Մատչելի հղումներ

Մահացել է Նոբելյան մրցանակակիր գրող Ալեքսանդր Սոլժենիցինը


Մոսկվայում 89 տարեկան հասակում մահացել է ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի ամենահայտնի աշխատանքները` “Գուլագ արշիպելագը” և “Իվան Դենիսովիչի կյանքից մեկ օրը” ցնցել էին ողջ աշխարհը` ի ցույց հանելով Խորհրդային Միության աշխատանքային ճամբարների սարսափների անհերքելի ապացույցներ: Պատմաբանները նրա գործունեությանը մեծ դեր են վերագրում Ռուսաստանում և Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում կոմունիզմի փլուզման գործընթացում: Սոլժենիցինը, կարելի է ասել, 20րդ դարի Ռուսաստանի ամենախոշոր և ամենաազդեցիկ հեղինակներից էր:

Ալեքսանդր Սոլժենիցինի ձայնը բազմիցս հնչեցվել է Ամերիկայի Ձայնի հաճախականություններով, որոնք սփռվում էին Խորհրդային Միության տարածքով մեկ: Նրա ձայնը Սառը պատերազմի հզոր խորհրդանիշ էր Երկաթյա վարագույրից այն կողմ ապրող միլիոնավոր մարդկանց համար: Ոչ մեկ չի կարող հստակ նշել Խորհրդային Միության այն քաղաքացիների թիվը, ովքեր, շրջանցելով Մոսկվայի ստեղծած խոչընդոտները, կարճ-ալիքային ընդունիչներով փորձում էին լսել հռչակավոր գրողին իր հերթական արգելված վեպը կարդալիս:

Սակայն հայտնի է այն, որ նրա ազդեցությունը ահռելի էր:

Ալեքսանդր Սոլժենիցինը միշտ երազել է գրող լինել, սակայն նա չէր կարող կանխատեսել սեփական անձի նմանատիպ ձեռքբերումները: Նա մեծացել է Ռուսաստանի հարավում` որպես Լենինի մոլեռանդ ջատագով: Նա արժանացել է Ստալինյան կրթաթոշակի մաթեմատիկա և ֆիզիկա ուսումնառելու նպատակով և հեռակա կարգով գրականություն է ուսումնասիրել:

Ուսուցումն ավարտելով Համաշխարհային երկրորդ պատերազմի շեմին` նա զորակոչվել է և դարձել հրետանային զորքի կապիտան: Սակայն 1945թ.` պատերազմի ավարտին, Խորհրդային գրաքննիչները գտել էին Սոլժենիցինի կողմից ընկերոջն ուղղված մի նամակ, որտեղ նա կատակել էր Ստալինի մասին: Սակայն այդ թեթև ակնարկի պատճառով նա ութ տարի անցկացրեց տխրահռչակ աշխատանքային ճամբարներից` գուլագներից մեկում: Այդ փորձն անդառնալի ազդեցություն ունեցավ նրա կյանքի վրա: Նրան չէր թուլատրվում օրագիր պահել, այդ իսկ պատճառով նա ամեն ինչ գրում էր մտքում: Միայն վերադարձից հետո նրան հաջողվեց ողջ մտապահածը գրի առնել:

Նրա առաջին գիրքը` “Իվան Դենիսովիչի կյանքից մեկ օրը” աշխատանքային ճամբարներում չարի և բարիի վերաբերյալ հիասքանչ մի պատմություն է: Այն առաջին անգամ հրատարակվել է Նովի Միր գրական ամսագրում 1962թ., երբ Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչյովը մեղմացրել էր ստալինյան շրջանի քաղաքական ճնշումները:

Որոշ աղբյուրներ հավաստում են, որ Խրուշչյովն ինքն է հաստատել վեպի հրատարակումը` առանց գիտակցելու դրա ապագա ազդեցությունը: Սոլժենիցինի կենսագրագիր Մայքլ Շամելը նշել է, որ հրապարակվելուց անմիջապես հետո “Իվան Դենիսովիչը” ցնցեց բոլորին: “Կարծես մի ռումբ պայթեր: Այդպես կարելի է նկարագրել այս գրքի ազդեցությունը: Հայտնի է, որ որոշ ռուս գրողներ և մտավորականներ ամսագիրը ստանալուց հետո չէին կարողանում հավատալ իրենց աչքերին: Նրանք մի քանի անգամ էին կարդում այն: Նույնիսկ ասեկոսներ էին տարածվել Մոսկվայում, որ գրաքննությունը վերացվել է:”

Ահա այդ գրքի շնորհիվ Ալեքսանդր Սոլժենիցինը հռչակ ձեռք բերեց:

Իր հաջորդ գիրքը`“Առաջին օղակը”, հրատարակվել է 1968թ. նրան նվիրված միջին տարիքի կանանց գաղտնի բանակի ջանքերով: Նրանք օգնել են նրան` թաքցնելով և պահպանելով բնագրերը, բազմաթիվ օրինակներ տվելով և գաղտնի կերպով դրանք բաժանելով: Անօրինական ճանապարհով միկրոժապավեններով նրանք աշխատությունը դուրս են հանել Խորհրդային Միության սահմաններից` Արևմուտքում տպագրելու նպատակով:

“Առաջին օղակում” արծարծվում են գաղտնի ոստիկանության համար աշխատող ազատազրկված գիտնականների պատասխանները առ այն, որ պետք է որոշում կայացնեն գիտահետազոտական կալանավայրում մնալու և համագործակցությունը շարունակելու և աշխատանքային ճամբարների դաժան պայմաններին վերադառնալու միջև:

Գրքի հրատարակումից հետո, Սոլժենիցինը մեծ փառքի արժանացավ Արևելքում: Նրան որակում էին որպես ազգի խիղճ և Խորհրդային ճնշումների դեմ ճարտարախոս պայքարող: 1970թ. նա արժանացավ Նոբոլյան մրցանակի:

Սակայն դեռևս առջևում էր Խորհրդային Միության նրա ամենախիստ քննադատությունը, որը ցնցեց Կրեմլը: Նա շուրջ տաս տարիների` 1958-1968թթ. ընթացքում գրեց “Գուլագ արշիպելագը”, սակայն չէր շտապել այն հրատարակել` պատճառաբանելով, որ այդպիսով պաշտպանում էր դեռևս կենդանի մարդկանց: Սակայն 1973թ. դեկտեմբերին Ազգային անվտանգության կոմիտեն առգրավեց նրա աշխատության բնագիրը:

Կրեմլի պատասխանը արագ էր և դաժան: 1974թ. փետրվարին նրան ձերբակալեցին` նրան մեղադրելով պետական դավաճանության մեջ: Սակայն Խորհրդային իշխանությունները որոշեցին նրան գուլագ չուղարկել, հաջորդ օրը նրան զրկեցին քաղաքացիությունից և աքսորեցին: Նա որոշ ժամանակ ապրեց Շվեյցարիայում, ապա տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Վերմոնտ նահանգում բնակվելով` նա հավատացած էր, որ Խորհրդային Միության փլուզումը մոտալուտ է, ինչը նշանակում էր, որ նա կարող էր որպես ազատ մարդ վերադառնալ իր հայրենիք:

Հեղինակը դարձել էր Խորհրդային իշխանության դեմ պայքարի հիմնական խորհրդանիշը: 1988թ. ունեցած իր ելույթում ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը բարձրացրեց Սոլժենիցինը անունը և մարտահրավեր նետեց Խորհրդային Միության Առաջին քարտուղար Միխայիլ Գորբաչովին: “Պարոն Գորբաչով, բաց արեք Խորհրդային Միության դռները այս ակնառու անձի և պատմական նշանակություն ունեցող հեղինակի ստեղծագործությունների առջև: Բաց արեք Խորհրդային Միության դռները Սոլժենիցինի ստեղծագործությունների առջև:”

Հաջորդ տարի, Նովի Միր ամսագրում սկսեցին հայտնվել “Գուլագ Արշիպելագի” պաշտոնապես թույլատրված հատվածներ: 1990թ. վերականգնվեց Սոլժենիցինը քաղաքացիությունը, և կարճվեց պետական դավաճանության մեղադրանքը: Ամիսներ հետո փլուզվեց Խորհրդային Միությունը, ինչպես և կանխատեսել էր նա:

Սոլժենիցինը ձայնը և գրիչը մեծ դեր են խաղացել 20րդ դարի պատմական զարգացման գործում: Չնայած նրան հաճախ զրկել են ձայնից, նա մեծ ժառանգություն է թողել: Գրական ձեռքբերումների շնորհիվ նրան կարելի է դասել ռուս այնպիսի խոշոր գրողների դասին, ինչպիսիք են Դոստոյևսկին, Տոլստոյը և Պուշկինը:

XS
SM
MD
LG