Բնիկ ամերիկացիների Թահանա Օուդամ տոհմի չափահասների շրջանում շաքարախտն ամենատարածվածն է աշխարհում: Տոհմի 28 հազար անդամներից շատերն ապրում են Արիզոնայի անապատի բնակավայրում: Մինչև 1960-ականները տոհմի անդամներն սպառում էին ավանդական սնունդ, որը կանխարգելում էր շաքարախտը: Սակայն բարձր յուղայնությամբ և կալորիաներով սննդի առաջացմամբ շաքարախտը մեծ տարածում գտավ նաև երեխաների շրջանում: Այժմ տոհմի անդամները վերադառնում են ավանդական կերակուրներին, իսկ բնակավայրի սրճարանում դրանք ներկայացվում են գրավիչ տեսքով:
Թահանա Օուդամ բնակավայրի «Անապատի անձրև» սրճարանում ամեն կերակրատեսակ պարունակում է առնվազն մեկ ավանդական կերակուր, որը պատրաստված է բնակավայրում աճող բույսերից: Հավով սենդվիչի սոուսը պատրաստված է տանձաձև փշոտ կակտուսից: Այս համեղ և առողջ սնունդը հաճախորդների երազանքն է:
Սրճարանի հաճախորդները կարծում են, որ ավանդական սննդին վերադարձը հրաշալի գաղափար էր և որ այն ավելի սննդարար է, քան տապակած և յուղոտ այլ կերակուրները:
Սրճարանում մատուցվում է նաև կալցիումով հարուստ չոլա կակտուսի ծաղիկ, ինչպես նաև` սննդարար չիա սերմերով պատրաստված մրգային հյութ: Տարածված է նաև պրոտեինով հարուստ թեպարի ոլոռով մատուցվող միսը: Սագուրո կակտուսի սերմերը համեմում են ուտելիքները: Դրանք հավաքվում են տարվա մեջ մեկ անգամ միայն:
Թրիսթան Ռիդըրը սրճարանը հիմնել է ավանդական սնունդը խրախուսելու նպատակով:
Ըստ տոհմի առողջապահների` Օուդամում մարդկանց 70 տոկոսը շաքարախտ ունի, նույնիսկ վեց տարեկանները: Ռիդըրի համոզմամբ` ավանդական սնունդը կարող է կանխարգելել շաքարախտը:
«Բույսը կենդանի պահող նույն բաղադրիչները կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը: Դրանք կանխարգելում են շաքարախտը և առողջարար են շաքարախտով հիվանդի համար»,-բացատրում է Թրիստան Ռիդըրը:
Թահանա Օուդամում ավանդական գյուղատնտեսությամբ և անապատի ջերմությանը դիմակայող բերքի աճեցմամբ այսօր քչերն են զբաղվում: Սրճարանն իր ֆերման է ստեղծել: Ըստ ֆերմայի կառավարչի` թեպարի ոլոռն աշխարհում ամենաջերմադիմացկուն բույսն է:
Ռիդըրի ցանկությունն է, որ դպրոցներում բարձր կալորիականությամբ և յուղոտ սնունդը փոխարինվի ավանդական սննդով:
«Եթե երեխան մեծանա օրական մեկ-երկու ավանդական սնունդ ուտելով, ապա նա կսովորի դրան»,-համոզված է Ռիդըրը:
Ըստ Ռիդըրի`ավանդական սննդին վերադարձը կարևոր է նաև Թահանա Օուդամի մշակույթը պահպանելու առումով, քանի որ այդ սնունդը պատմութան մաս է և օգտագործվում է հանդիսությունների ժամանակ: