Մատչելի հղումներ

"211` Աննա" վավերագրական ֆիլմն անդրադառնում է Ռուսաստանում քաղաքացիական իրավունքների ոտնահարումներին


"211` Աննա" վավերագրական ֆիլմն անդրադառնում է 2006թ. սպանված լրագրող և իրավապաշտպան Աննա Պոլիտկովսկայային: Իր նյութերում նա հաճախ էր արծարծում Չեչնիայում իրականացված պատերազմական հանցագործություններում Ռուսասատնի ներգրավվածության խնդիրը և բաց քննադատում էր այդ ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Չեչնիայում Բեսլանի դպրոցի սպանդի նախկին պատանդը փլատակների մեջ կանգնած ցույց է տալիս, թե ինչ է մնացել դպրոցից: Հինգ տարի առաջ երեք օր շարունակ չեչենները պատանդ էին պահում մոտ հազար հոգու, որոնցից մեծ մասը երեխաներ էին: Ահաբեկիչները պահանջում էին, որ վերջ տրվի Չեչնիայի պատերազմին: Սակայն Ռուսաստանը հրաժարվեց բանակցություններից, և ռազմական գրոհի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին:

Գրոհին մեծ տեղ է հատկացվել Պաոլո Սերբանդինիի "211` Աննա" ֆիլմում: Հեղինակն այն ցույց է տալիս` որպես պատերազմը շարունակելու միտում ունեցող աննկուն Ռուսաստանի կառավարության դրսևորման օրինակ:

Ռուսական Նովայա Գազետա թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովն այդ կապակցությամբ ասում է. “իշխանությունները բացարձակապես դեմ էին բանակցություններին, ինչը սովորական երևույթ է մեր երկրում: Կարծես` ընդհանուր սկզբունքը ոչ թե պատանդների ազատումն է, այլ` ահաբեկիչների ոչնչացումը”:

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես այդ ողբերգությունն ամրապնդեց Աննա Պոլիտկովսկայայի վճռականությունը քննադատել Ռուսաստանի կառավարությանը Չեչնիայում շարունակվող պատերազմի և մարդու իրավունքների ոտնահարումների համար:

Ֆիլմում նշվում է, որ նա 90-ականներից ի վեր քննադատել է իշխանություններին: Նշվում է, որ 2004թ. նրա դեմ մահափորձ է արվել: Պոլիտկովսկայան նկարագրում է, թե ինչպես Չեչնիա թռիչքի ժամանակ իրեն թունավորված թեյ են տվել:

“Ես այն խմեցի և կորցրեցի գիտակցությունս: Ուշքի եկա հիվանդանոցում”, ասում է նա:

Դմիտրի Մուրատովն ասում է. “Նա զանգահարեց և ասաց. “Ես մահանում եմ, նրանք թունավորել են ինձ”:

“Նրանք իսկապես ուզում էին ինձ սպանել, քանի որ երբ հասա օդանավակայանի շտապ օգնության բաժանմունք արյան ճնշումս և պուլսս զրո էին”, ֆիլմում մեջբերվում է Պոլիտկովսայայի խոսքերը:

Այս հարցազրույցից երկու տարի անց` 2006թ. հոկտեմբերին, Պոլիտկովսկայան սպանվեց, սակայն հանցագործները մինչ այժմ չեն հայտնաբերվել: Ֆրիդըմ Հաուզի Կովկասյան ծրագրի ղեկավար էլլա Ասոյանի կարծիքով` լրագրողների և իրավապաշտպանների համար Ռուսաստանն այսօր ամենավտանգավոր վայրն է:

“Միայն այս տարի օրը ցերեկով երկու լկտի սպանություն տեղի ունեցավ: Ստանիսլավ Մարկելովն ու Անաստասյա Բաբուրովան զբաղվում էին մարդու իրավունքների ոտնահարման գործերով: Լրագրողների դեմ բռնարարքների նման անպատժելիության պայմաններում կարելի է ենթադրել, որ այս միտումը կշարունակվի”, նշել է նա:

Ֆիլմում նաև արծարծվում է այն հանգամանքը, որ ռուսներն անտարբեր են դարձել այս ճնշումներին: Ընդամենը երկու տարի անց Պոլիտկովսկայայի սպանությունը քչերին է մտահոգում:

Վավերագրական ֆիլմը Ռուսաստանի մռայլ պատկեր է ստեղծում. մի երկիր, որը ողողված է արյունով, ապականված կոռուպցիայից և հեղեղված մարդու իրավունքների խախտումներով: Սակայն այն նաև հիշեցնում է, որ դեռևս կան մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց կյանքը վտանգել հանուն ճշմարտության:

XS
SM
MD
LG