Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նոր Կոնգրեսի առաջին նստաշրջանի մեկնարկին զուգորդել են որոշ աղմկահարույց իրադարձություններ


Հունվարի 6-ին ԱՄՆ-ի 111-րդ Կոնգրեսի երկու պալատների օրենսդիրների երդմնակալության արարողությանը զուգորդել են աղմկահարույց իրադարձություններ: Նախ` մերժվել է Սենատում նորընտիր նախագահ Բարաք Օբամայի տեղն զբաղեցնելու նպատակով նշանակված Ռոլանդ Բըրիսի թեկնածությունը: Բացի այդ, չնայած քվեաթերթերի վերահաշվարկի արդյունքում Մինեսոտա նահանգից սենատորի դեմոկրատ թեկնածուի հաղթանակի ճանաչմանը` հանրապետական թեկնածուն մտադրություն է հայտնել դատական կարգով բողոքարկել այդ որոշումը:

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Սենատը մերժել է Սենատում նորընտիր նախագահ Բարաք Օբամայի տեղն զբաղեցնելու նպատակով Իլինոյսի նահանգապետ Ռոդ Բլագոևիչի առաջադրած անձի թեկնածությունը: Նշանակման փաստաթուղթը վավերացված չի եղել Իլինոյսի պաշտոնյաների կողմից, ինչը պահանջվում է Սենատի կանոնակարգով: Արժանահիշատակ է, որ նահագնապետը մեղադրվում է թեկնածուի նշանակումից շահույթ կորզելու փորձ կատարելու մեջ: Ռոլանդ Բըրիսը Սենատում հանդես է եկել հետևյալ հակիրճ հայտարարությամբ. "Ես`Ռոլանդ Բըրիսս, Իլինոյս նահանգից կրտսեր սենատոր եմ: Ես իմ հավատարմագրերը հանձնել եմ Սենատի քարտուղարին, որից հետո ինձ տեղեկացվել է, որ հավատարմագրերս լիարժեք չեն, և որ նշանակումս չի ընդունվել, և որ ես չեմ կարող զբաղեցնել իմ տեղը: Այդ իսկ պատճառով, չեմ պատրաստվում որևէ կերպ հակաճառել: Ես կխորհրդակցեմ իմ փաստաբանների հետ, և մենք կորոշենք` ինչպիսի հետագա քայլեր ձեռնարկենք”:

Խնդրահարույց է դարձել նաև Մինեսոտա նահանգի սենատի տեղերից մեկը, որի հաղթող է ճանաչվել քվեաթերթերի վերահաշվարկի արդյունքում դեմոկրատ Էլ Ֆրանկենը: Իսկ պարտված հանրապետական Նորմ Քոուլմանը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը:

Այդ ամենին զուգահեռ տեղի է ունեցել նորընտիր կամ վերընտրված 32 սենատորների երդմնակալության արարողությունը, որը վարել է Սենատի նախագահ հանդիսացող ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին:

Մինչդեռ Ներկայացուցիչների պալատում Նենսի Փելոսին կրկին անգամ երդում է տվել որպես պալատի խոսնակ և այնուհետև երդման բերել Ներկայացուցիչների պալատի անդամներին: Նոյեմբեր ամսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում դեմոկրատները ընդլայնել են Կոնգրեսի երկու պալատներում իրենց ազդեցությունը:

Ակնկալվում է, որ Կոնգրեսի նոր նստաշրջանի օրակարգի առաջիկա գերակայություններից է լինելու տնտեսության իրավիճակը:

Երեքշաբթի օրը` տնտեսական խորհրդատուների հանդիպումից հետո, նորընտիր նախագահ Բարաք Օբաման լրագրողներին հայտնել է, որ հանձն է առնում իր կողմից առաջարկվելիք տնտեսության խթանման 750 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթի շրջանակներում չներառել հատուկ շահեր հետապնդող ծրագրեր:

XS
SM
MD
LG