Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նշում են Ազգային արխիվի 75-ամյա տարեդարձը


Այս տարի ԱՄՆ-ի Ազգային արխիվը տոնում է իր 75-րդ տարեդարձը: Ազգային արխիվում են պահպանվում ԱՄՆ-ի պատմության ամենաարժեքավոր և նշանակալի փաստաթղթերը:

Յուրաքանչյուր օր բազմաթիվ այցելուներ են հավաքվում Ազգային արխիվի շենքում` տեսնելու ԱՄՆ-ի պետականության հիմնադիր փաստաթղթերը` Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը և Իրավունքների մասին օրենքը:

1934թ. Ազգային արխիվի հիմնադրումից ի վեր Արխիվում նաև պահվում են պաշտոնական պետական պատմական արձանագրությունները: Այդ մասին մանրամասնել է արխիվարիուսի օգնական Մայքլ Կուրցը. “Պատմաբանները, պետծառայողները և այլոք գիտակցեցին, որ ազգի պատմությունը չի պահպանվում: Արձանագրությունները պահպանվում էին դրանք ստեղծող գործակալություններում: Ազգի փաստագրված ժառանգությունն անհետանում էր հրդեհների, ջրհեղեղների և այլ աղետների արդյունքում”:

Պետական ոչ բոլոր փաստաթղթերն են պահպանվում: Հարատև արխիվացման են արժանանում փաստաթղթերի մեկից երեք տոկոսը, այդ թվում` պատմական նշանակության փաստաթղթերը, ինչպես օրինակ` ՆԱՏՕ-ն հիմնադրող Հյուսիս-ատլանտյան պայմանագիրը:

Ազգային արխիվում պահպանվում են իննից տաս միլիարդ փաստաթղթեր, սակայն ոչ բոլորն են պահպանվում թղթի տեսքով:

“Արձանագրությունները բազմազան են. կան լուսանկարներ, քարտեզներ, տեսանյութեր, էլեկտրոնային և թվայնացված նյութեր, ինչպես նաև թղթի տեսքով բազմաթիվ արձանագրություններ”, մանրամասնել է Մայքլ Կուրցը:

75-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվել է որոշ արտասովոր արձանագրությունների հատուկ ցուցահանդես, որը կրում է “Մեծ” խորագիրը: Ցուցահանդեսների մասնագետ Ջենիֆեր Ջոնսոնի խոսքերով` նրանք ցանկանում էին այս մեծ տարեդարձը տոնել մեծ ցուցահանդեսով: Այսպիսով որոշել են ցուցադրել այնպիսի նմուշներ, որոնք իրենց չափսի պատճառով սովորաբար չեն ցուցադրվում:

Օրինակ` ցուցադրված է 4 մետրանոց Գեթիզբուրգի ռազմադաշտի քարտեզը, որի վրա այցելուները նույնիսկ կարող են քայլել: Ցուցադրված է նաև նախագահ Ուիլիամ Հաուարդ Թավթի համար պատրաստված այս լոգակոնքը:

“Նախագահ Թավթը մինչ օրս ամենախոշոր նախագահն է եղել` կշռելով մոտ 145 կիլոգրամ: Այդ իսկ պատճառով նրա համար մի շարք հատուկ պարագաներ են պատրասվել: Կա այն հեռագիրը, որտեղ նշվում է լոգակոնքի պատվերը` նշելով չափսերը և նկարագրելով այն` որպես ջրավազան”, նշել է Ջենիֆեր Ջոնսոնը:

Ցուցահանդեսում կարելի է տեսնել նաև բասկեդբոլիստ Շաքիլ Օնիլի այն կոշիկը, որը նա նվիրել է նախագահ Ջորջ Բուշ կրտսերին:

Սակայն կան նաև առավել ավանդական նմուշներ, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձություններին, որոնք մեծ նշանակություն են ունեցել ԱՄՆ-ի պատմության համար, ինչպես օրինակ Նորմանդիայի ներխուժումը, որը հանգեցրեց Երկրորդ աշխարհամարտում Դաշնակից երկրների հաղթանակին:

Նշված նմուշները ցույց են տալիս Ազգային արխիվի արձանագրությունների բազմազանությունը, սակայն գլխավոր նմուշները մնում են ԱՄՆ-ի հիմնադրման փաստաթղթերը:

XS
SM
MD
LG