Ալ-Քաիդայի առաջնորդ Օսամա Բեն Լադենը նոր հաղորդագրությամբ ստանձնել է դեկտեմբեր ամսին ամերիկյան ինքնաթիռը պայթեցնելու չհաջողված փորձի պատասխանատվությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հարձակումները կշարունակվեն, քանի դեռ ԱՄՆ-ը աջակցում է Իսրայելին:
Արաբական “Ալ-Ջազիրա“ հեռուստակայանով հեռարձակված ձայնային հաղորդագրության մեջ Օսամա բեն Լադեն ներկայացող անձը հայտարարել է, որ ԱՄՆ-ը անվտանգության մեջ լինել չի կարող, քանի դեռ նման պայմաններ չկան պաղեստինցիների համար։
Ձայնագրության իսկությունը դեռ ստուգված չէ, սակայն այն նման է ալ-Քաիդայի առաջնորդի նախկին ձայնագրություններին:
Բեն Լադենը Սուրբ Ծննդին ինքնաթիռի պայթեցման չհաջողված փորձն անվանել է “ուղերձ Օսամայից` Օբամային": Նա ասել է, որ նիգերիացի Ումար Ֆարուկ Աբդուլմութալաբիի ուղերձը նույնն էր, ինչ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկիչներինը:
Հաղորդագրության մեջ բեն Լադենը նշում է, որ եթե ԱՄՆ-ը կարողանար հասկանալ ալ-Քաիդայի ուղերձները, ապա վերջինս ստիպված չէր լինի ինքնաթիռներ պայթեցնել:
Անմիջական արձագանք ԱՄՆ-ից դեռ չի եղել:
Արաբական թերակղզում Եմենի ալ-Քաիդայի միավորումն արդեն հանձն էր առել Աբդուլմութալաբի գործողությունների պատասխանատվությունը:
ԱՄՆ-ը մտահոգված է, որ Աֆղանստանից և Պակիստանից ահաբեկչական հիմնական խմբերի անդամների դուրս մղմամբ կհզորանան Եմենի ահաբեկչական ցանցի տեղական միավորումները: