Մատչելի հղումներ

Աշխարհը միավորելով մեկ երգի շուրջ


Մրցանակակիր կինոռեժիսոր Մարկ Ջոնսընն աշխարհում ամենասփռված երաժշտական խմբի հիմնադիրն է: Վերջին չորս տարիներին նա հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երգիչներին համախմբել է «Նվագել փոփոխության համար» ծրագրում, որի նպատակը երաժշտության միջոցով աշխարհում խաղաղություն հաստատելն է: Այժմ Ջոնսընը ծրագրի մի քանի երաժիշտների հետ շրջում է Հյուսիսային Ամերիկայում:

«Նվագել փոփոխության համար» խումբը միավորում է Նյու Օռլեանսի փողոցի կույր երգչին, բնիկ ամերիկացի թմբկահարին, հարավ-աֆրիկյան երգչախմբի երգչին, և այլ երգիչների տասնյակ երկրներից` Իսպանիայից մինչև Նեպալ: Գրեմի մրցանակակիր Ջոնսընն ասում է, որ նրան ցնցել է Նյու Յորքի մետրոյում երկու վանականների երաժշտության հզորությունը:

«Այդ օրն ականատես եղա հրաշալի երևույթի. 200 մարդ կանգնել և լսում էր այդ երաժշտությունը, ոչ մեկը գնացք չմտավ: Մի քանիսը հուզվել էին, բերանները բաց էր մնացել, և ժպտում էին: Մարդկանց խումբ, որ սովորաբար իշխում են միմյանց, միասին կանգնած լսում էին այդ երաժշտությունը, որի լեզուն չէին էլ հասկանում»,-հիացմունքով պատմում է Ջոնսընը:

Ջոնսընն առաջինը ձայնագրեց Սանտա Մոնիկայի փողոցային երգչի «Կանգնիր կողքիս» երգը: Նա շարժական ձայնագրման ստուդիայով նույն երգը ձայնագրեց աշխարհի 37 երգիչների կատարմամբ: Այս երգը դարձավ ծրագրի առաջին հիթը: Տեսանյութն ինտերնետով դիտվեց 30 միլիոնից ավել անգամ: Կարճ ժամանակում Ջոնսընը ներգրավեց 100 երաժիշտ ու թողարկեց ձայներիզ և փաստագրական տեսաերիզ` վերնագրելով «Նվագել փոփոխության համար. խաղաղություն երաժշտության միջոցով», ուր ներառված էին «Մեկ սեր» և «Մի մտահոգվիր» հիթերը: Առաջին շաբաթում վաճառվեց 26 հազար օրինակ:

Կարևորելով երաժշտությունը` Ջոնսընն ասում է, որ նախաձեռնության գաղափարն ավելին է, քան պարզապես երգը:

« «Նվագել փոփոխության համար»-ը շարժում է, որտեղ մարդիկ հավատում են, որ երաժշտությունը ոգեշնչում է մարդկանց մոտենալ միմյանց: Այսքան տարբերությունների աշխարհում մենք երաժշտության միջոցով փորձում ենք ստեղծել մարդկության համար ոգեշնչող կապեր»,-բացատրում է նա:

Հյուսիսային Ամերիկայի հյուրախաղերում մասնակացում են յոթ երկրներից տաս երգիչներ:

Սուրինամից հոգևոր երգիչ Քլերընս Բեքերը մեծացել է Ամստերդամում: Ըստ նրա` դժվար էր սկզբում նվագել անծանոթ երգիչների հետ:

«Առաջին փորձը, ինչպես նաև`առաջին անգամ խմբով հավաքվելը տարօրինակ էր: Ես անհանգիստ էի, քանի որ չգիտեի` ովքեր են խմբի անդամները, կհավանեի նրանց, թե`ոչ: Սակայն առաջին վայրկյանից այնպիսի տպավորություն էր, որ մի ընտանիք ենք»,-պատմում է Քլերընսը:

Կոնգոյից Մերմանս Քենքոսենկին հպարտ է, որ նվագախմբի անդամ է:

«Սա երազանքի կատարում է: Իմ երկրում երգը համարվում է հոգու սնունդը: Որպես երգիչ` սա երազանք է. շրջել և տարածել այդ գաղափարը: Մենք փորձում ենք աշխարհն ավելի լավը դարձնել մեր երեխաների համար, ապագայի համար»,-ասում է նա:

Հարավային Աֆրիկայից կիթառահար Լուի Մլանգան մեծացել է Զիմբաբվեում և ասում է, որ «Նվագել փոփոխության համար»-ի գաղափարը շատ կարևոր է:

«Սա անհրաժեշտ է աշխարհին. մարդկանց մտահորիզոնն ընդլայնել, նրանց տեղելացնել, որ գոյություն ունի սեր, խաղաղություն, երջանկություն և հարգանք»,-կարծում է նա:

Երգելուց բացի «Նվագել փոփոխության համար»-ը ստեղծել է հիմնադրամ, որի նպատակը աշխարհում աղքատներին երաժշտական գործիքներ և կրթություն տրամադրելն է: Դրա օգնությամբ երաժշտական դպրոցներ են բացվել Հարավային Աֆրիկայում, Գանայում և Նեպալում, շուտով նաև Մալիում: Երաժշտությունից բացի դպրոցների նպատակը «Նվագել փոփոխության համար»-ի գաղափարը տարածելն է:

«Նման ծրագրերը վկայում են, որ բոլորս կարող ենք համախմբվել, հավատալ միմյանց, հարգել միմյանց տարբերությունները և ուրախանալ մեր կապերով»,-հավատացած է Ջոնսընը:

XS
SM
MD
LG