Մատչելի հղումներ

Նոր վավերագրական ֆիլմը խիստ քննադատության է ենթարկում ԱՄՆ-ի սննդի արտադրությունը


Ռեժիսոր Ռոբըրթ Քենըրի “Սնունդ” նոր վավերագրական ֆիլմը խիստ քննադատության է ենթարկում ԱՄՆ-ի սննդի արդյունաբերությունը, որն ըստ ֆիլմի կորպորատիվ մենաշնորհ է, որի գործունեությունը վտանգում է ինչպես մարդկանց, այնպես էլ` բնության առողջությունը: Արդյունքում` սնունդ արտադրողների և սպառողների շրջանում լայնածավալ քննարկումներ են սկսվել սննդի անվտանգության շուրջ:

Ռոբըրթ Քենըրի նոր վավերագրական ֆիլմում հեղինակ և հետաքննող լրագրող Էրիկ Շլոսերը Ամերիկայի սննդի արդյունաբերությունը նկարագրում է որպես գերմեքենայացված մենաշնորհ, որի շրջանակներում մի քանի կորպորացիաներ արտադրում են ԱՄՆ-ում սպառվող սննդի 80 տոկոսը: Նա պնդում է, որ գերմշակված սննդամթերքը պարունակում է քիմիական լրացումներ և զգալիորեն զիջում է բնական սննդին: Շատերը կիսում են նրա կարծիքը:

Ֆիլմը պատմում է, թե ինչպես եգիպտացորենի վրա հիմնված հատուկ սննդակարգով արհեստականորեն գիրացվում են կովերը, մինչդեռ բնական պայմաններում նրանք եգիտպացորենով չեն սնվում: Թռչուններին նույնպես քիմիական լրացումներով սնունդ է տրվում, որպեսզի առավել արագ աճեն և շուտ վաճառքի հանվեն: Իսկ կենդանիների խնամքի պայմանները, ըստ ֆիլմի, մահացու վարակների պատճառ կարող են դառնալ:

Ամերիկյան մսագործության ինստիտուտի արտաքին կապերով փոխնախագահ Ջենեթ Ռայլին վստահեցնում է, որ մսի արդյունաբերությունում խստորեն հետևում են անվտանգության բոլոր չափանիշներին:

“Ֆիլմը կարծես այս արդյունաբերության ծաղրապատկերը լիներ, այն ամենևին էլ ճշգրիտ չէր ներկայացնում իրողությունը: Մեղադրանքի հիմքում ընկած են որոշ անսովոր պատմություններ”, ասում է նա:

Ջենեթ Ռայլին պնդում է, որ մսի արտադրությունն անվտանգ է և մատչելի սնունդ է ապահովում ԱՄՆ-ի աճող բնակչության համար:

Հանուն հանրային շահերի գիտական կենտրոնի Սննդի անվտանգության գծով տնօրեն Քերոլայն Սմիթ Դըվալը հիմնականում համամիտ է:

Սակայն նա ասում է, որ տեղական ֆերմերների արտադրությունն առավել շուտ է հայտնվում սեղաններին և ավելի թարմ է ու համեղ:

Մերիլենդից ֆերմեր Ջեյմս Բորնն օրինակ իր ապրանքը վաճառում է Վիրջինիայի Ալեքսանդրիա քաղաքի տեղական արտադրողների շուկայում: “Հաճախորդներիս անձամբ ճանաչում եմ: Նրանք կարող են գալ իմ ֆերման և տեսնեն` ինչպես եմ աշխատում: Սա սերունդներից եկող գործ է, 1690թ. սա մեր ընտանեկան ֆերման է եղել: Աշխատանքը շատ է, բայց այն ինձ շատ է դուր գալիս”, ասում է նա:

Սակայն տեղական փոքր ֆերմաներից ստացվող թարմ սննդի համար շատ ավելի մեծ աշխատանք և ռեսուրսներ են պահանջվում, քան` խոշոր ֆերմաներում: Այսպիսով հարց է ծագում` արդյոք դա լավ է հաճախորդների համար:

Ջենեթ Ռայլին համաձայն է, որ գյուղական արտադրության ապրանքները շատ-շատերին է դուր գալիս, սակայն նա պնդում է,ո ր այլընտրանքային տեսակներ են անհրաժեշտ նրանց համար, ովքեր ֆինանսական դժվարություններ ունեն և առավել մատչելի սնունդ են փնտրում:

Սակայն Քերոլայն Դըվալն ասում է, որ սպառողն իրավունք ունի իմանալու` ինչպես է ստեղծվում սնունդը: “Չի կարելի գործարանում մշակված ապրանքը վաճառել` որպես ֆերմայում աճեցված ապրանք: Պետք է ազնվությամբ բացահայտել սննդի աղբյուրը”, ասում է նա:

Ռոբըրթ Քենըրի` “Սնունդ” ֆիլմի հիմնական թեման էլ հենց դա է: Քննադատելով սննդի արտադրությունը` ֆիլմը նոր երանգ է հաղորդում սննդի որակի և անվտանգության շուրջ ընթացող քննարկումներին:

XS
SM
MD
LG