Մատչելի հղումներ

Նոր նպատակներ ԱՄՆ-ի էներգետիկայի համար


<!-- IMAGE -->

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության և Էներգետիկայի նախարարությունները գալիք չորս տարիների ընթացքում շուրջ 25 միլիոն դոլար կներդնեն` կենսավառելիքի, կենսաէներգիայի և կենսական հիմք ունեցող բարձրարժեք այլ արտադրանքի բնագավառում հետազոտություններ անելու և կոնկրետ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Էներգետիկայի նախարար Սթիվեն Չուն այս առնչությամբ նշել է, որ նշված ծրագրերը նախագահ Օբամայի վարչակազմի այն բազմաթիվ ներդրումներից են, որոնք ուղղված են տնտեսության ամրապնդմանը և միևնույն ժամանակ կլիմայի փոփոխությունների պայմաններում նոր լուծումներ գտնելուն: “Կենսավառելիքի հաջորդ սերնդի վրա հիմնված արդյունաբերությունը վճռական դեր կխաղա ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման, արտասահմանյան նավթի մոլուցքից ձերբազատվելու և ամերիկացիների համար նոր աշխատատեղեր ստեղծելու հարցերում”, ասել է նա:

Գյուղատնտեսության նախարար Թոմ Վիլսեքն ասել է, որ “նախատեսված դրամաշնորհները, ԱՄՆ-ի էներգետիկ ռեսուրսներն ընդլայնելով և վերարտադրվող վառելիքի արդյունավետությունը բարելավելով, կնպաստեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կենսավառելիքի կայուն արդյունաբերության ստեղծմանը”:

Այս հնարավորությունը թույլ կտա ֆինանսավորել այնպիսի ծրագրեր, որոնք հնարավոր կդարձնեն վերարտադրվող կենսազանգվածի տնտեսական և բնապահպանական տեսանկյունից կայուն աղբյուրների և էներգիա ստանալու համար կենսաբանական նյութերի ստեղծումը: Այս աղբյուրներից ստացված կենսավառելիքը կարող է 50 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումը:

Հունվարի 20-ին իր պաշտոնամուտի ելույթում նախագահ Բարաք Օբաման կարևորեց ԱՄՆ-ի կողմից վերարտադրվող էներգետիկ տեխնոլոգիաների կիրառումն ընդլանելու հանգամանքը` մասնավորապես ընդգծելով “մեքենաների և գործարանների համար վառելիք ստեղծելու նպատակով` արևի, քամիների և հողի” բարիքներից օգտվելու կարևորությունը:

Նախագահ Օբամայի “Ամերիկայի նոր էներգետիկ ծրագիրը” մի շարք նախաձեռնությունների միջոցով շուրջ 5 միլիոն նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակ է հետանպդում: Այն նախատեսում է գալիք տաս տարիների ընթացքում 150 միլիարդ դոլար ներդրումներ մասնավոր սեկտորի` մաքուր էներգիայի արտադրմանն ուղղված փորձերի խթանման համար: Բացի այդ, նախատեսված է, որ մինչև 2015թ. ԱՄՆ-ում էլեկտրասնուցմամբ մեկ միլիոն ավտոմեքենաներ օտգագործվեն սպառողների կողմից, որ ԱՄՆ-ի էլեկտրաէներգիայի աղբյուները մինչև 2012թ.` 10, իսկ մինչև 2025 թ. 25 տոկոսով վերարտադրվող լինեն, որ մինչև 2050թ. տնտեսության բոլոր բնագավառներում ջերմոցային գազերի արտանետումները կրճատվեն 80 տոկոսով, և որ տարեկան մեկ միլիոն տների էներգառեսուրսների սպառումն առավել արդյունավետ դարձվի:

ԱՄՆ-ը գիտակցում է, որ պետք է առաջատար դեր խաղա ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հարցում: Ինչպես Կլիմայի փոփոխությունների հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոդ Սթըրնն է նշել. “մենք արտասահմանում առաջատար դեր կարող ենք խաղալ միայն այն դեպքում, եթե պատրաստ լինենք վճռական քայլեր ձեռնարկել մեր երկրի ներսում”:

XS
SM
MD
LG