխարհի ամենամահացու զենքերի տարածումը, ինչպես նաև ողբերգական հակամարտությունները:
Առաջ շարժվելով` Ամերիկայի Միացյալ Նահանգները և Թուրքիան կարող են բազմաթիվ հնարավորություններ օգտագործել, հատկապես էներգառեսուրսների ասպարեզում, հանուն մեր ժողովուրդների բարեկեցության: Շուկաներն ընդլայնելու և աշխատատեղեր ստեղծելու նկատառումով` մենք կարող են ընդլայնել մեր պետությունների միջև առևտրային կապերը և ներդրումները: Էներգիայի նոր աղբյուրներ մշակելու և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու նկատառումով` մենք պետք է մեր Մաքուր տեխնոլոգիաների հիմնադրամի օրինակի հիման վրա Թուրքիայում խթանենք արդյունավետության և վերականգնվող էներգիայի բնագավառում ներդրումներ: Եվ Թուրքիայի և Եվրոպայի շուկաներն ուժեղացնելու նկատառումով` ԱՄՆ-ը կշարունակի սատարել Ձեր առանցքային դերը` որպես Արևելքի և Արևմուտքի միջև նավթի և բնական գազի տարանցման միջանցք:
Թուրքիան նաև ունի իր պատասխանատվությունները: Դուք մեծ առաջընթաց եք արձանագրել Եվրոպական Միությանն անդամակցելու համար: Սակայն ինձ նաև հայտնի է այն, որ Թուրքիան խրթին քաղաքական բարեփոխումներ է անցկացրել ոչ այն պարզ պատճառով, որ դրանք ձեռնտու են Եվրոպային, այլ` բխում են Թուրքիայի բարեկեցության շահերից:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Դուք արգելել եք պետական անվտանգության դատարանների գործունեությունը և ընդլայնել եք դատապաշտպանի իրավունքի շրջանակները: Դուք բարեփոխել եք քրեական օրենսդրությունը և առավել ամուր իրավական հիմքեր եք ստեղծել մամուլի և հավաքների ազատության պաշտպանության համար: Դուք վերացրեցիք քրդերենով դասավանդելու և հեռարձակելու սահմանափակումները, և արտաքին աշխարհը մեծ հարգանքով նկատեց նորաստեղծ պետական Քրդական հեռուստակայանի գործունեության հաղորդած կարևոր նշանակությունը:
Այս ձեռքբերումների շնորհիվ եկել է այն պահը, երբ այդ օրենքները պետք է կիրարկվեն, և անհրաժեշտ է այդ պահը բաց չթողնել, քանի որ ժողովրդավարական պետությունները չեն կարող նույն տեղում դոփել, նրանք պետք է առաջ շարժվեն: Կրոնի և արտահայտվելու ազատությունը հանգեցնում են ամուր և կենսունակ քաղաքացիական հասարակության, որն էլ ավելի է ամրապնդում պետությունը, և այդ իսկ պատճառով Հալքիի սեմինարիայի բացումը կարևոր ազդանշան կլինի ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ` դրանից դուրս: Միայն իրավունքի գերակայության տևական պայմաններում է հնարավոր երաշխավորել այնպիսի անվտանգություն, որը բխում է բոլորի համար հավասար արդարադատության երաշխիքներից: Փոքրամասնությունների իրավունքների լիարժեք իրականացումը բխում է հասարակության շահերից` հնարավորություն ստեղծելով բոլոր քաղաքացիներին իրենց լուման ներդնել հասարակության զարգացման գործում:
Մարդկային գործունեությունն իր բնույթով կատարյալ չէ: Չհանգուցալուծված պատմությունը կարող է մեծ բեռ դառնալ: Յուրաքանչյուր պետություն պետք է լուծի իր անցյալի խնդիրները: Եվ անցյալի հետ հաշվի նստելը կարող է օգնել մեզ առավել բարեկեցիկ ապագա կերտել: Ես գիտեմ այն կոշտ հայացքների մասին, որ առկա են այս խորհրդարանում 1915թ. սարսափելի իրադարձությունների առնչությամբ: Չնայած բազմիցս խոսվել է այս հարցի շուրջ իմ դիրքորոշման մասին, իրականում թուրք և հայ ժողովուրդները պետք է լուծեն անցյալի խնդիրները: Եվ հայ և թուրք ժողովուրդների համար առաջընթացի լավագույն ուղին ազնիվ, թափանցիկ և կառուցողական անդրադարձն է անցյալին:
Մենք արդեն ականատես ենք եղել հայ և թուրք առաջնորդների պատմական և ոգևորիչ քայլերին: Այս շփումները նոր օր սկսելու խոստման ապացույցն են: Սահմանի բացումը թուրք և հայ ժողովուրդներին կվերադարձնի բարեկեցիկ և խաղաղ գոյակցության, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները մեծապես սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը:
Սա խոսում է Թուրքիայի առաջնորդության մասին, քանի որ հավասարակշռված դիրքորոշման շնորհիվ Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի միակ պետությունը, որը բնականոն և խաղաղ հարաբերություններ կունենա հարավկովկասյան բոլոր պետությունների հետ: Եվ խաղաղությունը խթանելու նկատառումով` Դուք կարող եք կառուցողական դեր խաղալ` նպաստելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մի խնդիր, որը չափազանց երկար ժամանակ է, ինչ շարունակվում է:
Խաղաղության խթանումը նաև ներառում է Միջերկրական ծովի արևելքում շարունակվող տարաձայնությունների լուծմանն ուղղված աշխատանքը: Կիպրոսի երկու մասերի ղեկավարները հնարավորություն ունեն խաղաղություն հաստատել` հավատարիմ մնալով Միավորված ազգերի կազմակերպության առաքելության շրջանակներում մեկնարկած բանակցային գործընթացով ստանձնած իրենց պարտավորություններին: ԱՄՆ-ը պատրաստակամ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն երկու կողմերին այն գործընթացում, որը կհանգեցնի այնպիսի արդարացի և հարատև հանգուցալուծման, որի շրջանակներում Կիպրոսը կմիավորվի որպես երկգոտի և երկհամայնք դաշնություն:
Ե՛վ Թուրքիան և՛ ԱՄՆ-ը ձգտում են, որպեսզի ստեղծվի անվտանգ և միավորված Իրաք, որը ահաբեկիչների ապաստարան չի դառնա: Հայտնի է, որ պատերազմ սկսելու շուրջ տարաձայնություններ են եղել: Տարաձայնություններ են եղել նաև իմ երկրի ներսում: Սակայն այժմ մենք պետք է միասին գործենք պատերազմը պատասխանատու կերպով ավարտելու համար, քանի որ Իրաքի ապագան ընդհանուր տարածաշրջանի ապագայի անբաժանելի մասն է: ԱՄՆ-ը մարտական զորքերը հետ կկանչի հաջորդ տարվա օգոստոսին` միևնույն ժամանակ աջակցելով Իրաքի կառավարությանն ստանձնել պետության անվտանգության պատասխանատվությունը: Եվ մենք համագործակցելու ենք Իրաքի, Թուրքիայի և Իրաքի բոլոր հարևանների հետ` սկսելու նոր երկխոսություն, որը կօգնի շտկել բոլոր տարաձայնությունները և կծառայի ընդհանուր անվտանգության շահերին:
Թող կասկած չլինի. Իրաքի, Թուրքիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ահաբեկչության սպառնալիքներն ընդհանուր են: Դրանք ներառում են Ալ Քաիդայի ահաբեկիչները, որոնք փորձում են մասնատել Իրաքի ժողովրդին և փլուզել նրանց երկիրը: Դա նաև ներառում է Քրդական աշխատավորների կուսակցությունը: Որևէ պետության հանդեպ ահահաբեկչությունը չի կարելի արդարացնել: Որպես նախագահ և ՆԱՏՕ-ի դաշնակից` ես խոսք եմ տալիս, որ մեր կաջակցենք Ձեզ Քրդական աշխատավորների կուսակցության ահաբեկչական գործողությունների դեմ պայքարում: Այս ջանքերն էլ ավելի կամրապնդվեն, եթե շարունակենք կառուցել Թուրքիայի, Իրաքի կառավարության և Իրաքի քրդական առաջնորդների միջև համագործակցության կապերը, ինչպես նաև եթե Դուք շարունակեք Թուրքիայի քրդերի համար կրթական և այլ հնարավորություններ ստեղծելուն ուղղված Ձեր ջանքերը:
Ամենից առաջ մենք մեր գործողություններով ցույց կտանք առավել լավ ապագա կերտելու մեր պարտականությունը: Մենք ցանկանում ենք առավել մեծ թվով երեխաների աջակցել կրթություն ստանալ, ինչը նրանց թույլ կտա հաջողության հասնել: Մենք ցանկանում ենք առողջապահական ծառայություններ ապահովել այն վայրերում, որտեղ մարդիկ առավել խոցելի վիճակում են: Մենք ցանկանում ենք ընդլայնել առևտրային կապերն ու ներդրումները, ինչի շնորհիվ առավել բարեկեցիկ պայմաններ կստեղծվեն բոլորի համար: Գալիք ամիսների ընթացքում այս նպատակներին հասնելու համար կոնկրետ ծրագրեր կներկայացնեմ: Մեր ուշադրության կենտրոնում կլինի այն, ինչ մենք կարող ենք իրականացնել մահմեդական աշխարհի ժողովուրդների հետ համագործակցության միջոցով, որպեսզի կյանքի կոչենք մեր ընդհանուր հույսերը և ընդհանուր երազանքները: Եվ երբ մարդիկ հետ կնայեն ժամանակի ընթացքում, թող ասեն, որ Ամերիկան է բարեկամության ձեռք մեկնել:
Տեղյակ եմ, որ կան այպիսի մարդիկ, ովքեր հաճախ քննարկում են Թուրքիայի ապագան: Նրանք գիտակցում են, որ Ձեր երկիրը գտնվում է մայրցամաքների խաչմերուկում և կրում է պատմության հոսանքների ազդեցությունը: Նրանք գիտեն, որ սա եղել է քաղաքակրթությունների և տարբեր ժողովուրդների հանդիպման վայրը: Եվ նրանց հետաքրքրում է այն հարցը` արդյոք ո՞ր ուղղությամբ կշարժվի Թուրքիան:
Ահա թե նրանք ի՛նչ չեն հասկանում. Թուրքիայի մեծությունը պայմանավորված է իրադարձությունների կենտրոնում գտնվելու Ձեր ունակությամբ: Սա ոչ թե Արևելքի և Արևմուտքի անջատման, այլ` միացման կետն է: Թուրքիայի մեծության գրավականը Ձեր մշակույթի գեղեցկությունն է, Ձեր պատմության հարստությունն է, Ձեր ժողովրդավարության ամրությունն է, վաղվա հանդեպ Ձեր փափագած հույսն է:
Ես այսօր հպարտ եմ, որ կանգնած եմ Ձեր կողքին և հայացքս հառել եմ այն ապագային, որ մենք միասին պետք է կերտենք, և հպարտությամբ եմ վերահաստատում Ամերիկայի նվիրվածությունը մեր ամուր և հարատև բարեկամությանը: Շնորհակալություն»: