<!-- IMAGE -->
20-րդ դարի ամերիկացի մեծ նկարիչներից է Ջորջիա Օ’Քիֆը: Նա ավելի հայտնի է ծաղիկների և Ամերիկայի հարավ-արևմուտքի բնության իր նկարներով: Քչերը գիտեն, որ նա ստեղծագործում էր նաև աբստրակտ ոճում: Վաշինգտոնոմ բացված ցուցահանդեսում ներկայացվում են 1915-1970-ականների նրա յուրահատուկ հավաքածուն` ավելի քան 100 նկարներ, գծանկարներ և ջրանկարներ:
"Շատերն Օ’Քիֆ ասելիս պատկերացնում են ծաղիկներ, հարավի անապատի սպիտակ ոսկորների նկարներ, Ջորջ լճի բնապատկերներ: Սակայն այս ցուցահանդեսում արդեն իսկ ծանոթ նկարների կողքին ցուցադրում ենք Օ’Քիֆի զուտ աբստրակտ նկարները, որոնք ինքը հաճախ չէր ցուցադրում",-ասում է թանգարանի ղեկավար Էլզա Սմիթգալը և շարունակում: "Նրա գծապատկերները հիասքանչ են, շատ օրգանական, դրանք ծանոթ առարկայի անճանաչելի պատկերումն են":
1920-ական թթ. Օ’Քիֆն աբստրակտից անցավ առարկաներն առավել ճանաչելի պատկերելուն: Այդ ընթացքում նրա շատ նկարներ բնութագրվում էին որպես սեռական ենթատեքստ կրող, ինչն Օ’Քիֆը կտրականապես մերժում էր:
"Կարծում եմ` բնական էր 20-ականներին այդպիսի բնութագրումները մերժելը: Նա մշտապես փորձում էր իր աշխատանքներն ուղղել առարկաների առավել ճանաչողական պատկերման, որպեսզի քննադատներին ուղորդեր իր աշխատանքների այլ կերպ ընկալմանը",-ասում է Էլզան:
1929թ. Օ’Քիֆն ավելի շատ ժամանակ էր անցկացնում Նյու Մեքսիկոյում, որտեղ իրեն ավելի հարազատ էր զգում, քան Նյու Յորքում: Ոգեշնչվելով անապատի անծայր հորիզոններով, նա 1949թ. մշտապես տեղափոխվեց այստեղ:
Այդ տարիներին նրա գործերն այլ ուղղությամբ էին զարգանում: Ականատեսն ենք լինում ծաղիկների` հիմնականում մեծ չափերով պատկերման, ինչպես նաև պատկերումների մասշտաբների մեծացման:
1950-60-ական թթ. նա նորից վերադարձավ աբստրակցիայի:
Ջորջ Օ'Քիֆի ուշ շրջանի նկարները ներշնչանքի աղբյուր են աբստրակտ ոճի երիտասարդ սերնդի համար: Նրա աշխատանքները դեռ շարունակում են տպավորել և ներշնչել բոլոր արվեստասերներին: