Մատչելի հղումներ

Աշխարհին մշակութային փոփոխություն է հարկավոր


Ամեն տարի բնապահպանական հետազոտությունների Ուորլդ Ուոչ ինստիտուտը թողարկում է "Աշխարհի իրավիճակը" խորագրով ուսումնասիրությունը: Այս տարվա զեկույցն ուշադրություն է դարձնում համաշխարհային մշակույթը սպառողական վարքագծից դեպի կայուն զարգացում փոխելու անհրաժեշտության վրա:

Աշխարհում շատ երկրներ կիրառում են բնապահպանական միջոցառումներ: Սակայն ըստ նոր ուսումնասիրության` շատ երկրներում սպառումը դեռ առաջնային է, մինչդեռ բնապահպանական աղետներից խուսափելու համար այս մշակույթը պետք է փոխվի:

"Հսկայական առաջընթաց կա քաղաքականության մեջ, ներդրումներ նորագույն տեխնոլոգիաներում, բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկության ամրապնդում: Սակայն մեր կարծիքով` անհրաժեշտ է փոխել մարդկության մշակույթը սպառումից` դեպի կայուն զարգացում",- կարծում է բնապահպանական հետազոտությունների խմբի նախագահ Քրիս Ֆլավինը:

Ըստ ուսումնասիրության ղեկավար Էրիկ Ասադուրյանի` սպառման առումով ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

"Ամերիկան միայնակ սպառում է համաշխարհային ռեսուրսների մեկ երրորդը",-ասում է նա:

Ըստ նրա` փոփոխությունը հնարավոր է լրատվամիջոցների, կրթության, գործարարության և կառավարության օգնությամբ:

Ֆլավինի կարծում է, որ մեծ է նաև բիզնեսների ազդեցությունը: Դրանց օրինակ է Ուոլ Մարթը:

"Չնայած Ուոլ Մարթի ամբողջ բիզնեսը հիմնված է սպառման վրա, վերջին տարիներին այն հսկայական ջանք է ներդրել կայուն զարգացումն իր քաղաքականության հիմքում ունենալու համար, ինչպես նաև մատակարարների շղթային պարտադրելու մեջ",-ասում է Ֆլավինը:

Սակայն սպառումը կրճատելու գաղափարը միանշանակ չէ բոլորի համար: Պահպանողական Կատո ինստիտուտի աշխատակից Փետրիք Մայքլը բնապահպանական խնդիրները չի կապում սպառման հետ: Ըստ նրա` բնապահպանների ողբերգական կանխատեսումներն ամեն տարի նույնն են:

"Նրանք ասում են, որ բնակչության թիվն այնքան մեծ է, որ կտանի աղետի, սնունդը չի բավարարի, եթե չփոխենք մեր մոտեցումները: Սակայն պարզվում է, որ դա այդպես չէ",-համոզված է նա:

Այնուամենայնիվ, Բենեդիկտ Պապը և այլ հոգևոր առաջնորդներ հիշեցնում են, որ կյանքի իմաստը միայն սպառման մեջ չէ: Ասադուրյանը պնդում է, որ երջանկությունը դրամով չի գնվում:

"Եթե մեր երջանկությունը չափենք մեր սպառման մակարդակով, դա ողբերգական ավարտի կհասցնի",-համոզված է Էրիկ Ասադուրյանը:

Հոլիվուդը սկսել է բնապահպանական խնդիրներ շոշափել: Այդպիսին էր "Էվըթար" ֆիլմը: Եվ Ուորլդ Ուոչը համաձայն չէ Կատո ինստիտուտից Փետրիքի այն կարծիքին, թե հոգևոր առաջնորդների և ֆիլմերի ազդեցությունը կարճատև է: Ասադուրյանը իշեցնում է նաև ամենահայտնի մուլտֆիլմերից "Ուոլի"-ն:

"Ենթատեքստում սպառման ծայրահեղ ընկալումն էր: Աշխարհն ուղղակիորեն կործանվել էր "գնիր մեծ և շատ" կոչերով, և կենդանի մնացած միակ մարդիկ տիեզերքում բնակվող քիչ թվով չափազանց գերերն էին",-ասում է նա:

Սակայն սպառողներին խթանում են նաև գովազդները: Ըստ Ասադուրյանի` համաշխարհային տնտեսական արդյունքի մեկ տոկոսը ծախսվում է գովազդների վրա:

Նա պնդում է, որ անհրաժեշտ է համաշխարհային տնտեսութունը շրջել դեպի կայուն զարգաման համակարգ, քանի դեռ սոցիալական խնդիրները և էկոլոգիական վատթարացումը անդառնալի չեն:

XS
SM
MD
LG