Նրա “Ջենթլմենի տարին” նոր ձայնասկավառակը հարաբերությունների մասին է: Երգերից մեկի ներշնչանքը եղել է Նե-Յոյի մոր պատմություններից մեկը:
“Երգերիս վրա մեծ է մորս ազդեցությունը: Օրինակ`“Բարկացած” երգը նրա խորհուրդներից ամենահիշարժանն էր, որն անընդհատ կրկնում էր մայրս` երբեք վեճն անավարտ մի թող. Նախ` հարկ չկա վաղվա օրն սկսել երեկվա ողբերգությամբ, դա նոր օրվա սխալ սկիզբ է: Եվ երկրորդ` Աստված մի արասցե` ինչ-որ բան պատահի, և այդ մարդու հետ վերջին խոսակցությունը լինելու ինչ-որ հիմար վեճ”,-պատմում է նա:
Նե-Յոյի տեսաերիզներում և ներկայացումներում գերակշռում է պարը: Նա ասում է, որ այդ հարցում պարտական է մի շարք նորարաների:
«Սեմի Դեյվիսը հրաշալի պարող է: Ես ցանկանում էի սովորել դոփյունապար, սակայն այդքան համբերություն չունեի: Ես Մայքլ Ջեքսոնի մեծ սիրահար եմ: Չեմ կարծում, որ այսօր կամ առաջիկա 10 տարիներին կգտնեք Ար-Էնդ-Բի-ով զբաղվող մեկին, որ որևէ կերպ իր վրա չի կրում Մայքլ Ջեքսոնի ազդեցությունը»,-ասում է նա:Նե-Յոն բարձր է գնահատում Ֆրենք Սինատրային, Դին Մարթինին և Սեմի Դեյվիսին` իրենց ոճի համար:
“Այս մարդկանց յուրահատկությունն այն էր, որ նրանք նորաձև էին հագնվում ոչ միայն բեմի համար: Նրանց տեսքը հրաշալի էր օրվա ցանկացած պահի: Այն ժամանակ արտիստ լինելը դա էր պահանջում: Դա միայն արտաքին տեսք չէր, որով նրանք մտահոգվում էին բեմ դուրս գալուց առաջ: Այդ տեսքը նրանց էությունն էր: Անբռնազբոս կերպով նման լավ տեսք ունենալ այսօր քչերին է հաջողվում: Ես չգիտեմ` ինչու ավազակի տեսք ունենալը դարձավ նորաձև: Ես դա երբեք չեմ հասկացել և մինչև օրս էլ չեմ հասկանում”,- ասում է նա:
Նե-Յոն ջենթլմենի իր սահմանումն ունի:
«Մարդիկ չեն հասկանում. նրանց թվում է, որ ջենթլմեն լինելը պայմանավորված է կոստյում հագնելու և փողկապ կապելու հետ: Դա այդպես չէ: Ջենթլմենը քո էությունն է, քո անձը, ինչպես ես քեզ ներկայացնում: Դա քո խարիզման է, քո անհատականությունը, ոչ թե` հանդերձանքը»,- բացատրում է Նե-Յոն:
Նե-Յոն սկսել է համագործակցել Մեյսիս հանրախանութի հետ: Ճանաչված արտիստ, երգահան և նորաձևության խորհրդատու Նե-Յոն Ռոնալդ ՄըքԴոնալդի բարեգործական հիմնադրամին թույլ է տվել օգտագործել իր անունը: Հիմնադրամն օգնում է լուրջ հիվանդություններով տառապող երեխաներին: Նե-Յոն մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը:
“Այս երեխաներն անցնում են շատ դժվար փորձությունների միջով: Նրանց հանդիպելը, նրանց մոտ ժպիտ առաջացնելը հրաշալի զգացողություն է: Դա անհնար է խոսքով արտահայտել”: