Մատչելի հղումներ

Ըստ ուսումնասիրությունների` բժիշների մոտ առկա է բարձր լարվածություն


Հյուսիսային կիսագնդում H1N1 խոզի գրիպի արագ տարածման պայմաներում բժիշկների և առողջապահության այլ մասնագետների աշխատանքը գերլարված է: Գրիպի համավարակի բացակայության դեպքում նույնիսկ` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում բժիշկների 60 տոկոսը ֆիզիկապես և զգայապես հյուծված են:

Գրիպի ախտանշաններով շտապօգնության կենտրոններ դիմողների թիվն այնքան մեծ է, որ շատ հիվանդանոցներ հիվանդներին ախտորոշում և բուժում են առանձնացված վրաններում:

Բժիշկներն այժմ սովորականից գերբռնված են աշխատում: Ռոչեսթըրում առաջնային բուժօգնության բժիշկ Մայքլ Շնայդերի մոտ աշխատանքից հոգնածությունը վերջին երեսուն տարիների ընթացքում աճել է:

«Խառնաշփոթ է ստեղծվում, երբ միաժամանակ ահազանգում են հեռախոսները, խորհրդատուները և համակարգչի էկրանները»,- բացատրում է նա:

Ըստ Մայո հիվանդանոցի վերջին զեկույցի` ամերիկացի բժիշկների 60 տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ նկատվում է ուժասպառություն և ընկճվածություն: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ պայմաններում բժիշկներն ավելի հավանական է, որ թույլ տան սխալներ, որոնք նույնիսկ կվտանգեն հիվանդի կյանքը:

Մեկ այլ ուսումնասիրությամբ` Նյու Յորք նահանգի առաջնային բուժօգնության յոթանասուն բժիշկների համար Ռոչեսթըրի համալսարանում կազմակերպել են լարվածության թուլացման և հաղորդակցման դասընթաց:

Ուսումնասիրության ղեկավար բժիշկ Մայքլ Կրասները մեկամյա դասընթացից հետո որոշակի փոփոխություն է նկատել:

«Հյուծվածությունը, հիվանդի նկատմամբ բժշկի հոգատարությունը, տրամադրության անկումը և անձնական այլ հատկություններ մեծապես բարելավվել են»,- ասում է նա:

Կրասների տեսությամբ` բժիշկները, ովքեր ազատ են շփման մեջ և գիտեն` ինչպես լիցքաթափվել, քիչ հավանական է, որ կունենան զգայական հյուծվածություն, ինչն արտահայտվում է ասենք` չգնահատված լինելու զգացումով կամ հիվանդներին չհասկանալով:

Բժիշկ Շնայդերն ասում է, որ այս դասընթացն օգնել է նրան:

“Աշխատանքի մեջ շատ էինք հեռացել հաղորդակցվելու հատկությունից, որ ունեինք կամ թվում էր` սովորել էինք համալսարանում: Արագացված դասընթացով վերհիշեցինք և ամրապնդեցինք այդ կարևոր հմտությունը, որը գուցե կորցրել էինք”,- ասում է նա:

Այս ուսումնասիրությունը շեշտում է, թե որքան կարևոր է` բժիշկները ուշադրություն դարձնեն իրենց ֆիզիկական և հոգևոր բարեկեցությանը`հանուն իրենց և իրենց հիվանդների բարօրության: Ուսումնասիրությունը տպագրվել է Ամերիկյան բժշկական ընկերակցության ամսագրում:

XS
SM
MD
LG