Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում աճել է սննդի աջակցության կարիք ունեցողների թիվը


Տնտեսական ճգնաժամի հետևանքով շատերն այլևս ի վիճակի չեն բավարար քանակով սնունդ ապահովել իրենց ընտանիքների համար: Վերջին հարցախույզի համաձայն` ԱՄՆ-ի սննդի աջակցության կետերում 2008թ. պահանջարկը երեսուն տոկոսով աճել է` հատկապես աշխատաքնը կորցրած միջին խավի ներկայացուցիչների հաշվին: Այդ մասին են վկայում նաև սննդի աջակցություն ցուցաբերող մի շարք հասարակական կազմակերպություններ:

Լին Տերիտոյի չորս փոքրիկների խնամքն ահռելի ֆինանսական ծախսեր է ենթադրում: Անշարժ գույքի գործակալությունում իր աշխատանքը վերջերս կորցնելուց հետո նա նոր աշխատանք չի կարողանում գտնել: Նա ասում է, որ շատերը պարզապես “սառեցրել են” աշխատանքի ընդունման գործընթացը:

Տերիտոն ասում է, որ բացի ամուսնու եկամտից նա ևս պետք է գումար վաստակի երեխաների ամենահիմնական կարիքները հոգալու համար:

Անելանելի վիճակից դուրս գալու համար Տերիտոն ստիպված է անվճար սնունդ հայթայթել Ֆլորիդայի հարուստ արվարձաններից մեկի սննդի աջակցման կետից:

“Շատ դժվար է, որովհետև նրանք աճող օրգանիզմներ են և անընդհատ սնվել են ցանկանում: Ճաշ ուտելուց անմիջապես տաս րոպե հետո կարող են ասել, որ քաղցած են կրկին”, ասում է նա:

Լին Տերիտոյի ընտանիքն ընդամենը մեկ օրինակ է միջին խավի այն ընտանիքների, որոնք ճգնաժամի պայմաններում աջակցության են դիմում:

Դեսթինի հիմնադրամի նախագահ Սքոթ Ջորջի ասում է, որ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր մի քանի տարի առաջ բարեկեցիկ կյանքով էին ապրում, իսկ այժմ ստիպված են ամբողջ ընտանիքի համար միայն մեկ մեքենա օգտագործել և աջակցության դիմել:

Նա նաև ղեկավարում է Օրլանդոյի Սննդի մատչելիության խանութը, որտեղ ամեն ինչ մեծ զեղչերով է վաճառվում: Մայիս ամսին խանութից օգտվել են աննախադեպ մեծ թվով հաճախորդներ` շուրջ 8,000 հոգի:

Հաճախորդներից շատերը ժամանակին բարձր վարձատրվող աշխատանք են ունեցել:

Խանութի հաճախորդներից մեկի խոսքերով` շատ դժվար է այս պայմաններում չընկճվել և անձիդ հանդեպ հարգանքը չկորցնել, որովհետև աշխատանք այդպես էլ հնարավոր չէ գտնել:

Ճգնաժամի պայմաններում ծառայությունների պահանջարկի աճին զուգահեռ նվազել են մարդասիրական նվիրատվությունները: Անցյալ տարի երկու տոկոսով նվազել է մարդասիրական կազմակերպությունների հանգանակումները: Սակայն պարենի աջակցման կենտրոններում պահանջարկի նվազում չի ակնկալվում ընդհուպ մինչև 2010թ. երկրորդ կեսը:

XS
SM
MD
LG