Մատչելի հղումներ

Քառասուն տարի անց լեգենդար երաժիշտ Թոմ Ջոունսը շարունակում է սեքս-սիմվոլ մնալ


1965թ. ի վեր ծագումով Ուելսից երգիչ Թոմ Ջոունսը 100 միլիոնից ավելին սկավառակ է վաճառել աշխարհում: Ջոունսն ասում է, որ իր ստեղծագործական ուղու ամենավառ կետն այն էր, որ 2006թ. Անգլիայի թագուհի Եղիսաբեթը նրան ասպետի կոչում շնորհեց: Երաժշտական ասպարեզում նրա ձեռքբերումները շատ մեծ են և այսօր էլ` 69 տարեկան հասակում, նա աշխատում է նույն եռանդով և բազմաթիվ երկրպագուներ ունի:

Թոմաս Ջոունս Վուդվըրդը ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայում` Հարավային Ուելսում: Պատանեկության տարիներին ցերեկները նա բանվորի աշխատանք էր անում, իսկ գիշերները` երգում ակումբներում: 1960-ականներին նա սկսեց համագործակցել երգիչ և մենեջեր Գորդոն Միլսի հետ և Միլսի երգերից մեկը ձայնագրեց:

“Դա սովորական է” երգի երեք միլիոն օրինակ վաճառվեց, և սկսվեց Ջոունսի հաջողությունների շարքը: Նրան էին դիմում ժամանակի ամենակարկառուն երգահանները: Նա ձայնագրեց “Ի՞նչ նորություն կա, փիսիկ” երգը:

Նա հայտնի է ոչ միայն իր հզոր ձայնով և գրավիչ ներկայացումներով, այլև` դիմացկունությամբ և հարմարվողականությամբ:

“Շատ եմ սիրում երաժշտություն լսել և հասկանալ, ինչպես է երաժշտությունը, ձայնն ստեղծվում: Ռոքենռոլից հետո հատկապես ձայնն ինձ շատ սկսեց հետաքրքրել, քանի որ նախորդ ոճերի համեմատությամբ ձայնը միանգամայն այլ էր: Ես շատ եմ ռադիո լսում և հետևում եմ, թե որ ընկերությունները ինչպիսի երգեր են ձայնագրում, թե ով է նոր մոտեցումներ առաջարկում: Այս ամենն անում եմ ոչ միայն աշխատանքի բերումով, այլ նաև` հաճույքի համար”, ասում է նա:

Իր կարիերայի սկսզբին Թոմը համերգներ են ունենում Լաս Վեգասում, որտեղ նա դարձել էր ամենամեծ զվարճանքներից մեկը: Այստեղ էլ նա ընկերացել է Էլվիս Փրեսլիի և Ֆրենք Սինատրայի հետ:

“Հիշում եմ, երբ դասական երգերի ալբոմ ձայնագրեցի, Էլվիսն ասաց, որ մենք դրանով չպետք է զբաղվենք, և որ դա Ֆրենք Սինատրայի անելիքն է: Ես համաձայնեցի…չէ՞ որ նա “մենք” էր ասել, իսկ դա շատ մեծ ձեռքբերում էր: Հետո հանդիպեցի Ֆրենք Սինատրային, նա էլ ինձ խորհուրդ տվեց դասական երգեր և ռոմանսներ երգել, մինչդեռ Էլվիսն էլ համոզում էր ռոքենռոլ երգել: Ահա մի իրավիճակ, երբ երկու հռչակավոր երաժիշտներ ինձ խորհուրդ են տալիս, թե ինչ երգեմ…Դա պարզապես հրաշալի էր”, պատմում է նա:

Չնայած հիմնականում նա այլոց երգեր է կատարել, Թոմը հատկապես հիշատակում է մի հնարավորություն, որը նա բաց է թողել:

“Լոնդոնի ակումբներից մեկում Բիթլզի Փոլ ՄքՔարթնիի հետ էինք, երբ նրան խնդրեցի ինձ համար երգ գրել: Նա համաձայնեց, ասաց, որ երգը տուն կուղարկի, բայց պայման դրեց, որ այդ երգը պետք է լինի իմ հաջորդ սինգլը: Իսկ այդ ժամանակ ես մեկ այլ սինգլ պետք է բաց թողնեի: Ձայնագրող ընկերությունը չհամաձայնեց հետաձգել նախատեսված սինգլի բաց թողումը: Մի խոսքով, ես բաց թողեցի այդ հնարավորությունը: “Սակայն որոշ ժամանակ անց ես կատարեցի այդ երգը, երբ այն արդեն հայտնի էր”, հիշում է նա:

Թոմը “Քսանչորս ժամ” անվանումը կրող նոր ալբոմ է բաց թողել վերջերս: “Երգերի մեծ մասի համահեղինակն եմ ես, այսպիսով սա ինչ-որ տեղ անհատական ալբոմ է: Դա առաջին անգամ է, քանի որ նախկին բոլոր ալբոմների երգերը գրվել են ինձ համար, ես կատարել եմ այլոց գրած երգերը”, ասում է նա:

69-ամյա սեքս-սիմվոլի ունկնդիրները դեռևս բազմաթիվ են: Նա գոհ է երաժշտության ասպարեզում իր խաղացած դերից:

“Մարդիկ ասում են, որ ես չեմ անում այն, ինչ հոգեհարազատ չէ ինձ: Ես չեմ փորձում ավելի երիտասարդ ձևանալ: Այդ մասին ասում են նույնիսկ երեխաները: “Մենք Ձեզ սիրում ենք, որովհետև դուք անկեղծ եք…Դուք չեք փորձում անել մի բան, որը Ձեզ հատուկ չէ”: Կարծում եմ հաջողությանս գրավականը դա է: Եթե գրավիչ ես, չեմ կարծում, որ տարիքի հետ հմայքդ պետք է կորցնես: Պարզապես պետք է քեզ ճիշտ և բնական մատուցես”, ասում է նա:

XS
SM
MD
LG