Մատչելի հղումներ

Լրանում է ՆԱՏՕ-ի 60-ամյակը


Երկրորդ աշխարհամարտի ավարտից և Սառը պատերազմի մեկնարկից հետո Արևմտյան Եվրոպայի և Կանադայի ու ԱՄՆ-ի միջև ստեղծվեց Հյուսիսատլանտյան դաշինքը, որի նպատակն էր անվտանգության երաշխիքներ ապահովել Խորհրդային Միությունից եկող սպառնալիքների դեմ: Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես ՆԱՏՕ-ի կազմի, այնպես էլ` կազմակերպության խնդիրների առումով:

ՆԱՏՕ-ի հիմնադիրների նպատակը Աֆղանստանի լեռնային շրջաններում գրոհայինների դեմ պայքարը չէր, սակայն կազմակերպության առջև այժմ դրված է հենց այդ խնդիրը:

ՆԱՏՕ-ի հրամատարության ներքո շուրջ 60 հազար զորամիավոր կա այժմ Աֆղանստանում, և նրանց թիվը դեռևս կավելանա: ՆԱՏՕ-ի խոսնակ Ջեյմս Ապաթուրայը հայտնել է, որ Աֆղանստանը ՆԱՏՕ-ի 60-ամյակին նվիրված գագաթաժողովի առաջնահերթ խնդիրներից է:

"Համոզված եմ, որ ԱՄՆ-ի նախագահը կցանկանա դաշնակիցների հետ քննարկել Աֆղանստանում մեր ռազմավարության վերանայման այնպիսի մանրամասներ, թե որտեղ պետք է ուղղորդվեն մեր ռեսուրսները, ինչը պետք է բարելավվի և ինչը պետք է վերանայվի` մինչ այժմ մեր արձանագրած հաջողությունները շարունակելու նպատակով”, նշել է ՆԱՏՕ-ի խոսնակը:

ՆԱՏՕ-ի ղեկավարներն ասում են, որ ԱՖղանստանում բավականաչափ առաջընթաց է արձանագրվել` միևնույն ժամանակ ընդունելով, որ դեռևս շատ անելիքներ կան առջևում:

Աֆրիկյան եղջյուրի շրջակայքում` Սոմալիի ափերին, ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո մի փոքր նավատորմ է գործում` ծովահենների դեմ պայքարի նպատակով:

Բացի այդ ՆԱՏՕ-ն կազմակերպել է Աֆրիկյան միության խաղաղարար ուժերի օդային տեղափոխումը Սոմալիի տարածք:

Ջեյմս Ապաթուրայի կարծիքով` այս ամենը վկայում է կազմակերպության զարգացման մասին: “Այժմ մենք փորձում ենք լուծել անվտանգության այնպիսի խնդիրներ, որոնք քսան տարի առաջ նույնիսկ մեր մտքով էլ չէին կարող անցնել”, նշել է նա:

ՆԱՏՕ-ն հիմնադրվել է 1949թ. ապրիլին տասներկու կազմակերպությունների կողմից`Խորհրդային Միությունից եկող սպառնալիքներին դիմակայելու նպատակով: Արևմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի միջև այս դաշինքի առաքելությունն էր պաշտպանվել Մոսկվայի կամ Վարշավայի պայմանագրի դաշնակիցների կողմից հարձակումներից:

Լոնդոնի Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտից անվտանգության գծով վերլուծաբան Դեյնա Ալինը կարծում է, որ ՆԱՏՕ-ն հաջողությամբ էր իրականացնում այս առաքելությունը:

"Հիմնական հաջողությունը, իհարկե, հստակ արտահայտված դիրքորոշման շուրջ համախմբվելն ու առանց պատերազմական գործողությունների Արևմուտքը միասնական պահելն էր”, մանրամասնել է նա:

Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո ՆԱՏՕ-ն ստիպված էր վերանայել իր առաքելությունը:

1990-ականների սկզբին մարտահրավեր նետվեց ՆԱՏՕ-ի ավանդական պաշտպանական դերին: Հարավսլավիայի փլուզումը զուգորդվեց քաղաքացիական պատերազմով, էթնիկ զտումով և ցեղասպանությամբ:

Այնուհետև տեղի ունեցան Կոսովոյի դեպքերը, որոնց ի պատասխան ՆԱՏՕ-ի զորքերը սերբական զորամիավորներին ստիպեցին դադարեցնել իրենց արյունարբու պայքարը Կոսովոյի էթնիկ ալբանացիների դեմ:

Վերլուծաբան Դեյնա Ալինի խոսքերով` ՆԱՏՕ-ի և ընդհանուր առմամբ Արևմուտքի արձագանքը հապաղեց, սակայն ՆԱՏՕ-ն ի վերջո արձագանքեց` իրականացնելով արդյունավետ գործողություններ:

Խորհրդային Միության փլուզումից հետո նոր մարտահրավերներ և հնարավորություններ առաջացան ՆԱՏՕ-ի համար: Այն ընդլայնվեց դեպի Արևելք` ներառելով Լեհաստանից մինչև Մերձբալթյան հանրապետությունները և Բալկանյան պետությունները և այդպիսով հասնելով մինչև Ռուսաստանի հետ սահմանները: Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը կշարունակվի:

Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի նոր անդամ պետություններից Լեհաստանում և Չեխիայում հրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ԱՄՆ-ի ծրագրերին:

Բացի այդ, Ռուսաստանը խիստ դեմ է ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը` հատկապես Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության միջոցով:

Չնայած այս հակասություններին` կազմակերպության ապագա զարգացման շուրջ քննարկումները շարունակվում են: Կազմակերպության խոսնակը մանրամասնել է քննարկով հիմնական հարցերը. "Ինչպիսի՞ խնդիրների պետք է մենք անդրադառնան: Արդյո՞ք պետք է պայքարենք կիբեր հանցագործությունների դեմ, արձագանքենք էներգետիկ անվտանգության խնդիրներին: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր գործողությունների շրջանակը: Ու՞մ հետ պետք է համագործակցենք, և ի՞նչ հիմունքներով”:

Սակայն վերլուծաբան Դեյնա Ալինի կարծիքով` անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել: "Սա մի կազմակերպություն է, որ բազմաթիվ պետություններ է միավորում մի սեղանի շուրջ: Դա արդեն մեծ ձեռքբերում է: Ամենևին էլ անհրաժեշտ չէ, որպեսզի այն արձագանքի ցանկացած ճգնաժամի”, նշել է նա:

Այսպիսով` 60-ամյա այս դաշինքը, որն այժմ միավորում է 26 անդամ պետությունների, պետք է կերտի այնպիսի ապագա ուղի, որ կազմակերպությունը պահպանի իր ակտուալությունը 21-րդ դարում:

XS
SM
MD
LG